Քոչարի նատյուրմորտը հանեցին, որովհետև կժի կանթը նման էր Ստալինի քթին

Քոչարի նատյուրմորտը հանեցին, որովհետև կժի կանթը նման էր Ստալինի քթին

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը:

Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում։ Գիրքը Գայանե Առաքելյանի մեկ տասնամյակից ավելի տեւած հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: 

Ինչպես գրքի հեղինակն է ընդգծում՝ իր հիմնական նպատակն է եղել լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող Անդրանիկ Քոչարի (1919-1984 թթ.) մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը եւ ցույց տալ նրա նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: 

«Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն:

Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը տարողունակ է ու հայկական, այն ունի թե՛ փաստագրական, թե՛ գեղարվեստական մեծ նշանակություն, եւ, ինչպես մեծերն են նրան բնորոշել, Անդրանիկ Քոչարն իսկական նկարիչ է, որից պետք է սովորել։ Անդրանիկ Քոչարի գործունեությամբ Հայաստանում ձեւավորվեց եւ սկիզբ առավ գեղարվեստական լուսանկարչությունը, նա ստեղծեց դպրոց եւ տվեց բազմաթիվ աշակերտներ»,- ասում է գրքի հեղինակը։

Անդրանիկ Քոչարի դպրոցի շարունակողներից եւ աշակերտներից է նաեւ նրա որդին՝ լուսանկարիչ Վահան Քոչարը։ Նա հիշում է, որ հայրը խորհուրդ էր տալիս լուսանկարչության մեջ հմտանալ նախ նատյուրմորտներ նկարելով, որովհետեւ դրանք չենք շարժվում, եւ դու կարող ես ազատորեն միտք, կոմպոզիցիա եւ լույս դնել, ինչն էլ իր հերթին նպաստում է ճաշակի ձեւավորմանը։ Ասում է՝ հայրն առանձնապես խորհուրդներ չէր տալիս, մի տան մեջ ապրելով՝ նրանից յուրացրել է լուսանկարչական արվեստի բոլոր նրբությունները։

Վահան Քոչարը պատրաստվում է, լուսանկարչի 100 ամյակին ընդառաջ, առանձին գրքով հրատարակել Անդրանիկ Քոչարի հուշերը, որոնք մի շրջան կորած էր համարում․ «Հայրիկի հուշերը հիմնականում հայ գրողներին էին վերաբերում, որոնք նա պատրաստվում էր հրատարակել մամուլով, ես դրանք կորած էի համարում, բայց մի օր պատահաբար գտա քրոջս կողմից մեքենագրված այդ էջերը, եւ այս պահի դրությամբ 126 էջ կապված-պատրաստ է»։

 Արվեստաբան Մարտին Միքայելյանն էլ իր խոսքում նշեց, որ Քոչարի արվեստը մատչելի չէ, եւ ամեն մարդ չէ, որ այդ ճաշակը կունենա ու միանգամից կուղղվի դեպի նրա արվեստը։ «Նրա լավագույն գործերը սեւ ու սպիտակ աշխատանքներն են, թեպետ հետո տեսանք, թե գունավորի մեջ ինչեր կարող է անել։ Ինչու նա ներգաղթեց Հայաստան. որովհետեւ բարձր ճաշակի տեր էր։

Նա ցանկացած երկրում կարող էր թագավորի պես ապրել, փառք ու պատիվ ունենալ եւ չտեսնել այն նեղությունները, տառապանքները, որ տեսավ հայրենիքում, բայց գերադասեց գալ Հայաստան։ Նա չափազանց գեղեցիկ կյանք ունեցավ, ես տեսա, թե ինչպես մի ցուցահանդեսի ժամանակ իրեն գրկեց Երվանդ Քոչարը եւ գրքի վրա գրեց․ փոքր Քոչարից՝ մեծ Քոչարին՝ ակնածանքով, ու ստորագրեց՝ Երվանդ Քոչար։ Ես տեսել եմ, թե ինչպես էր նա թափառում Փարաջանովի հետ․ իրար հետ խոսելով, ժպտալով՝ ման էին գալիս»։  

Բանախոսներից մեկն էլ հիշեց, որ ցուցահանդեսներից մեկի ժամանակ հանել են Քոչարի նատյուրմորտներից մեկը՝ պատճառաբանելով, թե կժի կանթը նման է Ստալինի քթին։  
Գրքի գիտական խմբագիր Սեյրանուշ Մանուկյանն էլ նկատեց, որ Քոչարը մեծ է՝ ոչ միայն այն պատճառով, որ տիրապետում է լուսանկարչական տարբեր տեխնիկաների, այլեւ այն, որ մեծ արվեստագետ է, եւ հենց այդ տեսանկյունն է, որ դարձել է գրքի հիմնաքարը։ 

Հայ լուսանկարչության պատմության մեջ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց: Նա կարեւոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում: Հավաքելով աշխարհի հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները՝ առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը: Անդրանիկ Քոչարի ժառանգությունը, որ ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին եւ բաղկացած է մարդկային կյանքի արժեքավոր պահերից, պատմության մաս է կազմում՝ մեզ ներկայացնելով այդ ժամանակաշրջանի շոշափելի ներկայությունը: