Հարցազրույց

«Հրապարակ». Այս մարդիկ ասում են` կա՛մ մեզ հեռացրեք, կա՛մ մենք ձեզ դժոխք ու կառափնարան ենք տանելու

«Հրապարակ». Այս մարդիկ ասում են` կա՛մ մեզ հեռացրեք, կա՛մ մենք ձեզ դժոխք ու կառափնարան ենք տանելու

«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Մարջան Ավետիսյանն է:

- Երկրում մոլեգնում են ռեպրեսիվ գործողությունները, վարչապետի հրամանով գործարարներ, հոգեւորականներ, ընդդիմադիր երիտասարդներ են կալանավորվում, սեփականություն է խլվում, իսկ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցնում հակաեկեղեցական արշավը, շարունակ հայտարարում է, որ բարձրաստիճան հոգեւորականներն անբարո վարքագիծ ունեն, խախտել են կուսակրոնության ուխտը, ուստի պետք է հեռանան: Կարծիք կա, որ Եկեղեցու դեմ գրոհը Փաշինյանն իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղորդմամբ: Ձեր կարծիքով` ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում այժմ:

- Ես այս ամենը հստակ կապում եմ Փաշազադե կոչվածի հայտարարությունների հետ, հակված չեմ մտածելու, որ Փաշինյանն ինքնուրույն է գործում: Նա մեկնեց Թուրքիա, վերադարձավ եւ ավելի ագրեսիվ գրոհ սկսեց Եկեղեցու դեմ: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Եթե կարողանում ես մի փոքր գոնե հասկանալ, թե ժամանակագրական առումով ով որտեղ, երբ, ինչ ասաց, եւ հետո ինչ պատահեց, հստակ հասկանում ես, թե ինչ է կատարվում իրականում: Սրբազանների կալանավորումները նույնպես պատահական չեն: Նրանց իբրեւ ռազմական հեղաշրջում անելու մեջ են մեղադրում, ինչը նույնպես պատահականություն չէ, կրկին դրսից է ուղղորդվել:

- Շատ հայտնիների հասարակությունը մեղադրում է չափազանց կրավորական լինելու մեջ: Կարծիք կա, որ հատկապես «Տաշիր» մրցանակաբաշխությանը մասնակցած արտիստները պարտավոր էին սատար կանգնել քաղաքական բանտարկյալ Սամվել Կարապետյանին:

- Երդվում եմ, ես էլ էի առաջներում շատ մեղադրում նրանց, անգամ երբեմն շատ կոպիտ ձեւով էի մեղադրում, բայց հիմա հասկանում եմ նաեւ լռողներին: Շատերն իրոք վախենում են: Վարչապետն ու իր կինը մարդկանց դնում են ուղիղ թիրախի տակ: Այս մարդիկ, իշխանություն լինելով հանդերձ, այնքան մանրախնդիր են, որ պատկերացնելն անգամ դժվար է: Ես կարող եմ չվախենալ, ինձ նման մի քանիսը` նույնպես: Ես իմ հարցազրույցների ժամանակ անգամ լռողներին վիրավորելու աստիճան նեղացրել եմ, այնպես եմ քննադատել, բայց այսօր արդեն ոչ մեկին չեմ մեղադրում: Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում` այսպես մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր: Ես խոսում եմ, իմ հարեւանները, կոլեգաները խոսում են, ի՞նչ է փոխվում դրանից: Այս մարդը հստակ գնում է իր ճանապարհով: Այո, շատերը մեղադրում են մշակույթի մարդկանց, բայց այստեղ շատ կարեւոր է ընդդիմության գործոնը: Եթե ընդդիմությունը չի առաջնորդելու մեզ, ոչինչ չի առաջարկելու, մենք այս մասին պետք է շատ լուրջ մտահոգվենք: Մեզ առաջնորդ է պետք: Այն, ինչ անում է Նիկոլը, մենք՝ բոլորս, վաղուց ենք հասկացել, բայց թե ինչ է անում ընդդիմությունը, այ, դա չենք հասկանում: Սա ամենացավոտն է: Ես չգիտեմ՝ մենք կտեսնե՞նք Աստծո պատիժը՝ սրբազանների հետ այսպես վարվելու համար, բայց որ լինելու է այդ պատիժը, դրանում վստահ եմ հարյուր տոկոսով:

- Հավատո՞ւմ եք, որ Բագրատ սրբազանն իշխանության դեմ տեռոր է նախապատրաստել:

- Եթե հիմքը ձայնագրություններն են, ապա, վստահաբար, հնարավոր է ինչ-որ խառը խոսակցություններ իրար կպցնել եւ սարքել մարդկանց գլխին: Իրենցից սպասելի է, մենք շատ ենք նման բաներ տեսել: Ինչ ասես՝ մեր ժամանակներում կարելի է անել: Միայն արհեստական բանականությունն ամեն բան կարող է սարքել, էլ չենք խոսում մյուս ծրագրերի եւ հնարավորությունների մասին:

- Իսկ Սամվել Կարապետյանին կալանքի տանելը, իրավապահների ոչ իրավաչափ գործողություններն ինչի՞ մասին են….

- Այնպես, ինչպես սրբազաններին կալանքի տանելը չեն մարսելու, այդպես էլ Սամվել Կարապետյանին կալանավորելը չեն մարսելու: Հանիրավի, անտեղի, ինչի՞ համար: Կարապետյանն է՞լ էր ռազմական հեղաշրջման կոչեր արել, որ նրա հետ էլ այդպես վարվեցին: Մարդն ընդամենը ասել էր, որ ինքն իր ձեւերով է հարցին միջամտելու: Եկեք չմոռանանք, որ նա երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հայերենի հետ խնդիր ունի, հիմնականում ռուսերեն է խոսում եւ կարող է ասել մի բան, ինչը փոքր-ինչ այլ իմաստ ունի: Էլ չենք խոսում այն բառապաշարի մասին, որ կիրառում է այդ զույգը: Ուղղակի այլանդակություն է: Երեւի Դոգի էլեկտորատին ուզում են իրենց դաշտ բերել, հույսները մնացել է այդ մի քանի տոկոսը, հավանաբար: Երբեմն ինձ թվում է, որ այս մարդն ամեն օր մտածված այնպիսի քայլեր է անում, որ մարդիկ պայքարի դուրս գան: Տպավորություն է, թե ասում է` եկեք ինձ հանեք վարչապետի աթոռից: Մյուս կողմից էլ վստահ եմ, որ նա, տեսնելով այս ամենը, մեծագույն հաճույք է ստանում: Արցախը հանձնվեց, ԱԱԾ տնօրենն իր տեղում էր, սակայն հիմա արի ու տես, որ նրան հեռացրեց աշխատանքից…. նա սիրում է արյան գետեր, դաժանություն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրամաններ է տվել Աբազյանին, որ նա հրաժարվել է կատարել: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Ես քայքայվում եմ այս ամենը տեսնելով: Այս մարդիկ անելիք չունեն, ասում են` կա՛մ մեզ հեռացրեք, կա՛մ մենք ձեզ դժոխք, ավելի ճիշտ` կառափնարան ենք տանում:

- Տեսակետ կա, որ Եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը բավականին մեղմ են պատասխանում իշխանությունների վիրավորանքներին, որ պատշաճ չեն հակադարձում….

- Ես այն կարծիքին եմ, որ չպետք է իջնել Նիկոլին հավասար ցեխի մեջ: Նա ցեխի մեջ է, ես չեմ պատկերացնում՝ կաթողիկոսը կամ, առհասարակ` եկեղեցականը ի՞նչ կարող է ասել սրան: Եթե այս մարդը ոչինչ չի խնայում, եթե սրբազան հայրերին տանում է կալանքի, նրանց եկեղեցական աստիճանը չի խոչընդոտում նման քայլ անելու համար, դա նշանակում է, որ չկան սահմաններ այս արարածի համար: Նա չի կարող որեւէ մեկին խնայել: Չենք ուզում այլեւս տեսնել նման կադրեր, ի սեր Աստծո, չենք ուզում: Ինչ ասես՝ խոսում է, գոնե նոր ֆիզիկական բռնություններ չտեսնենք: Սրիկայի հետ երբեք չի կարելի երկխոսել, նա անգամ իրեն լավություն արած մարդկանց չի խնայում, պատժում է, էլ ուր մնաց՝ եկեղեցականներին խնայի: Չեմ անիծում, բայց սրանք Աստծուց ստանալու են իրենց պատիժը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image