Պատերազմ Ախթալայի մանկապիղծ օլիգարխի ունեցվածքի շուրջ

Պատերազմ Ախթալայի մանկապիղծ օլիգարխի ունեցվածքի շուրջ
Սերոբ Տեր-Պողոսյան

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որն աղմկահարույց դատավարության արդյունքում դատապարտվեց անչափահասների նկատմամբ սեքսուալ գործողությունների համար, 2014 թվականին բանտում մահացավ քաղցկեղից։

Նրա ունեցվածքը վաճառվեց պարտքերի դիմաց։ Ալավերդու եւ Ախթալայի բնակիչները հիշում են, որ Տեր-Պողոսյանի կենցաղային իրերն ու կահույքն են հանել նրա տնից՝ պարտքերի դիմաց։ Մինչ օրս նրա եղած-չեղածի շուրջ վեճերը շարունակվում են։ Վերջերս քրեական գործ է հարուցվել Սերոբ Տեր-Պողոսյանի նախկին ունեցվածքի հափշտակության վերաբերյալ։ Վարույթի հիմքում Ախթալայի կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանի բողոքն է։ Չիչյանը Սերոբ Տեր-Պողոսյանի հավատարիմ մարդկանցից է եղել։ Տեր-Պողոսյանը նրան է վաճառել Ախթալայի կոմբինատի բաժնետոմսերի 10 տոկոսը, որի վերաբերյալ ինքն ունի առքուվաճառքի պայմանագիր, եւ որը, ըստ Չիչյանի, իրենից հափշտակել են։ Սերոբ Տեր-Պողոսյանի մահից հետո Չիչյանը Տեր-Պողոսյանի ունեցվածքին առնչվող բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել։  

Տեր-Պողոսյանը վստահե՞լ է իր անվտանգության պետին

Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության նախկին պետի, նրա մտերիմ Արսեն Չիչյանի անունը եւ մականունը՝ Բոգոլ, մամուլում հնչեցին 2012 թ. օգոստոսին, Ախթալայի բարձրաստիճան հանրապետականներ Խաչիկյան եղբայրների հետ քրեական միջադեպի առիթով։ 2012-ին, քաղաքապետի ընտրություններից առաջ, Ախթալայի հանրապետական քաղաքապետի հետ անձնական հաշիվներ ունենալով, նրանց կողմից վիրավորված՝ Չիչյանն ընկերոջ հետ հարձակվել էր քաղաքապետի եղբոր տան վրա, փչացրել գույքը։ Խաչիկյաններն էլ վրեժը լուծել էին՝ ծեծի ենթարկելով Չիչյանի հարազատներին։ Հանրապետական քաղաքապետի մասով վարույթը կարճվեց, իսկ Արսեն Չիչյանը դատապարտվեց ազատազրկման, 1 տարուց ավելի նստեց ու ազատվեց համաներումով։ Ախթալայի բնակիչները պատմում են, որ Տեր-Պողոսյանն անսահման վստահել է Արսեն Չիչյանին, նրա անունով բազմաթիվ նվիրատվություններ է կատարել։ Լուրեր կան, որ վերջում նա արդեն այնքան էլ մեծ բարությամբ տրամադրված չի եղել Չիչյանի նկատմամբ եւ նույնիսկ փորձել է հետ բերել նվիրածը։ Սակայն այս լուրերը ստուգված չեն։ Փաստը մեկն է՝ որ Ախթալայի օլիգարխի մահից հետո նրա ունեցվածքի համար կատարյալ գզվռտոց է գնում։

Տեր-Պողոսյանի ունեցվածքին վերաբերող դատերն այսօր էլ ընթանում են

Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության նախկին պետը պատմում է, որ դեռ «նստած ժամանակ»՝ կալանավայրում, իրեն այցելել են փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը, որոնք նախկինում պաշտպանում էին Սերոբ Տեր-Պողոսյանին, իսկ քաղաքապետի եղբոր վրա հարձակման գործով իր պաշտպաններն էին։ «Ես դեռ նստած էի, նրանք ինձ ինչ-որ անգլերեն գրված փաստաթղթեր բերեցին, որ ես ստորագրեմ։ Ես անգլերեն չեմ իմացել, վերցրել եմ էդ թուղթը, թարգմանել եմ տվել, իմացել եմ, որ իմ բաժնետոմսերի առքուվաճառքի մասին պայմանագիր է։ Չեմ ստորագրել, բայց դուրս գալուց հետո իմացա, որ իմ բաժնեմասը վաճառել են»։ Ստացվում է, որ Չիչյանը կարող էր մեկ ստորագրությամբ, առանց նոտարական վավերացման վաճառե՞լ բաժնեմասը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը վստահեցնում է, որ դա սուտ է, ինքը ներկայում ոչ մեկին այդ գործով չի պաշտպանում եւ որեւէ առնչություն Չիչյանի հետ չունի։ «Հարց ունի ժառանգի հետ, թող ժառանգի անունը տա։ Հարց ունի Ախթալայի գնորդի հետ, թող նրա անունը տա։ Մեր անունները տալը պատվեր է»,- ասում է Վարոսյանը։   

Արսեն Չիչյանն իր իրավունքները փորձել է պաշտպանել դատական կարգով։ 2015 թվականի նոյեմբերին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ԸԻ դատարան՝ ընդդեմ գնորդի՝ «Մասկօ Մայն» ընկերության, եւ վաճառքն իրականացրած «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, գործարքն անվավեր ճանաչելու եւ փաստաթղթեր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ Նա հայտնել է դատարանին, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպես են իրեն պատկանող «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականություն հանդիսացող 182․132 բաժնետոմսերը վաճառվել առանց իր գիտության «Մասկօ Մայն» ընկերությանը։ Ախթալայի կոմբինատի նոր տերը Մաքսիմ Հակոբյանն էր՝ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալը։ Առաջին ատյանում եւ վերաքննիչում Չիչյանը պարտվել է։ «Վճռաբեկ բողոք չներկայացրեցինք, որովհետեւ արդեն պարզ էր, թե ինչ է լինելու»,- ասում է նա։

Հեղափոխությունից հետո Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության պետն արդարության հասնելու նոր հույս ունի։ Նա դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հայտնելով, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի իրեն պատկանող 10 տոկոս բաժնեմասը հափշտակել են։ «Քրեական գործ է հարուցված։ Այն Արաբկիրի քննչական բաժնի վարույթում է։ Չիչյանը ցուցմունքներ է տվել։ Փաստորեն, իր կամքից անկախ, իր բաժնեմասը վաճառել են, որի վերաբերյալ նա ո՛չ փաստաթուղթ է ստորագրել, ո՛չ էլ տեղյակ է եղել։ Նախաքննություն է ընթանում»,- ասաց Արսեն Չիչյանի փաստաբան Սիմոն Բաբայանը։

Խճճված պատմությունը պարզաբանում է փաստաբանը

Բաբայանը պարզաբանեց, որ «Ախթալա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը պատկանել են Նեւիս կղզում գրանցված մի օֆշորային ընկերության։ Դրա 90 տոկոսը պատկանել է «Նուշ հոլդինգ» ընկերությանը, որի տնօրենն առայսօր հանդիսանում է Արսեն Չիչյանը, իսկ 10 տոկոսը պատկանել է անձամբ Արսեն Չիչյանին։ «Ստեղծվում է մի իրավիճակ, երբ իրեն ասում են՝ դու այս գործարանի հետ էլ որեւէ առնչություն չունես։ Դատական գործի ընթացքում մենք պարզել ենք, որ այդ օֆշորային ընկերությունը վաճառել է իր բաժնեմասը «Մասկօ Մայն» ընկերությանը, որը որ այսօր Ախթալայի սեփականատերն է։ Ինչպես է վաճառվել, ինչ հանգամանքներում՝ որեւէ տեղեկություն չկա։ Միայն գիտենք, որ Նեւիսում գրանցված ընկերությունը վաճառել է այդ բաժնեմասը մի այլ ընկերության, որն էլ իր հերթին վաճառել է «Մասկօ մայն» ընկերությանը։ Բայց փաստը մնում է փաստ․ Արսեն Չիչյանը՝ թե՛ որպես «Նուշ հոլդինգի» տնօրեն, թե՛ որպես 10 տոկոսի սեփականատեր, չի ստորագրել որեւէ  փաստաթղթի տակ, չի օտարել այդ բաժնեմասը, ոչինչ չի արել, եւ իր կամքից անկախ՝ հայտնվել է այսպիսի իրավիճակում։ Ամեն կերպ դատական պաշտպանության դիմելով՝ նա մինչ օրս արդյունքի չի հասնում»,- նշեց Սիմոն Բաբայանը։

Չիչյանը՝ մեղադրյալ

Ըստ Արսեն Չիչյանի՝ կան նաեւ մի քանի այլ փոխկապակցված դատավարություններ։ Տեր-Պողոսյանն Արսեն Չիչյանին նաեւ գույք է թողել, այդ թվում՝ բնակարաններ Նալբանդյան փողոցում, եւ ամեն ինչ արվում է, որ այդ գույքը նա չտնօրինի։ Այս գործով Արսեն Չիչյանը դատվում է Սերոբ Տեր-Պողոսյանի ժառանգորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսյանի հետ, որի լիազոր անձը Լուսինե Սահակյանն է։ Առաջին ատյանում Չիչյանը հաղթել է, երկրորդում պարտվել է, այժմ դիմում է վճռաբեկ դատարան։ Մինչ այդ էլ Լուսինե Սահակյանն է դիմել ոստիկանություն, հայտնել, որ Չիչյանը մտել է իր գրասենյակ, ավերել այն, ինչ-որ բան փնտրել։ Քրեական գործ կա հարուցված Չիչյանի դեմ՝ ինքնիրավչության հատկանիշներով։ Ինչո՞ւ են Ախթալայի նոր տերերի, Տեր-Պողոսյանի եղբոր հետ վեճերն Արսեն Չիչյանի կողմից ընկալվում որպես պայքար իր նախկին ղեկավարի եւ նրա եղբոր փաստաբանի դեմ։  

Արսեն Չիչյանն ասում է․ «Խնդիրը նրանում չէ, որ Լուսինեն եւ Երվանդն իրենց փաստաբանի աշխատանքն են կատարում, այլ նրանում է, որ նրանք իմ փաստաբաններն են եղել, եւ այսօր կոնկրետ Լուսինեն անում է ամեն ինչ, որպեսզի ես իմ ունեցվածքը կորցնեմ»: Նրա խոսքով՝ այս խմորը շատ ջուր է վերցնելու: Լուսինե Սահակյանը սա ընկալում է որպես պատվեր իր դեմ եւ նույնպես նոր զարգացումներ է խոստանում։ Նա չցանկացավ մեկնաբանել Չիչյանի խոսքերը։ «Բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանելու նման անհեթեթություններ։ Հատկապես, որ ինձ համար ակնհայտ է, թե որ կենտրոնից է համակարգվում իմ անունը հերթական անգամ անհարկի շահարկելու այս փորձը։ Իսկ թե ով է Արսեն Չիչյանն իրականում, շատ շուտով պարզ կլինի բոլորին»,- ասում է նա։