Մարդուն գցում ենք վանդակի մեջ ու ասում ենք՝ ժպտա

Մարդուն գցում ենք վանդակի մեջ ու ասում ենք՝ ժպտա
Դավիթ Գասպարյան

Նախօրեին հրապարակվեց կառավարության հինգ տարվա ծրագիրը, որտեղ ներկայացված են այն հիմնական նպատակները, խնդիրները, որին ձգտելու է կառավարությունն առաջիկա տարիներին: Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացու գաղափարն ընկած է կառավարության ծրագրի հիմքում՝ առողջապահությունից մինչեւ մշակույթ։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր խոսքում նկատում է՝ երջանիկ լինելու համար շատ բան է պետք, այդ թվում` բարձր մշակույթ․ «Ցածր մշակույթով մարդը երջանիկ լինել չի կարող։ Մենք ռաբիսի ճահճի մեջ խրվել ենք եւ չգիտենք ինչ անենք, մի իրականություն, որտեղ աստղի պես շողում է Ձախ Հարութի պես հարսանիքի երգիչը, եւ որտեղ գլխավոր դեմքեր են դառնում Թաթան եւ այդ կարգի անունները։ Հեռուստատեսությունը լցված է այդ անուններով։ Այդ ճահճային մշակույթը չի կարող մարդուն հոգեւոր երջանկություն բերել։ Մենք ամեն ինչ պետք է անենք մշակույթը բարձրացնելու համար, մշակույթը շատ ընդգրկուն ասպարեզ է` արվեստի բոլոր ճյուղերից մինչեւ մշակութային ոլորտները։ Մենք ժամանակին ազդեցիկ պարբերականներ ունեինք, որոնք հիմա տարին մեկ լույս տեսնեն, թե ոչ։ «Հայոց լեզու եւ գրականություն» ամսագիր կար, որի խմբագիրը ես էի, անցյալ տարի ընդհանրապես լույս չտեսավ, որովհետեւ նախարարությունը հրահանգ չտվեց այդ եւ տասը անուն այլ ամսագրերի համար։ Այսպես կասեցնում, նեղացնում ենք մի շարք գործեր, մարդուն գցում ենք վանդակի մեջ ու ասում ենք՝ ժպտա, բայց ժպիտը հոգեկան բավարարվածությունից պետք է գա»։

 Կառավարությունը մտադրվել է հեռուստաեթերը մաքրել լեզվական ցածրորակ արտադրանքից եւ խրախուսել գրական հայերենի տարածումը․ Գասպարյանի կարծիքով՝ դա իրականացնելու համար պետք է նախեւառաջ օրենքը գործի․ «Ոչ գրական հայերեն օգտագործելով, այլախոսությունը, գռեհկաբանությունը, բարբառախոսությունը եթեր հանելով՝ ոչ մի արդյունքի չենք հասնի։ Հյուրը կարող է լավ հայերեն չիմանա, բայց եթե այդ մակարդակի է հեռուստահաղորդում վարողը, արդեն դա խայտառակություն է։ Այդ պատճառով պետք է հետեւել եթերին, որովհետեւ այսօր ժողովուրդն այլեւս թերթ չի կարդում, կամ քչերն են կարդում։ Այսօր եթերի լեզուն է ամեն ընտանիք մտնում։ Դպրոցականի ճիշտ դաստիարակությունը նաեւ այդտեղից է սկսվում։ Ասածս առաջին հերթին վերաբերում է հաղորդավարներին, ովքեր շատ վատ հայերեն են խոսում։ Հետո՝ այդ էժանագին հաղորդումները պետք է վերացվեն, դրանց փոխարեն պատմական, գրական, լուրջ մշակութային հաղորդումներ պետք է լինեն, որ երեխան լսի, իսկ մեր հեռուստատեսությամբ վերջին անգամ ե՞րբ եք լսել Կոմիտաս, Եկմալյան, հոգեւոր երաժշտություն։ Ասում ենք՝ Կոմիտասի, Թումանյանի, Շանթի տարի է, բայց այդ անունները եթերից պետք է հնչեն եւ լցվեն մարդկանց ընտանիքները։ Այսօր ամեն ինչ քաղաքականացված է, եւ ինչ հաղորդում կա, քաղաքականության մասին է, չկա զուտ գրական արվեստին նվիրված հաղորդում։ Մենք այնպիսի սահմանի ենք հասել, որ պետք է կտրուկ միջամտություն, լավ է, որ նման որոշում է ընդունվել՝ գրական հայերենը զարկ տալու համար, թող լավ հաղորդումներ բացվեն, եւ այդ եթերային կապիկությունների փոխարեն լուրջ մարդիկ խոսեն»։ 

Ըստ կառավարության ծրագրի՝ պետք է ներդրվեն կառավարման ժամանակակից համակարգեր՝ մշակութային հիմնարկների եկամուտներն ավելացնելու նպատակով, պետք է խրախուսվեն ֆինանսական ներդրումային հոսքերը։ Եկամուտների աճը, ֆինանսական հոսքերն ինչպե՞ս կարելի է մշակույթի, արվեստի բնագավառում ապահովել։ «Նախ, այնպես պետք է արվի, որ այդ մշակութային օջախներ մարդ գնա, եթե մարդ չի գնում, տոմս չի վաճառվում, ինչպե՞ս կարելի է եկամուտ ապահովել։ Մեր թատրոններ, համերգասրահներ գրեթե մարդ չի գնում, բայց ոչ թե նրա համար, որ մարդ չկա, այլ որովհետեւ շնորհքին բան չեն ներկայացնում՝ արժեքավոր, համարձակ, առաջանցիկ բան, որ մարդը գնա ու մտնի արվեստի մեջ։ Մենք արմատապես պետք է վերանորոգենք մեր արվեստի բնագավառը եւ այդ ռաբիսացված անուններից ազատագրվենք։ Ես կարեւորում եմ այդ հարցերի արդիականացումը, բայց ցավում եմ, որ դա կարող է մնալ թղթի վրա եւ գործնական իրականացում չունենալ»։ 

Դավիթ Գասպարյանն ընդգծում է՝ մշակույթից բացի, այսօր շատ ցածր վիճակում է գիտության դրվածքը, հումանիտար գիտությունը շատ մեծ անկման մեջ է․ «Այսօր մեր հիմնարար գիտություններն իջել-հասել են բուհական դասախոսական պահանջները բավարարելու մակարդակի, բարձր գիտությունը, որ խորհրդային տարիներին առաջատարներից էր, ո՞ւր կորավ, ի՞նչ եղավ։ Կրթության որակները շատ են ընկել։ Այս 12-ամյա կրթությունն աղետ է, ապագա զինվորի հետ այդպես չեն վարվում, ես առաջարկում եմ միջնակարգ կրթությունը 12-ամյայից իջեցնել, վերանայումներ անել այս ասպարեզում։ Մենք ի՞նչ իրավունքով ենք երեխայից խլում 2 տարի ու 2 տարի նրան ավել պահում դպրոցում։ Այդ մագիստրատուրա ասվածն էլ իրեն չի արդարացնում, որովհետեւ նույն դասախոսներն են, նույն կոնսպեկտները»։ 

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի համար բարդ ու անընկալելի է երջանիկ քաղաքացու ձեւակերպումը․ «Միայն մշակույթով անհնար է երջանկություն ապահովել, մարդու երջանկությունը բազմաթիվ գործոններից է կախված, մշակույթը մարդու ներքին կուլտուրան որոշակի որակավորելու եւ որոշակի զարգացում ապրելու համար է։ Մշակույթը երջանկություն պարգեւող բան չէ, հակառակը՝ լուրջ մշակույթը երբեմն մտահոգության նյութ է լինում մտածող մարդու համար»։ 

Ըստ նրա՝ կարեւորը ոչ թե խրթին ձեւակերպումներն են, այլ այն, որ իրապես լինի մտահոգություն մշակույթի հանդեպ․ «Անպայման պետք է խորհրդակցությունների միջոցով գտնվի այն ուղին, որ հնարավոր է մեր երկրում ստեղծել՝ ժողովրդին մշակույթին մոտեցնելու համար։ Մի քանի հոգու որոշումներով որեւիցե էական քայլ կամ շոշափելի առաջընթաց մենք չենք տեսնի, իսկ դրա համար պետք է ստեղծվի կառավարությանը կից մշակույթի բաժին, ինչպես որ Հանրային խորհրդում կա։ Հատկապես հիմա, երբ չգիտենք՝ ունենալու ենք մշակույթի նախարարություն, թե ոչ։ Ես, օրինակ, հիմա տարբեր խնդիրներ ունեմ, ուզում եմ կապվեմ իրենց հետ, մի քանի անգամ զանգել եմ նախարարություն, բայց մարդ չի պատասխանել, ու չգիտես՝ հիմա նախարարությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ գեղեցիկ բառերով մշակույթը տեղից չի շարժվելու կամ որեւիցե աջակցություն չի ստանալու։ Իհարկե, պետք է նաեւ նյութական աջակցություն լինի, բայց եթե ուղին ճիշտ ընտրվի, մշակույթն ինքն իրեն կպահի եւ դեռ մի բան էլ երկրին կպահի, ուղղակի պետք է այդ համակարգը ստեղծվի, աջակցություն լինի մշակույթի զարգացման համար, հենց թեկուզ մեր կերպարվեստի բնագավառի համար խոչընդոտներ կան՝ արհեստականորեն ստեղծված, որ ֆինանսական մեծ խնդիրների հետ կապ չունեն»։ 

Մշակույթի ոլորտում ֆինանսական հոսքեր ապահովելու համար, ըստ գեղանկարչի, պետք է մեցենատության օրենք ընդունել, որը շատ երկրներում արդեն գործում է․ «Մեցենատությունը դա բարեգործություն չէ, սրան-նրան լավություն անել չէ, մեցենատությունը դա պետականորեն խրախուսվում է, որպեսզի գիտությունը, արվեստը, մշակույթը, սպորտը զարգացում ապրեն։ Ես քանի անգամ՝ դեռ 20 տարի առաջ բարձրաձայնել եմ մեցենատության օրենքի մասին։ Բոլորն ասում են՝ դա շատ կարեւոր է, բայց չեն ընդունում»։