Վրացական «բոլոլա»՝ օր 20-րդ. լարին հակառեկորդներ է սահմանում

Վրացական «բոլոլա»՝ օր 20-րդ. լարին հակառեկորդներ է սահմանում

20 օր է անցել այն պահից, երբ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը, եւ սկսվեց վրաց ժողովրդի հակառուս հատվածի ընդվզումը։ Այսօր արդեն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, Թբիլիսիում 18 հազարից ավելի ռետինե փամփուշտ է կրակվել, մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել, լարին 2 անգամ արժեզրկվել է, իսկ ընդդիմությունն էլ Վրաստանի իշխանություններին մեղադրում է «հայրենիքը դավաճանելու» մեջ։

Վրաստանում ցայսօր շարունակվող այս «բոլոլան» կարծես թե հիմնավորում է հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի օրեր առաջ արած դիտարկումը, որ Վրաստանի խոսնակի աթոռը հիշեցնում է Ֆրանց Ֆերդինանդին ուղղված կրակոցը, որից Առաջին համաշխարհային պատերազմը ծագեց։
Բացի այն, որ Վրաստանում այսօր գրեթե բոլորը փողոցում են՝ ԼԳԲՏ համայնքից մինչեւ ազգայնականներ՝ ամեն տեսակի պահանջներով, ռուսական տնտեսական պատժամիջոցները սկսել են ազդել Վրաստանի տնտեսության վրա։

Մեզ հետ զրույցում Սամցխե-Ջավախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը հայտնեց, որ այս ընթացքում՝ հուլիսի 7-ից հետո,  իրավիճակ է փոխվել, երբ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը, որը փորձում էր հունիսի 20-ին Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռում հայտնվելու փաստն օգտագործել երկրում հեղափոխություն իրականացնելու համար, մի քանի օր անց սադրանք իրականացրեց լրագրող Գեորգի Գաբունիայի «շուրթերով»։

Այվազյանը հայտնեց․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին Գաբունիայի սկանդալային հայտարարությունները լուրջ մտահոգության պատճառ են դարձել Վրաստանի իշխանությունների եւ հասարակության մի մասի մոտ։ Մինչեւ այդ, արդեն Վրաստանում ծանր էին տանում այն փաստը, որ հուլիսի 8-ից դադարելու էին ավիափոխադրումները ՌԴ-ից դեպի Վրաստան։ Դա արդեն իսկ ազդել է երկրի տնտեսության վրա, ինչի պատճառով լարիի փոխարժեքը խիստ նվազել էր»։
Թեեւ Այվազյանը հայտնեց, թե հուլիսի 9-ի համեմատությամբ այսօր լարին ինչ-ինչ դրական շարժ է արձանագրում, վրացական պարբերականներն այսպիսի վերնագրեր ունեն․ «Լարին հակառեկորդներ է սահմանում» կամ՝ «Լարին նոր հակառեկորդներ է սահմանում»։

Երեկ Վրաստանի ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 2,9096 լարի (երեկ գործող փոխարժեքը՝ 2,8320 լարի)։
Գաբունիայի՝ եթերով հայհոյելու հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդուման օրինագիծ է մշակում վրացական գինու եւ հանքային ջրերի ներկրումը Վրաստանից սահմանափակելու, ինչպես նաեւ ֆինանսական փոխադրումների սահմանափակում մտցնելու մասին։

Ըստ Այվազյանի՝ միայն ֆինանսական փոխանցումների սահմանափակումից Վրաստանը կրելու է մոտ 170 միլիոն դոլարի վնաս։ Սակայն սա, թերեւս, չեղարկված է, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձ կատարելով նշեց, որ Վրաստանի հանրությունն իրեն ճիշտ պահեց այդ սկանդալային հայտարարությունից հետո։ ՌԴ նախագահի հայտարարությունն էլ դրական են գնահատել Վրաստանի վարչապետը, նախագահը, ինչպես նաեւ ԱԳՆ-ն։ Սամցխե-Ջավախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրենն ամփոփում է, որ Գաբունիայի սադրանքը չստացվեց, որովհետեւ Ռուսաստանում հասկացան, որ սադրանքի հետեւում կանգնած էր ոչ թե վրաց ժողովուրդը, այլ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը։


Վրաց վերլուծաբան, Վրաստանի ԿԳ նախկին պաշտոնյա Գեորգի Նոդիան եւս «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց․ «Փողոցում կանգնած մարդկանց, բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական մասը խիստ բացասաբար է անդրադառնում Սահակաշվիլուն եւ նրանից դիստանցվում է։ Եվ կարելի է ասել, որ նախաձեռնությունը նրանից վերցրել են»։

Այնուամենայնիվ, չարդարացնելով Գաբունիային, պարոն Նոդիան ասում է, որ Վրաստանում նրա հայհոյանքն օգտագործվեց ընդդիմադիր հեռուստաալիքը փակելու եւ ռուսամետ ուժերի «կոնտրազդեցության» համար։ Գեորգի Նոդիան, ի պատասխան հարցին, թե կա՞ երկրում կայունացման որեւէ նշան, ասում է․ «Վրաստանում շարունակվելու են հանրահավաքները։ Սա եւս որոշ առումով կայունություն է, եթե հաշվի առնենք, որ ամեն օր երեկոյան 19-ին հանրահավաք է։ Դրանք դադարեցնել դեռ ոչ ոք չի պատրաստվում»։

Վրաց վերլուծաբանի ամփոփմամբ՝ միջադեպը դեռեւս սպառված չէ, սակայն չի կարելի խոսել նաեւ համընդհանուր ապակայունացման մասին։ Դիտարկմանը, որ Վրաստանում, հատկապես Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները բավականին անհանգստացած են, եւ հնարավո՞ր է այս ամենի արդյունքում փակվեն տրանսպորտային կոմունիկացիաները, վրաց փորձագետը թերահավատությամբ արձագանքեց։

Նա եւս հիշեց Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին, հիշեց Լավրովի երեկվա հայտարարությունը, որ միգուցե ավիաթռիչքների արգելքը չեղարկվի։ Նրա գնահատմամբ՝ սրա պատճառն այն է, որ Ռուսաստանում, թերեւս, հասկանում են, որ ավելի լավ է, որ Վրաստանում իշխանության չգա ՌԴ-ի նկատմամբ շատ ավելի արմատական ընդդիմությունը եւ մնա ավելի չափավոր դիրքորոշում ունեցող իշխանությունը։