Հանգիստ մեր կյանքով ապրենք. Արմեն Գեւորգյանը ժամանեց դատարան (տեսանյութ)

Հանգիստ մեր կյանքով ապրենք. Արմեն Գեւորգյանը ժամանեց դատարան (տեսանյութ)

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր։ Նա լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում։ Մնացած բոլոր պարզաբանումները կներկայացնեն իմ պաշտպանները նիստից հետո»։

Անդրադառնալով հարցին, թե դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, Գեւորգյանն ասաց. «Եկեք ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»։ Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Նշենք, որ այսօր դատարանը քննում է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: