Այն, ինչ տեղի է ունենում, դիակապտություն է

Այն, ինչ տեղի է ունենում, դիակապտություն է

«Հրապարակի» հարցազրույցը Աղասի Ենոքյանի հետ
 
-Պարոն Ենոքյան, գրել էիք՝ «ես ճիշտ ե՞մ հասկացել, որ այս խառը ժամանակներում նորից պարգևավճարներ են բաժանվել»։ Եթե սա հաստատվի, ի՞նչ գնահատական կտաք։ Սա ի՞նչ է կոչվում։
 
-Մի բառով սա կարելի է բնութագրել որպես դիակապտություն։ Խոսքը ամենեւին էլ այն մասին չէ, որ սրանք որեւէ բան չեն արել որ պարգեւի արժանանան։ Ասում են, թե պատգամավորները այդ գումարները պետք է փոխանցեն համաճարակի դեմ պայքարի հիմնադրամին։ Կրկին ազնիվ չէ՝ այսինքն, իրենք ենթադրում են, որ պարգեւի են արժանացել, հիմա էլ մեծահոգաբար նվիրում են այդ պարգեւը։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ՔՊ-ն 200 մլն․ գումար հավաքեց։ Ի՞նչ եղավ այդ գումարը՝ հանրաքվեն էլ փչվեց-գնաց։ Ե՞րբ պետք է «Քաղաքացիական պայմանագիրը» հասկանա, որ քաղաքացիների հետ պայմանագիր է կնքել ընտրությունների ժամանակ ստացած քվեների տեսքով եւ սկսի կատարել պայմանագրի իր կողմը՝ մտածի ժողովրդի մասին։
 
Այն իրավիճակում, որ հիմա հայտնվել է ժողովորւդը, երբ շատերն արդեն տարրական սննդի հարց չեն կարողանում լուծել, երբ երկրում տնտեսական կոլապս է, երբ բողոքում են, թե կորոնավիրուսի թեստերը թանկ են, դրա համար քիչ են օգատգործում, երբ համաճարակը բուժելու համար շատ ու շատ սարքավորումների պակաս ունենք, երբ ամենապարզ հարցերը չեն լուծվում, պարգեւավճար ստանալը պարզապես ժանտախտի ժամանակ խրախճանք է, ուրիշների դժվարությունների ժամանակ վերջին կաշին քերթել է նշանակում։
 
-Եթե Նիկոլ Փաշինյանը զանգեր, ասեր՝ Նիկոլն է Փաշինյան , ի՞նչ կասեիք։
 
-Չէի խոսա հետը։ Արդեն նրան ասելու բան չկա՝ գոնե գրական բառապաշարով, իսկ հայհոյանք աշխատում եմ չօգտագործել։
 
-Մյուս կողմից, կառավարությունը ինչ-որ լուծումներ անում է՝ 300 միլիարդից օգնություններ բիզնեսին, 80 տոոկսը զարգացման ծրագրեր և այլն։ Հիմա բոլորը ասում են՝ սա զիջեք, այն, ինչպես կարո՞ղ է զիջել։
 
Հիմա Հայաստանում բիզնեսի մասին մտածելու ժամանակը չէ։ Նման որոշումները կամ անադեկվատության, կամ կրկին գանձագողության մասին են վկայում։ Համոզված եմ, որ օգնությունները կրկին կստանան իշխանությունների սիրելի բիզնեսմենները, եւ տրամաբանությունն էլ ասում է, որ իշխանությունները դրանից պետք է համապատասխան ատկատները վերցնեն՝ կրկին դիակապտություն։ Հիմա, այս կարանտինի պայմաններում առաջնակարգ խնդիրը պետք է լինի մարդկանց տարրական կենսապահովման հարցերը լուծելը եւ համաճարակի դեմն առնելը։
 
Ես լսում եմ այն մասին, թե եթե մարդիկ ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն նրանց չենք կարող օգնել։ Այսինքն ինչ՝ թողնենք մեռնե՞ն։ Հիմա բացարձակ հաշվառման կամ ՀԴՄ-ների մասին մտածելու ժամանակ չէ, հիմա խնդիրը շատ պարզ է դրված՝ գոյատեւելու հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար։ Մենք պետք է նաեւ հասկանանք, որ հիմա գտնվում ենք համաճարակի նախնական փուլում։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ 1-1,5 ամիս հետո իրավիճակը բազմապատիկ ավելի ծանր է լինելու։ Պետք է պատրաստվել այդ վիճակին, ոչ թե ինչ-որ բիզնեսների զարգացման ծրագրեր «մշակել»։
 
-Կորոնավիուսի այս ժամանակներում իշխանության կողմնակիցները գովում են կառավարությանն ու ԱՆ նախարարին՝ ողջամիտ, պատասխանատու գործելու ընթացքում։ Առհասարակ, տարօինակ չէ՞ր, որ գոնե հընթացս սա արվեր, արդյունքներից հետո, պարզվեր՝ քանիսը բուժվեցին, քանիսը մահացան, արդյոք մենք այս համաճարակի ժամանակ կգործենք կազմակերպված։
 
-Հայաստանի եւ համանման երկրների, հարեւան երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ մենք ամենաապիկար արձագանքը տվեցինք համաճարակին։ Չեմ ուզում առողջապահության նախարարի մասին խոսել, նման որոշումներ ընդունելու մեջ նա շատ մանր ֆիգուր է։
 
Հայաստանում համաճարակի կանխումը ստորադասվեց քաղաքական նպատակներին եւ անլրջությանը։ Եթե իշխանությունները ժամանակին դադարեցնեին Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու համազգային գործը, դեպի Միլան էժան թռիչքները, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակում էին, որ մեր համաքաղաքացիները սկսել են շատ ավելի լավ ապրել, դադարեցնեին բազմաթիվ այլ էժանագույն PR ակցիաներ, ապա մենք շատ ավելի վաղ ու ադեքվատ լուծոմներ կունենայինք՝ ավելի քիչ հիվանդներով ու ավելի քիչ մահերով։
 
Մենք անգամ այսօր ենք տեսնում, որ կորոնավիրուսի համաճարակը կրկին քաղաքական նպատակների է ծառայեցվում։ ԱԺ-ում հիմա քննարկվող հեռախոսալսումների եւ անձնական հետապնդումների մասին օրենքը այդ մասին է վկայում։ Ակնհայտ է, որ իշխանությունները չունեն համաճարակի տարածումը կանխելու համար համատարած հետեւլու տեխնիկական եւ կազմակերպական ռեսուրսներ։ Իրականում այս համակարգը օգտագործվելու է ընտրովի, ինչ-որ մարդկանց դեմ, ովքեր իշխանությունները համարում են իրենց համար վտանգավոր։
 
 -Կա կարծիք, որ կորոնավիորսւը դուրս է մղել անգամ արտաքին քաղաքականոթյունը։ Սա լավ է և վատ։ Արցախյան հակամարտության կարգավորման հետին պլան գնալու միտում տեսնու՞մ եք, բնականաբար նաև լարվածոթյան նվազում։
 
-Չեմ ընդունում այդ կարծիքը։ Համոզված եմ, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ մեր մյուս թշնամիները ուշադիր հետեւում են Հայաստանի զարգացումներին, որպեսզի հարմար պահին այն օգտագործեն իրենց խնդիրների լուծման համար՝ ի հաշիվ մեր անվտանգության։