«Շիրակ» հեռուստաընկերությունը լուծարեցին՝ առանց մի ցավակցական խոսքի

«Շիրակ» հեռուստաընկերությունը լուծարեցին՝ առանց մի ցավակցական խոսքի
«Շիրակ» հեռուստաընկերություն

Գյումրիում վերջին տարիներին «Շիրակ» հեռուստաընկերության վերաբացումը նոր շունչ էր հաղորդել տեղական եթերին: Չնայած անալոգային հեռարձակմանը՝ հեռուստաընկերությունն իր լսարանն ուներ: Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է:Հարցը չզեկուցվող էր: 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Հեռուստաընկերության շուրջ 6 տասնյակ աշխատակից այսօրվանից գործազուրկ է: «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ցավով է նկատում. «Գործազրկության և աղքատության ճիրաններում տառապող քաղաքում ևս 60 գործազուրկ, քաղաքի պատմության անբաժանելի մասնիկը համարվող հեռուստաընկերությունը շատ հանգիստ լուծարում են, առանց մի ցավակցական խոսքի կամ ներողության»:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ տեղեկություն ունեինք, որ հեռուստաընկերությունը փակելու նախատրամադրվածություն կա, եւ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ է կատարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ում:Այդ օրերին նաև մեր խմբագրություն էին դիմել հեռուստաընկերության աշխատակիցներից՝ ահազանգելով, որ իրենց աշխատավարձերը շարունակ ուշացնում են, արձակուրդայինները չեն վճարում եւ անհարկի կրճատումներ են անում, իսկ հեռուստատեսության ռեյտինգը վերջին շրջանում բավականին ցածր մակարդակի վրա է: Տնօրեն Արթուր Ղանդիլյանը, որը նաև «Ցայգ» հեռուստաընկերության համասեփականատերերից է, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց մոտ նույն օրենքներն են՝ ինչ հանրային հեռուստաընկերությունում, եւ չեն կարող գովազդի րոպե վաճառել, ինքնաֆինանսավորվել: Տնօրենի խոսքերով՝ իրենք պատրաստվում էին նոր եթերաշրջանի բացմանը, այն է ՝ թվային հեռարձակման անցնելուն:

«Հիմա նամակ ենք գրել վարչապետին, փորձում ենք գտնել տարբերակներ, որպեսզի թվայնացվեն մոտ 7-8 հեռուստաընկերությունները, որոնք դուրս մնացին պրոցեսից»,-դեռ այն ժանանակ նշեց «Շիրակ» հեռուստաընկերության տնօրենը:Բայց ինչպես երևում է, արդյունքն անսպասելի էր: Ավելացնենք, որ ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդին է վերապահված Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները։ Նախկինում այս հեռուստաընկերության գործունեությունը նույնպես ուղղված էր ռեժիմին ծառայելուն, եւ պատահական չէր, որ 2017-ի սեպտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը «Մովսես Խորենացու» մեդալով պարգևատրեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանին: