Զրուցելով մարդու հոգեւոր «ես»-ի հետ

Զրուցելով մարդու հոգեւոր «ես»-ի հետ

Կան ստեղծագործողներ, որոնք արվեստի աշխարհում երկարատեւ փնտրումների արդյունքում այդպես էլ չեն գտնում իրենց «ես»-ը եւ, ի վերջո, խճճվում են ուղղությունների, ոճերի, տեխնիկաների լաբիրինթոսում: Կան նաեւ այնպիսիք, որոնց ներսում ասես «արվեստ» անունով կոճակ կա, որն ի ծնե միացած է: Կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանին վստահաբար կարող ենք դասել արվեստագետների երկրորդ տեսակին: Վարպետանալով ակադեմիական, հատկապես խմբերգային երաժշտության ասպարեզում` Վահրամը նաեւ բացահայտել է ստեղծագործական նոր մի դաշտ: Նա շարունակաբար հայտնաբերում է մարդկային ձայնի հնչողության նոր հնարավորություններ` զանազան էլեկտրական սարքավորումներով առավել հարստացնելով էքսպերիմենտալ վոկալի արտահայտչամիջոցները: Ինչպե՞ս կարելի է ստանալ թռչունների, այլմոլորակայինների ձայներ եւ առհասարակ՝ հնչունային կերպարների շռայլ բազմազանություն. այս հարցերի եւ ոչ միայն դրանց շուրջ Վահրամի հետ զրուցեցի համացանցով:

- Վահրամ, կարո՞ղ եք ձեւակերպում տալ Ձեր ստեղծագործական մոտեցմանը, բանաձեւին, գուցե` հավատամքին:

- Այն մետամորֆոզի եւ շարունակական փնտրտուքի, թրծման եւ հղկման ընթացք ունեցող, բյուրավոր ներգործություններով եւ հակազդեցություններով շաղախված խճանկար է։ Սակայն եթե փորձենք ընդհանրություններ նշմարել, առանձնացնել բաղադրության հիմքում ընկած անփոփոխ ինչ-որ մի տարր, ապա առաջին հերթին դա կլինի հայ երգը, հատկապես՝ հոգեւոր երաժշտությունը, ինչպես նաեւ մարդկային ձայնը առհասարակ՝ նույնիսկ գործիքային երաժշտության համատեքստում։ Սա անկյունաքար է, որն անսասան է։ Այս հիմքի վրա ստեղծվում եւ «շնչում» է տարբեր ժամանակաշրջանների, մշակույթների եւ ոճերի «մատնահետքերով» կերտված մի կենդանի, խրթին լեզու։ Մեկ այլ համընդհանուր սկզբունք կարող եմ նշել. դա ունկնդրի ընկալման եւ ճանաչման շրջանակներն ընդլայնելու, իր հետ երկխոսության մեկնարկի կարեւորումն է, ինչպես նաեւ մարդկային լսողության ֆիզիոլոգիական եւ հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելը: Ինքնուրույն եւ ինքնաբավ կոնցեպտներ եւ կառուցվածքներ գեներացնելու փոխարեն ես փորձում եմ տարբեր երաժշտական արտահայտչամիջոցներով կապ հաստատել եւ զրուցել մարդու հոգեւոր «ես»-ի հետ։

- Ձեր ակադեմիական ստեղծագործություններում առանձնանում են ինչպես հայ բանաստեղծների խոսքերով գրված խմբերգերը, հայկական միջնադարյան հոգեւոր երգերի մշակումները, այնպես էլ եվրոպական բազմաձայն արվեստին խորապես տիրապետելու եւ 21-րդ դարի տեսանկյունից ներկայացնելու դրսեւորումները: Ինչպե՞ս ստացվեց, որ դիմեցիք ոչ պակաս հետաքրքրական, բայց սկզբունքայնորեն տարբերվող ոլորտի` իմպրովիզացիոն արվեստին:

 - Իմպրովիզացիոն սկզբունքը սեպված է ստեղծագործական աշխատանքի հիմքում։ Նույնիսկ ամենայն մանրամասնությամբ նոտագրված երաժշտությունը (եթե այն չի հետեւում նախապես նշագծված ինչ-որ հստակ ձեւակազմության) ստեղծվում է իմպրովիզացիայի արդյունքում։ Այն կարող է հնչել մտքում միայն, կարող է վերածվել նվագի բազում տարբերակների, որոնցից բնական ընտրության միջոցով թղթին է հանձնվում ամենաանբռնազբոս տարբերակը։ Ժողովրդական երգից, նույնիսկ շարականից մինչեւ կորեական պանսորի, պիգմեյների պոլիֆոնիկ երգեցողությունից մինչեւ Բոբբի ՄըքՖերրըն. բոլորն այս կամ այն չափով իմպրովիզացիայի դրսեւորումներ են պարունակում։ Այդ իմաստով արվեստի այս տեսակը միշտ հանդիսացել է իմ ստեղծագործության կարեւոր առանցքներից մեկը։ Վերջին 5 տարիների ընթացքում, սակայն, իմպրովիզացիան վերածվեց ինձ համար մի առանձին գործունեության։ Ամեն բան սկսվեց սեփական ձայնիս հետ որոշ փորձարարություններ իրականացնելուց։ Արդյունքում բացվեց մի անսահման դաշտ, եթե չասեմ՝ տիեզերք, որ է ժամանակակից էքսպերիմենտալ վոկալը։

Իրականում մարդկային ձայնն իր մեջ պարունակում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների ինչ-որ առանձնահատկություններ եւ դրանով հանդիսանում է ամենաունիվերսալ ակուստիկ գործիքը։ Դասական երաժշտության համատեքստում, սակայն, վոկալ երաժշտությունը մնում է ամենակոնսերվատիվ ոլորտներից մեկը։ Նույնիսկ ամենանորարար համարվող կոմպոզիտորներից շատերը չափազանց զգուշավորություն են դրսեւորում, երբ գործը հասնում է վոկալի համար ստեղծագործելուն։ Սա, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր եւս, բայց մեծ դեր են խաղում ոլորտի կոնսերվատիզմը, երգիչներից շատերի վախը փորձարարությունների նկատմամբ, «ճիշտ» եւ «սխալ» երգելու հասկացությունները։ Ես այս խնդիրը չունեմ, քանի որ վոկալիստ չեմ՝ խոսքիս ավանդական իմաստով։ Բացի դրանից, որքան շատ ես ուսումնասիրում տարբեր ժամանակների, տարբեր մշակույթների վոկալ արվեստը, այնքան ավելի պարզ է դառնում, որ մենք այս գործիքի հնարավորությունների չնչին մասն անգամ չենք կիրառում… Իհարկե, շատ կարեւոր է այս պրոցեսի մեջ չկորցնել նաեւ գլխավորը՝ բուն երաժշտական նյութն ու ասելիքը, որը երբեք կատարողական տեխնիկայի բազմազանությամբ ու նորարարությամբ չես փոխարինի։

- Անդրադառնանք մեկ այլ կարեւոր հարցի եւս. Որպես հայ կոմպոզիտոր՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում Կանադայում: Ընկալված լինելու եւ առաջխաղացման ի՞նչ հեռանկարներ կան:

- Մոնրեալի երաժշտական կյանքը շատ բազմազան է եւ խայտաբղետ։ Այն էապես տարբերվում է Կանադայի մյուս քաղաքներից իր հասարակության՝ արվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունքով եւ յուրահատուկ մշակութային ակտիվ միկրոկլիմայով։ Այստեղ կարծես ամեն 2-րդն արվեստով է զբաղվում, գրեթե ամեն օր ժամանակակից արվեստի որեւէ միջոցառում է տեղի ունենում։ Սակայն, ինչպես բոլոր մեծ քաղաքներում, դժվարություն կա քեզ գտնելու եւ դրսեւորելու այդ ակտիվության ու բազմազանության մեջ։ Առաջին տարիների ընթացքում ապրելով Կանադայում՝ գրեթե անմասն էի այստեղի կյանքին, շարունակում էի համագործակցել եվրոպական ու ամերիկյան տարբեր կառույցների եւ երաժիշտների հետ։ Սակայն ինքնաբերաբար, ժամանակի ընթացքում քեզ սկսում են ճանաչել, սկսում ես ծանոթանալ, հասկանալ քաղաքի, երկրի առանձնահատկությունները։ Այժմ ինձ Մոնրեալի երաժշտական հասարակության լիարժեք մասնիկ եմ համարում, բայց ժամանակի խիստ սղության պատճառով ձգտում եմ շփվել ինձ համար հետաքրքիր, ասելիք ունեցող արվեստագետների հետ միայն։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Կանադա տեղափոխվելու դերն ու ազդեցությունն իմ ստեղծագործական աճի վրա ահռելի են, հատկապես ստեղծագործական ազատության՝ բնական, օրգանական դրսեւորումների իմաստով։

Զրուցեց երաժշտագետ Հասմիկ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ