Կառավարության օպտիմալացումը դեռ խարխափում է անորոշության մեջ

Կառավարության օպտիմալացումը դեռ խարխափում է անորոշության մեջ

Չնայած դեռ տարեվերջին հայտարարվեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին, ըստ որի՝ որոշ նախարարություններ պետք է միավորվեին, նրանց աշխատակիցներից ոմանք էլ կրճատվեին, սակայն առ այսօր այդ հարցում դեռ չկա որոշակիություն։ Հայտնի չէ նաեւ, թե երբ է վերջապես լուծվելու կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը։  Տարեվերջին  լուծարվող սփյուռքի նախարարության աշխատակիցները մի թեթեւ բողոքեցին, կրթության եւ գիտության նախարարության հետ միավորվող մշակույթի նախարարության աշխատակիցներին էլ  էր մտահոգում իրենց ճակատագիրը, նրանք էլ բողոքեցին, ու՝ վերջ։
Այն ժամանակ ասվում էր, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման կդրվի 2019-ի հունվարի սկզբներին։ 

Նոր Ազգային ժողովի ձեւավորումից հետո նշանակվեցին կամ վերանշանակվեցին նախարարներից նրանք, որոնց գլխավորած գերատեսչությունները չպետք է միավորվեին։ Իսկ ահա կառավարության կայքում՝ gov.am-ում,  «թափուր»  են մնացել այն նախարարների պաշտոնները, որոնց ղեկավարած նախարարությունները պետք է միավորվեն։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է լինի օրենսդրական նախաձեռնություն, օրենքը փոխվի, որ ամեն ինչ հստակ լինի։
Թե երբ պետք է լինի այդ օրենսդրական նախաձեռնությունը, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց՝ երբ կառավարությունը ներկայացնի։

Դեռեւս չմիավորված նախարարություններում թեեւ նշանակված չեն նախարարները, սակայն կան նրանց փոխարինող պաշտոնակատարներ։ Վլադիմիր Կարապետյանը խորհուրդ տվեց մուտք գործել այդ նախարարությունների պաշտոնական կայքէջեր եւ ծանոթանալ նրանց։ Նաեւ ասաց, որ նրանք ամբողջ ծավալով կատարում են իրենց վերապահված աշխատանքը։ Մուտք գործեցինք եւ ծանոթացանք։ 
Մշակույթի նախարարի պաշտոնակատարը մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն է, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը Գաբրիել Ղազարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը Գարեգին Բաղրամյանն է, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարաը՝ Արտակ Քամալյանը, սփյուռքի նախարարի պարտականությունները կատարում է Բաբկեն Տեր-Գրիգորյանը։ 

Քանի ՞ աշխատակից է կրճատվել, ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են եղել։
«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի 12 նախարարություն, ես այս պահին դա կարող եմ ասել։ Ամեն ինչ ընթացքի մեջ է»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե միավորվող նախարարությունների դեպքում ըստ ոլորտների քանի՞ փոխնախարար է լինելու, ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքեց․ «Քանի դեռ վերջնական պատկերը չկա, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել»։