Որ դեպքում է ամենից լավ հակակորոնավիրուսային իմունիտետը ձեւավորվում

Որ դեպքում է ամենից լավ հակակորոնավիրուսային իմունիտետը ձեւավորվում

Հակակորոնավիրուսային իմունիտետն ամենից լավ ձեւավորվում է այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով եւ ապաքինվել, ընդ որում, հիվանդությունն ընթացել է միջին ծանրությամբ, ի տարբերություն թեթեւ եւ ծանր ընթացով հիվանդությունը հաղթահարածների։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ռուս համաճարակաբան Ալեքսանդր Սեմյոնովը։

«Պարզվել է, որ մարդիկ, ովքեր կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացել են շատ թեթեւ կամ շատ ծանր տարբերակով, կամ առհասարակ իմունիտետ չեն ունենում կորոնավիրուսի դեմ, կամ հակամարմինները, որոնք ձեւավորվում են, չափազանց քիչ են։ Ամենաշատ հակամարմինները այն մարդկանց մոտ է, ովքեր հիվանդությունը հաղթահարել են միջին ծանրության ընթացքով, մի փոքր ավել, մի փոքր պակաս, սակայն առանց կյանքի համար վտանգի առկայության»,- ասել է գիտնականը։

Սեմյոնովը նաեւ ասել է, որ համաձայն չէ այն բանի հետ, որ հակամարմիններ ներարկեն այն պացիենտներին, ովքեր ծանր կերպով են տանում կորոնավիրուսային հիվանդությունը, եւ չի ընդունում այն պնդումը, որ դրանով պացիենտին կօգնեն հիվանդության դեմ ավելի արդյունավետ պայքարել։ Նա կարծում է, որ դա կարելի է անել միայն հիվանդության նախնական փուլերի ժամանակ։ Միաժամանակ նաեւ ասել է, որ դեռ հայտնի չէ, թե որ փուլում են հակակորոնավիրուսային հակամարմինները պահպանվում օրգանիզմի մեջ։