ՃՈ-ն չի՞ տեսնում ճամփեզրին կայանած այս հսկա տեխնիկան 

ՃՈ-ն չի՞ տեսնում ճամփեզրին կայանած այս հսկա տեխնիկան 

Մի քանի օր է՝ Երևան-Սևան մայրուղու քարտեզի հատվածում, ճամեզրին մի հսկա թրայլեր է կանգնած՝ մեքենաներ տեղափոխող բեռնատար։  Գիշերը այն պոտենցիալ վտանգ է իրենից ներկայացնում մայրուղով երթևեկող մեքենաների համար։ Թրայլերի վրա ոչ լույս կա, ոչ լուսանդրադարձնող որևէ բան, և մթության մեջ բացարձակ տեսանելի չէ ճամփեզրին կանգնած այս հսկա տեխնիկան։ Միայն շատ մոտենալու դեպքում է այն տեսանելի դառնում։ Ցանկացած պահի մի փոքր անուշադիր լինելու կամ մի վայրկյան ուշ նկատելու դեպքում մեքենաները կարող են բախվել թրայլերին։ Եվ ոչ ոք սրան ուշադրություն չի դարձնում։

Հետաքրքիր է, օրինակ՝ Ճանապարհային ոստիկանները, որ ամեն օր ծառայություն են իրականացնում այս մայրուղում, չե՞ն նկատել ճամփեզրին կայանած այս թրայլերը, և եթե նկատել են, որևէ մեկի մտքով որևէ բան չի՞ անցել, օրինակ՝ հետաքրքրվել, թե ում է պատկանում այս տեխնիկան, ինչու է օրերով կայանած այստեղ և գուցե միջոցներ ձեռարկեն այն ճամփեզրից հեռացնելու ուղղությամբ։ Թե՞ պետք է հերթական ողբերգական վթարը լինի, զոհեր ունենանք, հետո վարչապետը կառավարության նիստին խիստ հրահանգի՝ զբաղվել նման հարցերով, որ ոստիկանությունը տեղից իրար գա։

Փաստորեն, մեր պատկան մարմինները եղած դեպքերից հետևություն չեն անում, իրենց ամեն անգամ նոր դեպք է պետք՝ զոհերով և վիրավորներով, որ տվյալ պահին սթափվեն և այսրոպեական ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Մինչդեռ կարող են հնարավոության սահմաններում պոտենցիալ վթարներն ու վտագավոր իրավիճակները կանխել, օրինակ՝ նմանատիպ տեխնիկաները ճանապարհներից հեռացնել, մայրուղում ուժեղացված հսկողություն իրականացնել, որ մեծ մեքենաները գազոնը հատելով խախտումով շրջադարձ չկատարեն և այսպես շարունակ։ Բայց չեն անում, չգիտես ինչու։