Սև եռանկյունի* (լրագրային շանսոն)

Սև եռանկյունի* (լրագրային շանսոն)

«Карабахский вестник»-ն իր հայաստանյան աղբյուրից տեղեկացել է, որ 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրությունները իրավապաշտպան ՀԿ-ներից բացի դիտարկելու է նաև ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը մտադիր է արցախցիների ձայների հաշվարկն իրականացնել Հայաստանում՝ Տիգրան Մուկուչյանի անմիջական և անվերապահ հսկողության ներքո:
«КВ»-ի դիտարկմանը, թե՝ это уже чересчур, աղբյուրը պատասխանել է.
-Ի՞նչն ա չերեզչուռ, չլսեցի՞ք, «Արցախը Հայաստան է և վերջ…»:
***
«Հայկական ժամանակը» BBC-ին մեղադրել է մեկ տուփ բոնբոներկայի դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ վատ-վատ բաներ գրելու համար:
Հիշեցնենք, որ օրերս համաշխարհային հանրահայտ լրատվամիջոցը հոդված էր հրապարակել Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին և նշել, որ Փաշինյանն էլ այդ օրերին մի բարի պտուղ չի եղել և մարդկանց դրդել է բախումների:
Չվիճարկելով  բոնբոներկայի հետ կապված՝ «Հայկական ժամանակ»-ի կարծիքը, այնուամենայնիվ կուզենայինք իմանալ, իսկապե՞ս BBC-ի գործերն այնքան վատ են, որ սկսել է Հայաստանի մասին բաներ գրել:
***
ՀՀ մշակույթի նախարարությանը փոխարինող «Վայ դլե յաման» PRESS-ը հայտնում է, որ Հոլիվուդում 2050 թվականի Հայաստանի մասին նոր ֆիլմ է նկարահանվում, որը պրակատում կհայտնվի «Հին հրաշքների վախճանը» վերնագրով: Այն պատմում է հայկական նոր հրաշքի մասին, որն իրենով ստվերել է աշխարհի բոլոր հրաշալիքներն առհասարակ:

Ֆիլմում, հեղափոխական և հետհեղափոխական հայտնի իրադարձություններից բացի, հետաքրքիր հումորային անդրադարձեր կան նաև զավեշտալի դեպքերին: Կատակներից չի խուսափել անգամ ճապոնական հայտնի «Նիսսան» ավտոարտադրողը, որի «Քաշքայ» մոդելի քաղաքային ամենագնացին տրվել է «Քարշ գալ» բնորոշումը՝ հաշվի առնելով գլխավոր հերոսների քայլ անելու բնական պահանջը:

«Վայ դլե յաման»-ը տեղեկացնում է նաև, որ ֆիլմում Նիկոլ Փաշինյանի կերպարը մարմնավորել է Հայկոյից ոչ պակաս հայտնի կոմիկ Ռիկի Ջերվեյզը, որին հաջողվում է միլիոնավոր սրտեր նվաճել ոտքի վրա ծնվող իր սրամտություններով: Դերասանն իր մասին խոսելիս մի անգամ ասել է «Իմ մի կեսը անգլիացի է, իսկ մյուս կեսը՝ ֆրանսիացի: Ես ժառանգել եմ այդ երկուսի լավագույն որակները՝ սարսափելի վատն եմ անկողնում, բայց դա իմ բերանի վատ հոտից է»:

Նշվում է նաև, որ ֆիլմի պրոդյուսերն է ազգությամբ հայ, ամերիկացի մի երիտասարդ միլիարդատեր, որ ծնվելու է 2025 թվականին:

Հայ մշակույթի գործիչների հաշվարկներով «Հին հրաշքների վախճանը» հայաստանյան էկրաններ կբարձրանա 2090-ի կողմերը:

*Էդիկ Անդրեասյան, Սև եռանկյունի, Երևան, 2050թ.:)