Ասում եմ, կարող է՝ «Նաջարյանը փոշմանել ա»

Ասում եմ, կարող է՝ «Նաջարյանը փոշմանել ա»

ՀՀ  վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ՝ աղետի գոտու խնդիրների ուսումնասիրման և առաջարկությունների պատրաստման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Միայն Գյումրիում այսօր 2000-ից ավել վագոն- տնակ կա: Նախորդ ամիս տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում որոշում կայացվեց.

«1. ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման համաձայն իրականացված՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների` ըստ մարզերի և համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու պատճառների մասին տեղեկատվության (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային խմբերի ուսումնասիրությունների և հետազոտությունների) հավաքագրման և ամփոփման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու նպատակով`

1) ստեղծել աշխատանքային խումբ.

2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը»:

Աշխատանքային խմբի անդամ է նաև Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը։ Մասնակցելով առաջին նիստին, եւ քաջատեղյակ լինելով անօթևանների խնդիրներին՝ հանդիպմանը բազմաթիվ առաջարկություններով է հանդես եկել: Կենտրոնի նախագահը հատկապես առաարկել է հանդիպումներն անցկացնել արտագնա՝ աղետի գոտու համայնքներում: Աշխատանքային խմբի հանդիպման ղեկավարի և մասնակիցների կողմից առաջարկությունը ընդունվել է, և հաջորդ հանդիպումը, հավանաբար մեկ ամսից կայանալու էր Գյումրիում:

Վահան Թումասյանն այսօր մտահոգություն է հայտնում. « Աշխատանքային խմբից վաղուց «խեր-խաբար» չկա: Ասում եմ, կաող է՝ «Նաջարյանը փոշմանել ա»:

Ի դեպ, անցած 3 ամիսներին ընդամենը մեկ նիստ է գումարվել... » ,-տեղեկացնում է նա:

Նշենք, որ տնակների բնակիչներն էլ հույսով սպասում ենք, որ գան, հաշվառեն, ծանոթանան պատմություններին․․․․․

Հ. Գ. Վահան Թումասյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ  ՀՀ  քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը արձագանքել է իր մտահոգությանը. 

«Հարգելի պարոն Թումասյան, 
Շատ գնահատում ենք խնդրի վերաբերյալ Ձեր մշտական ուշադրությունն ու սրտացավությունը: 
Գիտեք, որ Ձեր մասնակցությամբ աշխատանքային խմբի նախորդ հանդիպմանը որոշվեց առավել առարկայական քննարկումներ ունենալու նպատակով մեկամսյա ժամկետում մարզերն ապահովեն անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո կկազմակերպվի հաջորդ հանդիպումը: 
Բոլորիս համատեղ ջանքերն ուղղված են ՀՀ վարչապետի որոշմամբ առաջադրված խնդիրների (որոնց առավելագույն սեղմ ժամկետում կանոնակարգելու անհրաժեշտությունն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրով) վերաբերյալ սահմանված ժամկետում գործուն առաջարկությունների փաթեթի մշակմանը: 
Ամենայն հարգանքով»: