Չեն ցանկանում հետ վերցնել իրենց հողերը Հովիկ Աբրահամյանից

Չեն ցանկանում հետ վերցնել իրենց հողերը Հովիկ Աբրահամյանից

Թավշյա հեղափոխության բռունցքն արդեն մեկ տարի է՝ պտտվում է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավերեւում։ Անցյալ տարի Քննչական կոմիտեն սկսեց նրա կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ գործ քննել։

Նախկին վարչապետին մեղադրեցին այն բանի համար, որ նա փորձել է «Ավազահատիկ» հանքարդյունահանող ընկերության բաժնեմասերի 60 տոկոսին տիրանալ՝ սպառնալով, որ եթե դրանք իրեն չտրվեն, հանքերը չեն շահագործվի։ Դա անցյալ տարվա սեպտեմբերն էր։ Նախկին վարչապետը, որը վիրտուալ աշխարհից հեռու մարդ է, գրառում կատարեց հայտնի համացանցի իր էջին․ «ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին եւ ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին»։

Այս գործը սահուն կերպով վերաճեց մեկ այլ գործի՝ ՀՔԾ-ն նախաքննության ընթացքում բացահայտեց, որ 15 հողակտոր՝ Դիլիջանում,  Մխչյանում, Նարեկում, առանց աճուրդների, կեղծված փաստաթղթերով վաճառվել են Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց։

Օրերս հայտնի դարձավ, որ հողակտորների տերերի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված ժամկետներն անցել են, դեպքերի մի մասն էլ համաներման տակ է ընկնում։

«Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,- հուլիսի 6-ին հաղորդել էր ՀՔԾ-ն:

Այժմ հողակտորների տերերն ազատվել են պատասխանատվությունից, բայց նրանք պետք է իրենց հողակտորները հանձնեն պետությանը։ Այսպես է որոշել ՀՔԾ-ն՝ որոշումների օրինակներն ուղարկելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։

Վարչական ակտերն առոչինչ են ճանաչվելու, եւ նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան եւ Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց է նախաձեռնվելու։  Քանի որ ապօրինի աճուրդներով վաճառվել են համայնքին պատկանող հողերը, համայնքին է հասցվել վնաս, հետեւապես, պատշաճ հայցվոր են հանդիսանում հենց համայնքները:  

«Համայնքային նշանակության սեփականության հետ կապված խնդիրների դեպքում, եթե չարդարացնող հիմքով է կարճվում քրգործը կամ քրեական հետապնդումը դադարեցվում, կամ չիրականացվում, օրինակ՝ վաղեմությունն անցած լինելու, համայնքը՝ ինքը, կարող է քաղաքացիադատավարական կարգով հայց հարուցելու նախաձեռնություն ցուցաբերել»,- «Հրապարակին» հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ «այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում դա չի արել, ապա նաեւ կիրառվում են դատախազական ներգործության միջոցներ տեղական ինքնակառավարման մարմնի՝ հայց հարուցելու իրենց պարտականությունը չկատարած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ», - ասում է Աբրահամյանը։

Սա նշանակում է, որ համայնքները պետք է դիմեն դատարան եւ ժամանակին աճուրդով վերցված հողերը հետ պահանջեն։  Համայնքապետերը դեռ չեն ստացել պաշտոնական գրություններ նախարարությունից։  Պատրաստվո՞ւմ են արդյոք համայնքապետերը դիմել այս քայլին։

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանն ասաց, որ չի պատրաստվում դիմել դատարան։ «Նախ, դատախազությունն իրավունք չունի բեկանելու աճուրդները։ Իրենք պետք է գործ հարուցեն, գնա դատարան, դատարանը որոշի։ Օրենքը սա է պահանջում։ Եթե բանը հասնի նրան, որ մեզ առաջարկեն դիմել դատարան, մենք չենք դիմի։ Մեր ժողովուրդն աշխատում է այդ մարդու մոտ։ Աշխատատեղ է ստեղծված։ Այն ժամանակ ամայի հող էր, փուշ էր աճում։ Մենք ուրախ ենք, որ եկել են, տնօրինում են, հարկերը վճարում են, ու մեր գյուղից էլ 20 հոգի աշխատում են այդ մարդու մոտ»,- ասաց Գարուշ Հակոբյանը։

Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն էլ մեր հարցին պատասխանեց, որ դատարան դիմելու համար օրենսդրական հիմքեր են պետք։ «Բաց կա այդտեղ»։ Կդիմե՞ք, թե՞ ոչ։ «Ես չեմ ուզի դիմել դատարան,- ասաց Խաչիկ Պողոսյանը,- բայց կարծում եմ, որ սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար։ Իմ ուզել-չուզելով չի»։ Հիշեցնենք, որ խոսքն ահռելի տարածքների մասին է՝ Մխչյանում 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով եւ 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասի, իսկ Նարեկում՝ 90 հա մակերեսով վարելահողի եւ 30 հա մակերեսով արոտավայրի:

Հետապնդումը դադարեցվել է հողակտորների սեփականատերերի մասով։ «Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը կարճված չէ։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը։