Բարեկեցության ձգտումը

Բարեկեցության ձգտումը

Երբ ամիսներ առաջ հայտարարում էին, որ մենաշնորհները մեզանում վերացել են, կոռուպցիան արմատախիլ է արվել, հավասար ու արդար մրցակցային պայմաններ են ստեղծվել, պետական ապարատում էլ այլեւս փող չեն աշխատում, իսկ նոր իշխանությունը մաքուր եւ անկաշառ իշխանություն է, շատերը թերահավատ էին, որ այսքան արագ  կարողացանք լուծել մեր առջեւ կանգնած կարեւոր խնդիրները։

Մենաշնորհները նորից ծլարձակելու, կոռուպցիան փյունիկի պես հառնելու, իսկ անկաշառությունը՝ որպես ժամանակավոր երեւույթ, վերանալու վատ հատկություն ունեն։ Ինչ-որ փուլում, իհարկե, մարդիկ կարող են ոգեւորվել եւ անկաշառ ու անփող աշխատել։ Կարող են նաեւ վախենալ պաշտոնը, կարգավիճակը կորցնելու վտանգից եւ զսպել իրենց։ Բայց արդարության, ազնվության եւ հավասարության սկզբունքները մի օրում չեն հաստատվում, այլ երկար տարիների ջանքերով։ Այնպես որ՝ հետհեղափոխական էյֆորիան անցնելու էր, մարդկային ագահության եւ արագ հարստանալու մղումներն իրենց սեւ գործն անեին։

Հիմա աջուձախից տարբեր պատմություններ ենք լսում։ Չենք ասում, որ երիտասարդ հեղափոխականներն այնքան են ապականվել, որ արդեն հավասարվել են մինչեւ ուղնուծուծը կոռումպացված նախկին իշխանություններին, բայց այդ օրն էլ հեռու չէ։ Մարդկային բնույթն է այդպիսին։ Ո՞վ չի ուզում լավ ապրել, աշխարհով մեկ ման գալ, շքեղ հյուրանոցներում հանգրվանել, թանկ մեքենաներ վարել, խավիար ուտել եւ «Շանել» հագնել։

Բայց դրան հասնելու տարբեր ճանապարհներ կան։ Մեկը դրան հասնում է քրտնաջան եւ տասնամյակների վաստակի արդյունքում՝ միայն հասուն տարիքում։ Մյուսը՝ փողոցից արագորեն իշխանական կաբինետներում հայտնվելու՝ ճիշտ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու, անհրաժեշտ պահին հարկավոր տեղում հայտնվելու եւ ֆորտունայի շնորհիվ՝ առանց մեծ ջանքերի։