Էրեբունի փողոցում 60-70 բուդկա եմ քանդել, ինչ անեծքի ասես՝ արժանացել եմ

Էրեբունի փողոցում 60-70 բուդկա եմ քանդել, ինչ անեծքի ասես՝ արժանացել եմ

Երեւանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի շենքի հարակից սրճարանների, ապօրինի շինությունների  ապամոնտաժումը, որի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի եւ երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է։ Երեւանի քաղաքապետարանի այդ «հեղափոխական» նախաձեռնությունը հարուցել է սրճարանատերերի եւ աշխատակիցների զայրույթը, որոնք վախենում են գործազուրկ մնալու հեռանկարից։ 
Տարիներ շարունակ մամուլում եղել են հրապարակումներ այն մասին, որ Օպերայի շենքի հարակից տարածքում եղել են ապօրինի շինթույլտվություններ, նախկին իշխանությունների հետ համագործակցած, նրանց օրոք պաշտոններ զբաղեցրած անձանց են թույլ տվել կանաչ տարածքների հաշվին կառուցել սրճարաններ։ Եվ հիմա նոր իշխանությունները փորձում են կանաչ տարածքները վերադարձնել հանրությանը։

1998-99թթ․ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե իր օրոք եղե՞լ են շինթույտվություններ, եթե այո, ապա ո՞ր տարածքներում։

«Ես Կենտրոնում ոչ մեկի ոչ մի թույլտվություն չեմ տվել։ Այսքան տարիների հեռվից․․․ համենայնդեպս ես մտածել եմ, որ եթե ինչ-որ բանի թույլտվություն տալիս եմ, ապա այդ օբյեկտը պետք է ծառայի քաղաքին, ոչ թե քաղաքը՝ տվյալ օբյեկտին։ Այդ փիլիսոփայությունը իմ կողմից պահպանվել է։ Կոնկրետ հասցեներով չեն հիշում, բայց համենայնդեպս, ես շատ էի կարեւորում քաղաքի շահերն ու էկոլոգիան»,- հիշում է Սուրեն Աբրահամյանը։

Երեւանի նախկին քաղաքապետը հիշում է նաեւ, որ ինքն իր գործունեությունը սկսել է քանդելով՝ միայն Էրեբունի փողոցում 60-70 բուդկա է քանդել, նույնն արել է Աբովյան փողոցում, ինչի պատճառով էլ արժանացել է տարբեր անեծքների։

«Քաղաքի նկատմամբ անօրինականությունները, վակխանալիան սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Հիշո՞ւմ եք նրա հայտնի խոսքը՝ փողի վրա նստած փող ես ուզում։  Դրանից հետո սկսվեց քաղաքի առեւտուրը։ Ամենամեծ մեղքը այդ՝ առաջին հայացքից ոչինչ չասող արտահայտությունն էր։ Հետո սկսեցին քաղաքի տարածքներն աճուրդով ծախել,  եւ վերջում ունեցանք խեղված քաղաքը։ Բոլորիս մեղքն էլ կա դրանում, բայց մեկը պե՞տք է հանձն առներ այդ սխալն ուղղելու գործընթացը։ Գնահատականները, թե ոնց կլիներ, որ ճիշտ լիներ, տակտիկական խնդիրներ են։ Ցավոք սրտի, այդ կարգի գործողությունները դիմադրությամբ են գնում առաջ։ Միշտ կարելի է բացատրել, կարելի է փոխզիջման գնալ, նրանց շահը հաշվի առնել եւ այլն։ Բայց այն, որ ասում են՝ աման,  աշխատատեղեր, թույլ մեկնաբանություն է,  եւ կարծես թե հրահրված գործողություններ են։

Սովորական մահկանացուների՝ երեւանցիների  շահերը այդ գործողությունների մեջ չեն տեղավորվում։ Միգուցե պետք է իրենց ավելի շատ բացատրել, քննարկման թեմա դարձնել այդ ամենը, քաղաքապետարանը պետք է ինչ-որ ձեւով փոխհատուցի այդ վնասները, բայց որ մի օր այդ կառույցներին պետք է անդրադառնային՝ միանշանակ է։ Այնպես որ՝ նախորդների սխալները մեկ անգամ չէ, որ հատկապես Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ իրենց զգացնել են տալու»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։