Ոստիկանությունը կոծկում է ծեծը

 Ոստիկանությունը կոծկում է ծեծը

Մեզ տեղեկատվություն փոխանցեցին, որ երեկ Ստեփանակերտում Արցախի նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Կոմիտաս Կարապետյանի որդին ծեծել է գործարար Սեյրան Արզումանյանի տղային, որը ծանր վիճակում է, գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Սակայն պատահարի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել։ 

Մենք փորձեցինք ոստիկանությունից ճշտել՝ ահազանգ ստացե՞լ են այս միջադեպ վերաբերյալ եւ ինչու չի զետեղված այս դեպքը ոստիկանական հաղորդագրություններում։ Մեզ առաջարկեցին դիմել Արցախի ոստիկանություն։ Մեր պնդումներին, թե տղան տեղափոխվել է Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում է, իսկ հիվանդանոցներից սովորաբար նման միջադեպերի մասին ոստիկանություն են ահազանգում, այնտեղից իրենք ահազանգ չե՞ն ստացել։ Ոստիկանության լրատվական ծառայությունը կրկին պնդեց, որ դիմենք Արցախի ոստիկանություն։ 

Արցախի Հանրապետության ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ցանկացած միջադեպի վերաբերյալ իրենք հաղորդագրություն են տարածում, եթե չեն տարածել, ապա նման միջադեպ տեղի չի ունեցել․ «Բոլոր դեպքերը մենք անմիջապես տեղադրում ենք մեր պաշտոնական կայքում՝ պահպանելով անմեղության կանխավարկածը», ասացին մեզ։