Ես հիմա պատրաստ չեմ էդ հարցին պատասխանել

Ես հիմա պատրաստ չեմ էդ հարցին պատասխանել

ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել, որ մի հատ էլ որոշեն՝ ով է լինելու իրենց խմբակցության ղեկավարը, ով՝ քարտուղարը, ում կառաջադրեն որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու և այլն։ «Որևէ հարց չի քննարկվել։ Ես Ձեզ ամենայն վստահությամբ ասում եմ՝ ինչ, որ շրջանառվում է մամուլում՝ անուններ և այլն, այդ բոլորն ընդամենը, ի՞նչ ասեմ, լրատվական ուղղորդված հոսքեր են, անգամ սկզբունքների շուրջ դեռևս քննարկում չի եղել»- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանն ու առանց մեր հարցին սպասելու՝ շտապեց հերքել մամուլի տեղեկությունները։

Իսկ մամուլում, հիշեցնենք, օրերս տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է՝ այս անգամ Միքայել Մելքումյանի փոխարեն Նաիրա Զոհրաբյանը դառնա ԱԺ երրորդ փոխնախագահը։

-Ի՞նչն է ուղղորդված, տիկին Զոհրաբյան, որ Դո՞ւք եք լինելու ԱԺ փոխնախագահ։

-Ես ասում եմ՝ իմ մասով ինչ անուն դրվում է շրջանառության մեջ, էդ անձերից որևէ մեկի հետ և ընդհանրապես քննարկում․․․ դա անգամ սկզբունքի հետ կապված չի եղել, անգամ քննարկում չի եղել, թե որ հանձնաժողովներն են լինելու ԲՀԿ-ինը։ Ես կարծում եմ, որ հունվարի 14-ին կլինի առաջին նիստը, ոչ՝ ավելի շուտ, էնպես որ, բավարար ժամանակ կա էդ բոլոր հարցերը քննարկելու։

-Արդեն խոսակցություն կա, որ հնարավոր է՝ վարչապետի թեկնածություն չառաջադրվի, և Նիկոլ Փաշինյանն ուղղակի վերանշանակվի։

-Ուրեմն, ես որքան հասկացա, սահմանադրորեն դա հնարավոր տարբերակ է՝ հաշվի առնելով իրենց բացարձակ մեծամասնությունը։

-Իսկ քաղաքական առումով ճի՞շտ եք համարում։

-Ես հիմա պատրաստ չեմ էդ հարցին պատասխանել, որովհետև դեռևս որևէ քննարկում չի եղել։