Արամ Հարությունյանի գործով դատարան կգա Սիլվա Համբարձումյանը

Արամ Հարությունյանի գործով դատարան կգա Սիլվա Համբարձումյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննում էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը նշեց, որ տեսակետները ներկայացրել են, նիստը շարունակվելու է մարտի տասներկուսին, ժամը տասնյոթին. «Քննիչն ասաց, որ Սիլվա Համբարձումյանն ուզում է գալ, այսինքն՝ թո գա: Ինքը ներկա է լինելու: Պիտի գործը կարճված մնար, դատախազի որոշումը սխալ ա, որ բացել»:

Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: