Երբ երկրիդ ղեկավարը խոսում է փողոցային բառապաշարով

Երբ երկրիդ ղեկավարը խոսում է փողոցային բառապաշարով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել իր «ոսկեղենիկ» հայերենով: Նրա բառաֆոնդից կարելի է ենթադրել, որ բառերից շատերը նման են քրեական ենթամշակույթ կրող անձի բառերին, եւ, հավանաբար, Փաշինյանը դրանք սովորել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու հիմա էլ շռայլորեն մատուցում է հպարտներիս: ԱԺ-ում նրա վերջին ելույթը, կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, դարձյալ համեմված էր ոչ եթերային բառաֆոնդով, ինչը,  առնվազն, անհարգալից վերաբերմունք է հասարակության հանդեպ:

4 երեխաների հայր Փաշինյանը մոռանո՞ւմ է, որ իր խոսքը կարող են լսել նաեւ երեխաներ, անչափահասներ, որոնք կարող են հեշտությամբ սերտել իր բառապաշարը եւ առօրյայում կիրառել այն: Սա նման է իրավիճակի, երբ ընտանիքի գլուխը՝ տղամարդը, հայրը, չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը, ինչ անում է, վատ է ստացվում, ընտանիքի եղած բյուջեն էլ ափեղ-ցփեղ վատնում է այս ու այն կողմ ու երբ տուն է գալիս փողոցից, սկսում է վրեժ լուծել ընտանիքի անդամներից ու նրանց հետ խոսել կեղտոտ բառապաշարով,  հոխորտալ, սպառնալ, որ եթե իր արածները չհավանեն, իր ասածները չանեն, ապա… աստված գիտի, թե ինչ կանի նրանց հետ… թաթիկներ, ասֆալտ, պատեր, նվաստացնել…

Փաշինյանն իր փողոցային բառապաշարով արդեն հատում է բոլոր կարմիր գծերը, եւ ժամանակն է, որ սթափվի ու հասկանա, որ երկրի առաջին դեմքն է, իսկ ԱԺ ամբիոնը եւ կառավարության նիստերի դահլիճը «Կիսաբաց լուսամուտների» հաղորդման տաղավարը չեն, որ ով ասես գա ու ինչ ասես խոսի: Ի տարբերություն Փաշինյանի հայտարարությունների, «Կիսաբաց լուսամուտների» ընթացքում Հրաչ Մուրադյանը սաստում է եթերի հյուրերին, եթե նրանք սկսում են ոչ պատշաճ պահել իրենց, անպարկեշտ բառեր օգտագործել: Իսկ անվտանգության աշխատակիցները միջամտում են եւ նման հյուրերին դուրս հրավիրում, եթե նրանք կորցնում են հավասարակշռությունն ու ադեկվատությունը: Մինչդեռ Փաշինյանի նմանօրինակ պահվածքի ու խոսքերի դեմը ոչ ոք չի առնում: Փաշինյանն ուզում է փակել «Կիսաբաց լուսամուտները», հավանաբար, մտածելով, որ մեկ «Կիսաբաց լուսամուտը»՝ իր վարմամբ, բավարար է Հայաստանի նման փոքր երկրին: 

Փաշինյանի պահվածքին համահունչ են նաեւ իր համար ստեղծված ֆեյքերը, որոնք ակնհայտորեն բացվել են իշխանության կողմից՝ իշխանությանը գովերգելու եւ ընդդիմախոսներին հայհոյելու համար: Դրանցից շատերը հենց Փաշինյանի լուսանկարներով են, եւ դրանց տակ ինչե՜ր ասես գրվում է: Իսկ թե ինչպիսին են եւ ինչ բառաֆոնդ ունեն փաշինյանական ֆեյքերը, գիտեն բոլոր նրանք, ովքեր համարձակվում են թթու խոսք ասել Փաշինյանի հասցեին: 

ՀԳ․ Այս իրավիճակում Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած խոսքը բավականին «բարեկիրթ» է Փաշինյանի ու իր ֆեյքերի արտահայտչամիջոցների համեմատ: