Ո՞ր հանքերն են ֆինանսավորում բնապահպանական շարժումներ. շրջակա միջավայրի նախարարի անսպասելի հայտարարությունը

Ո՞ր հանքերն են ֆինանսավորում բնապահպանական շարժումներ. շրջակա միջավայրի նախարարի անսպասելի հայտարարությունը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ մի ուշագրավ դիտարկում կատարեց՝ մասնավորապես հայտարարելով, որ որոշ բնապահպաններ, ակտիվիստներ, մեդիա ռեսուրսներ, խմբեր և գիտնականներ սնվում և ֆինանսավորվում են տարբեր հանքարդյունաբերողներից կամ այլ կառույցներից: Կան, ըստ նախարարի, նաև ազնիվ մղումներով բնապահպանական մտահոգություններ, որնք չեն ուղղորդվում:

Հետաքրքիր է հատկապես, թե հանքարդյունաբերողներից սնվող ի՞նչ ակտիվիստների ու բնապահպանների մասին էր խոսում Կառավարության ներկայացուցիչը, և ում դեմ են պայքարում այդ ակտիվիստները: Եթե կառավարության ներկայացուցիչը տիրապետում է տեղեկատվության, որ որոշ ակտիվիստներ ու բնապահպաններ ուղղորդվում են  հանքարդյունաբերական ընկերություններից, թերևս պետության տնտեսական անվտանգության խնդիր է նման դեպքերը բացահայտելը: Նախորդ ամռանը Լիդիան Արմենիան մի տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր Ամուլսարի ճանապարները փակած ակտիվիստներին այցելության եկած մեկ այլ խոշոր հանքի մեքենան: Երեկ շրջակա միջավայրի նախարարը փաստորեն հաստատեց, որ բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում գոնե դեպքերի մի մասում ուղղորդված է:  Սակայն նախարարը այդպես էլ չբացահայտեց, թե ում նկատի ուներ: 

Նախարարը՝ որպես այն Կառավարության ներկայացուցիչ, որն արդեն մեկ տարի փորձում է լուծել Ամուլսարի հարցը՝ դրա վրա պետական բյուջեից ծախսելով մեծածավալ ռեսուրսներ, ինչո՞ւ չի հրապարակում իր ունեցած տեղեկատվությունը, եթե որոշ ակտիվիստների ուղղորդված լինելու մասին կասկածներ ունի: Դրա փոխարեն, բնապահպանության համար պատասխանատու գերատեսչությունը արդեն մեկ տարի Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը համարում է քննչական կոմիտեի գործը, և թույլ է տալիս, որ պետությունը գուցե և ուղղորդված բնապահպանական օրակարգի համար անվերջ պատասխաններ փնտրի: Կամ, գուցե հենց Ամուլսարի դեմ պայքարողնե՞րն են այն անկեղծ մղումներով պայքարողները, որոնց մասին խոսում է նախարարը: Ուրեմն հարկ է բացահայտել, թե այդ ո՞ր բնապահպանական պայքարներն են ո՛չ անկեղծ մղումներով, և ո՞վ է դրանք ֆինանսավորում: