Կորուստները կլինեն անդառնալի, եթե…

Կորուստները կլինեն անդառնալի, եթե…

Հաճախ ենք ասում, չէ՞, «բարի նախանձով եմ լցված»: Ես միշտ մտածել եմ՝ նախանձի բարին ու չարը ո՞րն է… Նախանձը էնա նախանձ է։ Ուզում ես բարի ասա, ուզում ես՝ չար։ 
Հիմա, այս պահին, բարի նախանձով եմ լցված, երբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում դիտեցի վրացական «Հարեւաններ» եւ հատկապես «Հորիզոն» ֆիլմերը: Ախր, ո՞նց չնախանձես` մենք մեծ Հայրենականում տվել ենք 4 մարշալ, հարյուրավոր գեներալներ, Խորհրդային Միության 100-ից ավելի հերոսներ` «Զինվորի հայրը» վրացիներն են նկարահանել:

Այդ կինոնկարով վրաց մեր գործընկերներն աշխարհին ասացին, որ ե՛ւ գեներալիսիմոս ունենք, ե՛ւ հաղթած զինվոր… Այդ ֆիլմով ասացին, որ Մեծ հայրենական պատերազմը գրեթե իրենց շնորհիվ է հաղթանակել: 
1937 թվականի բռնադատության տարիներին հայ ժողովրդի զինվորականության, գիտության, մշակույթի, արվեստի գործիչների գերակշիռ մասն աքսորվեց:
 «Վրացֆիլմ»-ում նրանք նկարահանեցին «Ապաշխարանք» կինոնկարը եւ աշխարհին ասացին, որ իրենք են ամենատառապյալը եւ ինչպիսի՜ հարուստ կինոլեզվով:
 Մենք ինչքան հայ անվանի ռեժիսորներ ունենք, թբիլիսյան քուրայով են անցկացել` Բեկնազարյան, Մամուլյան, Մալյան, Փարաջանով, Կուլիջանով եւ այլք։
Հիմա էլ արդեն որերորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, մեր խեղճուկրակ կինոնկարների կողքին, վրացիները ներկայացնում են ֆիլմեր եւ ասում՝ առ քեզ, մենք մեծ կինո ունեցել ենք ե՛ւ խորհրդային, ե՛ւ անկախության տարիներին։

Հիմա երկու խոսք՝ երեկվա իմ դիտած «Հարեւաններ» եւ «Հորիզոն» վրացական ֆիլմերի մասին: 
Ամեն ինչն ազգային է` սկսած վրացերեն անվանատիտրերից, խոսակցական լեզվից (բնականաբար՝ թարգմանվում է), թեմայից, ոգուց, կոլորիտից… Մերոնք վախենում են հայերենով գրել։
Եվ ամենակարեւորը՝ համամարդկային ասելիք ունեն, որը մատուցվում է կինոլեզվի բարձր իմացությամբ ու խորությամբ:
Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչու վրացիները բոլոր ժամանակներում բարձրարվեստ կինո են ունեցել:
 Պատասխանը գոնե ինձ համար շատ պարզ է` 50 տարի եփվում եմ կինոյի մեջ: 
Եթե երկու բառով ասեմ` պետական մտածողություն կամ պետական կինոմտածողություն ունեն, որը մեզանում իսպառ բացակայում է։

Մենք արդեն 30 տարի է՝ կինոյին մատների արանքով ենք նայում: Սակայն նրանց քաղաքական ղեկավարությունը վաղուց է հասկացել, որ կինոն, երբեմն, իսկական զենքից ավելի զորեղ է։  Այո, այո, դա գերագնահատանք չէ:
Անկախության տարիներին մենք մեր կինոունեցվածքը` հանրապետության 720 կինոթատրոններ ու կինոկայանքներ, ոչ թե վաճառեցինք, այլ ծախեցինք ավերումով ու թալանով: 
Կարճ ասած՝ վարվեցինք անկախության ժամանակների ոգուն համահունչ ու համաքայլ:
Մենք մեր պետական «Հայֆիլմ»-ն առանց խղճի խայթի ծախեցինք, իսկ նրանք իրենց «Վրացֆիլմ»-ին ավելացրին եւս 1 պետականը: Հիմա 3-4 պետական ստուդիա ունեն: Իսկ մենք, գլխացավանքից ազատվելու համար, «Հայֆիլմը» նորից վաճառելու շուրջ ենք մտմտում:

Մենք մեր կինոթատրոնները ծախեցինք, ինչ ասես դարձրինք՝  է՛լ ավտոսալոնների, է՛լ ապրանքների, փալաս-փուլուսների վաճառատեղի, վրացիները հիմնականում պահպանեցին իրենց կինոցուցադրման ուղղվածությունը:
Մենք ֆիլմ նկարահանելու իրավունք ու հնարավորություն տալիս էինք հեռախոսազանգերով ու ծանոթ-բարեկամներով, «Վրացֆիլմ»-ում ջոկջոկում էին շնորհալիներին ու արժանիներին, ովքեր մրցանակ ու պատիվ են բերում իրենց երկրին:
 Նրանք քաջ գիտեն, որ կինոն փոքր երկրների համար ոչ թե բիզնես է, այլ ազգն ու երկիրը ներկայացնելու հզոր միջոց: 
Ու այդպես բազում մենք ու նրանք-ներ…
Հիմա եթե մեր այս «Ոսկե ծիրան» կինոտոնի առիթով չլրջանանք ու պետականորեն հին իներցիայով շարունակենք կինոյին մատների արանքով նայել, կորուստներն անդառնալի կլինեն։
Իսկ արդի վրացական կինոն, կարծում եմ, արժանի է մեր այս կինոփառատոնի ամենապատվավոր մրցանակին:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ