Regnum-ը սպառնու՞մ է

Regnum-ը սպառնու՞մ է

Երեւանում է ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւը: Այդ այցին ընդառաջ ռուսաստանյան Regnum-ը գրել էր, թե Պատրուշեւը պետք է փորձի տարհամոզել վարչապետ Փաշինյանին՝ Արցախում իշխանության չբերելու իր նախընտրած թեկնածուին եւ չսկսելու «միացում» պլատֆորմի իրականացումը: Եւ ահա նույն լրատվամիջոցի Բաքվի թղթակիցը հարցազրույց է ունեցել քաղաքագետ Էլդար Նամազովի հետ, որտեղ վերջինս սենսացիոն միտք է հնչեցնում, թե Զանգեզուրը՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու որոշումը ժամանակին ընդունվել է փաթեթով եւ հնարավոր չէ մի մասով դուրս գալ այդ համաձայնությունից, մյուսով մնալ դրան հավատարիմ: https://regnum.ru/news/polit/2688712.html Հասկացվում է այնպես, որ եթե Հայաստանը հռչակի Արցախի միավորումը, ապա Ադրբեջանի համար իրավական ճանապարհ է բացվում պատերազմ սկսել եւ գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Սյունիքը: Ընդ որում, Նամազովը միանշանակորեն պնդում է, որ Ադրբեջանի համար ժամանակն է ԼՂ հարցով ուղղակի բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ որպես անցյալ դարասկզբի հայ-ադրբեջանական սահմանազատման երաշխավորի:  Բաքվում, անկասկած, շփոթված են Ստեփանակերտում օգոստոսի 5-ին վարչապետ Փաշինյանի հայտարարություններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այդ առթիվ որեւէ տեսակետ կորզելու Ադրբեջանի դիվանագիտական ջանքներն առայժմ որեւէ արդյունքի չեն բերել: Փաշինյանի ստեփանակերտյան թեզիսների շուրջ լռում են ԱՄՆ պետդեպարտամենտը, Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Եվրամիությունը եւ ԵԱՀԿ գործող նախագահը: Իրավիճակին անդրադարձել է միայն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների արդյունքում: Ռուսական փորձագիտական շրջանակները բավական հետաքրքրված են Արցախի նախագահական ընտրություններով: Տպավորություն է, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ Արցախը դիտարկում են որպես Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավոր վերակողմնորոշման ճանապարհին սկզբունքային արգելանք, որը, ըստ նրանց, Նիկոլ Փաշինյանը փորձում է հաղթահարել՝ տեղում իշխանության բերելով իր նախընտրած թեկնածուին: Ռուսաստանյան լրատվամիջոցն, այսպիսով, ադրբեջանցի քաղաքագետի միջոցով բաց սպառնալիք է հնչեցնում, որ այդ դեպքում Բաքուն պատերազմ կսկսի եւ կգրավի նաեւ Սյունիքը: Չափազանց ենթատեքստային է, որ նման հրապարակում Regnum-ն անում է Երեւանում Հայաստանի վարչապետի եւ ՌԴ ԱԽ քարտուղարի միջեւ բանակցությունների մասին սուղ տեղեկատվությանը գրեթե զուգահեռ: Այս խճանկարին մի հավելյալ երանգ էլ հաղորդեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը, թե չի բացառում ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցությունը: Պատահակա՞ն է, որ նախագահական մրցապայքարին մասնակցության հայտ Մայիլյանը ներկայացնում է ՌԴ ԱԽ քարտուղարի Երեւանում գտնվելու ժամանակ: