Թող դատի տա, ես էլ իրեն դատի կտամ (տեսանյութ)

Թող դատի տա, ես էլ իրեն դատի կտամ (տեսանյութ)

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն օրերս փակել է միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը։ Ինչի առիթով երեկ Սահակյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայտարարեց, որ իր խմբի փակումը համարում է անձնական վրեժխնդրություն, քանի որ «գաղտնի գրախոսի» կարգավիճակում գրախոսել է Վահան Տեր- Ղեւոնդյանի ատենախոսությունը, որն անհրաժեշտ պայման էր տնօրենի պաշտոնում առաջադրվելու համար, բայց իր անձը գաղտնազերծվել է, ինչը օրենքի խախտում է։ 

Սահակյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ Տեր- Ղեւոնդյանին, քանի որ նա իրեն մեղադրել է, որ շանտաժով, խաբեությամբ ճնշում է գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, ինչի արդյունքում էլ բացվել է այդ խումբը․ «Դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, եթե ոչ՝ դատարանում»,-ասել էր Արծրունի Սահակյանը:   

Արդեն այսօր լրագրողներին հանդիպեց նաեւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր- Ղեւոնդյանը, որը նույն ոճով հակադարձեց Արծրունի Սահակյանին․ «Թող դատի տա, ես էլ իրեն դատի կտամ։ Նա թերթերում անընդհատ գրել է հոդվածներ փորձելով վարկաբեկել այն գործը, որ ես արել եմ, այսինքն իմ դոկտորական ատենախոսությունը։ Բայց սա գեղեցիկ չէ, որովհետեւ կան բաներ, որ ինձանից, Արծրուն Սահակյանից բարձր են, դա մեր Մատենադարանն է ու մեր ազգային արժեքները, չի կարելի այդպես էժանագին, կենցաղային լեզվակռվի կամ ճղճիմ խոսակցության մակարդակով զրույցներ վարել ու աջուձախ հարզացրույցներ տալ՝ ասելով բաներ, որ եթե ես դրանց չեմ պատասխանում, մարդկանց թվում է՝ այդպես էլ կա, եթե պատասխանում ես՝ իջնում ես իր մակարդակին»։  

Նա մանրամասնեց նաեւ իր ատենախոսության գնահատման կարգը ու թե ինչ մարդիկ են կարծիքներ հայտնել ատենախոսության վերաբերյալ․ «Իմ «Կիլիկյան Հայաստանը եւ Այուբյան պետությունները» ատենախոսությունը արժանացել է 3 ընդդիմախոսների բարձր գնահատականին․ Ազատ Բոզոյանը, որը Կիլիկյան Հայաստանի պատմության խոշորագույն մասնագետն է, Արման Եղիազարյանը, որը Բագրատունյաց շրջանի մեր խոշորագույն մասնագետներից մեկն է եւ Հայրապետ Մարգարյանը, որը մոնղոլական շրջանի Հայաստանի պատմության համար առաջին մասնագետն է աշխարհում»։   

Մատենադարանի տնօրենը նկատում է՝ եթե ուզենար նրանից վրեժ լուծել ինչ- ինչ հանգամանքներից ելնելով, ապա դրա լայն հնարավորություններն ուներ․ «Անցյալ տարվա վերջին ավարտվում էր նրա գիտական թեմայի կատարման ժամկետը եւ նա չէր ավարտել իր աշխատանքը եւ դիմելով խնդրեց, որ մի տարով հետաձգեմ, ես կարող էի շատ հանգիստ ժամկետը չերկարաձգել եւ ասել՝ ազատ եք։ Ես դա չեմ արել, երկարացրել եմ իր ժամկետը՝ հնարավորություն տալով ավարտել իր պլանային գիտական թեման։ 2-րդ․ անցյալ տարվա ցուցանիշներով նա սովարականից շատ, ես կասեի՝ բավականին մեծ թվով բացակայություններ է ունեցել։ Եթե ուզենայի անձնական խնդիր լուծել կամ հաշվեհարդար տեսնել, ապա դուք գիտեք ցանկացած տնօրենի անգամ մեկ անհարգելի բացակայությունը հնարավարություն է տալիս մարդուն ազատել գործից կամ առնվազն նկատողություն տալ, բայց ես դա չեմ արել։ Եւ 3-րդ․ մեկ ու կես տարի առաջ նա մի գիրք գրեց՝ մենագրություն, չունեինք հրատարակման համար համապատասխան միջոցներ, ես ինքս դիմել եմ բարերարին, նույնիսկ կրկնակի անգամ եմ դիմել, որ ավելացնի գումար, որովհետեւ ուզում էր տպաքանակը մեծանա, կազմը պինդ լինի։ Ահա ձեզ 3 փաստ, որը ցույց է տալիս, որ ես որեւէ հաշվեհարդար այդ անձի հանդեպ չեմ արել եւ ցանկություն էլ չունեմ, պարզապես սրանք կառուցվածքային փոփոխություններ են, որոնք թելադրված են գիտական եւ կազմակերական անհրաժեշտությամբ»։