Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Արմեն Սարգսյանին

Մեծարգո նախագահ

Մշտապես հետեւելով մեր երկրի հասարակական-քաղաքական զարգացումներին ու միջազգային անցուդարձին՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ, լինելով լայն մտահորիզոնով եւ բարձր ինտելեկտով գիտնական, օգտագործելով նաեւ անձնական մեծ կապերը, Դուք արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն եք ծավալում ինչպես մեր ներքին կյանքում, այնպես էլ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում՝ շեշտը դնելով գիտակրթական, մշակութային ու բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության խնդիրների վրա։ Օրինակ՝ բոլորովին վերջերս՝ հունիսի 6-ին, ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի միջազգային հեղինակավոր գագաթնաժողովը Ձեր անձնական ջանքերով կազմակերպվեց Հայաստանում՝ Դիլիջանում:

Մասնակիցների թվում էին Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիմպենը, Բարաք Օբամայի խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսը, Google ընկերության վաճառքի եւ արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը եւ այլք: Իսկ հունիսի 25-ին Ցյուրիխում մասնակցեցիք իսպանական Կանարյան կղզիների համալսարանի դոկտոր Գարիկ Իսրայելյանի հիմնադրած  գիտության եւ արվեստի «STARMUS» հեղինակավոր 5-րդ միջազգային փառատոնին (մասնակիցների թվում էին նաեւ շուրջ 20 նոբելյան մրցանակակիրներ): Նշեմ նաեւ, որ հաջորդ օրը Ժնեւում արժանացաք «Grans Montans» հեղինակավոր համաժողովի մրցանակին:

Այժմ՝ նամակիս բուն նպատակի մասին.  Ցյուրիխում Դուք առաջարկել եք «STARMUS» միջազգային հաջորդ փառատոնը կազմակերպել Հայաստանում: Համոզված եմ՝ այն եւս կիրականանա: Այդ առթիվ առաջարկում եմ գալիք փառատոնին հրավիրել նաեւ մեր լեգենդար հայրենակից՝ ամերիկահայ օդաչու, ինժեներ, բժշկագիտության դոկտոր, աստղագնաց (տիեզերագնաց) Ջեյմս Բաղյանին, որը երբեւէ իր պատմական հայրենիքում չի եղել: Ի դեպ, հարցազրույցներից մեկում նա ասել է՝ հպարտ է, որ երկրագնդի միակ հայն է, որ եղել է տիեզերքում: Ընդ որում՝ նա տիեզերքում եղել է երկու անգամ՝ 1989թ․ մարտի 13-18-ը՝ Discovery, եւ 1991-ի հունիսի 5-14-ը՝ Columbia տիեզերանավերով:

Թերեւս կարելի է դիտարկել նաեւ, անկախ փառատոնից,  ուղղակի հրավիրելու հարցը:
Կարծում եմ, որ մենք, թեկուզեւ ուշացումով, պետք է մեծարենք մեր նշանավոր հայրենակցին: Բացի այդ, նրա հյուրընկալության օրերին մեր երկիրը մեկ անգամ եւս կհայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ նա մեծ հետաքրքրությամբ կծանոթանա իր պատմական հայրենիքին՝ հատկապես մասնագիտության բերումով ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի՝ Գառնիի ինստիտուտի տիեզերքի թանգարանին: 

Ըստ ակադեմիկոսի էսսեներից մեկի՝ ժամանակին Գառնի են այցելել Սովետական Միության շուրջ 40 տիեզերագնացներ ու կուրսանտներ՝ «Օրիոն-2» տիեզերական աստղադիտարանն ուսումնասիրելու նպատակով: Այդ հանգամանքը, հասկանալի պատճառներով, գաղտնի է պահվել: Այժմ Ջեյմս Բաղյանը 67 տարեկան է, աշխատում է Միչիգանի համալսարանի բժշկական ինժեներիայի եւ պացիենտների անվտանգության կենտրոնի տնօրեն: 

Հուսով եմ՝ այս գաղափարը կարժանանա Ձեր հավանությանը:

Ռոման ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քաղաք Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված

Կարախանյան 50 փողոց, բն.44

հեռ․ 66-98-80, 091-36-47-79