Մարդիկ Փաշինյանին չէին սիրում, այլ պարզապես ատում էին Սերժ Սարգսյանին

Մարդիկ Փաշինյանին չէին սիրում, այլ պարզապես ատում էին Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ինքնավստահությունն իհարկե տարակուսելի է։ Տիրապետող է այն մտայնությունը, թե մեկ անգամ հաղթելու դեպքում անընդհատ կարելի է հաղթել։ Չհիմնավորված վստահությունն այնքան մեծ է, որ նույնիսկ քաղաքական տեխնոլոգիաներն ու մոտեցումներն են նույնը մնացել։ Այսինքն ոչ հռետորաբանությունն է փոխվել և ոչ էլ հանրության հետ փոխհարաբերվելու կերպը, քանի որ Փաշինյանն այն համոզմունքն ունի, որ մոտեցումն այդ պետք է մշտապես ընկալելի լինի քաղաքացիների համար։ 

Ինքնավստահության աղբյուրը հեղափոխական այն էմոցիոնալ տրամադրություններն են, որոնք մի ժամանակ եղել են։ Չգիտես ինչու վարչապետին թվում է, թե այդ համաժողովրդական հեղափոխականությունը մինչ օրս կառուցակազմիկ տեսք ունի, բայց այս հարցում նա վստահաբար սխալվում է։ Ճիշտ է, հեղափոխության հիշողությունը դեռևս թարմ է, բայց վստահաբար հանրային տրամադրություններն այլևս այն չեն, ինչ 2018 թ․-ի ապրիլին։ Մարդիկ փոխվել են և այդ փոփոխության հետ իմքայլականները ստիպված են առերեսվել, եթե ոչ այսօր, ապա վաղը։ 

Ավելին, վարչապետն այս պարագայում այնքան նաիվ է, որ կարծում է, թե հանրությունը սիրում է իրեն և խորհրդանիշի իր կարգավիճակը կարող է մշտապես որպես հաղթաթուղթ ներկայացվել։ Իհարկե սա մտայնություն է, քանի որ հանրությունը երբեք չի սիրել Փաշինյանին, չի սիրում և չի էլ սիրելու։ Ընդհանրապես հանրային տրամադրությունները չափազանց անկայուն են ու իռացիոնալ։ Դրանք ակնթարթային բնույթ ունեն և ամեն պահ կարող են փոխվել։ Իսկ այս պարագայում մարդիկ ոչ թե Փաշինյանին էին սիրում, այլ պարզապես ատում էին Սերժ Սարգսյանին։ Այսինքն սերը լիցքավորվում էր ատելության հաշվին՝ ուղիղ հակադրության իմաստով։ Բայց ատելության թիրախն այլևս անցյալում է, այսինքն չկա մեկը որին կարելի է ատել և դրանից ելնելով կասկածի տակ է առնվում նաև այն հանրային սերը, որը կար վարչապետ Փաշինյանի նկատմամբ։ 

Փաստացի ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարող «էլիտայի» իրականության վերաբերյալ պատկերացումները խիստ տարբերվում են հանրային պատկերացումներից։ Եթե իշխանությունը օր օրի էլ ավելի է խրվում հեղափոխական կոնֆորմիզմի ճահճի մեջ, ապա հանրային միջավայրում հեղափոխականությունը աստիճանաբար անկում է ապրում և մարդիկ հեղափոխական փոփոխություններ են ակնկալում։ Այս անհամապատասխանությունը իհարկե լրջագույն մարտահրավեր է, որը ըստ պատշաճի չի ընկալվում և ինչ-որ մի օր անցանկալի հետևանքների է հանգեցնելու։ Պարզապես համակարգը չի կարող արդյունավետ աշխատել համանման խզման պարագայում, խզում, որն աստիճանաբար փոխակերպվում է խորը անդունդի։