Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է քննչական գործողություններին մասնակցելուց

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է քննչական գործողություններին մասնակցելուց

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը փետրվարի 15-ին ավարտվել է։ Հիշեցնենք՝ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու (ՀՀ ՔՕ 300.1 հոդված), ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար (ՀՀ ՔՕ 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետ): Վերջին մեղադրանքը Քոչարյանին առաջադրվել է մի քանի օր առաջ, երկու մեղադրանքներում էլ նա իրեն մեղավոր չի ճանաչում:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ նախաքննությունն առաջադրված բոլոր մեղադրանքներով ավարտվել է․ «Ինքը նույն գործն է, առանձին գործ չէ։ Ավարտը տրված է ամբողջ գործին։ 76 հատոր գործը, ամեն մեկի մասով դեռեւս պատրաստ չեմ մեկնաբանություն տալ, բավականին մեծ ծավալով տեսաձայնագրություններ կան, կարծում եմ՝ դրանք հիմնականում վերաբերվում են Մարտի 1-ի դեպքերին, այլ ոչ թե ենթադրյալ կաշառքի մեղադրանքին։ Կաշառքի մեղադրանքի մասով չեմ հասցրել դեռեւս առանձնացնել»։

Օրբելյանը չցանկացավ անդրադառնալ Սիլվա Համբարձումյանի այն պնդումերին, թե կաշառք չի տվել Քոչարյանին․ «Սիլվա Համբարձումյանն ինչ է պնդում, ինչ չի պնդում՝ ես չգնահատեմ, կա քրեական գործ, քրեական գործը կապված է իր հետ։ Հիմա, եթե ինքը չի տվել կաշառք ու չի պնդում, շատ ավելի լավ։ Մենք էլ ենք գտնում ու համոզված ենք, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել։ Մենք գտնում ենք, որ դա որեւէ կերպ հիմնավորված չի, դատարան չհասած՝ պոտենցիալ կաշառք տվողն ասում ա՝ կաշառք չեմ տվել, Դուք գնահատեք մնացածն արդեն։ Քննչական գործողություն՝ ի՞նչ է տեղի ունեցել, ես չեմ կարող Ձեզ ասել այս փուլում, կուսումնասիրեմ փաթեթը, կասեմ։ Առաջին անգամ, երբ իրեն հրավիրել են Հունաստանից, եւ սկսվել է քաղաքական հետապնդում, դրանից հետո ինքը հրաժարվել է ընդհանրապես քննչական գործողություններին մասնակցելուց, բացի նրանցից, որին չի կարող չմասնակցի, օրինակ՝ մեղադրանք առաջադրելը։

Մնացած բոլոր գործընթացներին ինքը չի մասնակցել։ Ինչի՞ հիման վրա են մեղադրանք առաջադրել, ի՞նչ են արել, ես կդժվարանամ ասել, իմ կարծիքով՝ այդ նույն մակարդակի պատրաստված գործ ա, ոնց էն մնացած բոլոր մեղադրանքները էս գործընթացի»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ Վճռաբեկից տեղեկություններ դեռ չունեն իրենց բողոքի վերաբերյալ․ «Նորություն չունենք ու դա նույնպես ցավալի է, երբ որ անձը ազատության մեջ էր եւ հրատապությունն այդքան մեծ չէր, ավելի արագ էին գործում, քան թե, երբ անձը ազատության մեջ չէ։ Շատ կարեւոր է, որպեսզի դատական իշխանության քաղաքականությունը լինի ճիշտ արժեհամակարգին ուղղված»։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում դեկտեմբերի 7-ից: