Նախ բովանդակությունը որոշենք, հետո ձեւը կընտրենք
ipetitions.com կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված տեքստ է հրապարակվել, որի տակ ստորագրել են թե քաղաքացիներ, թե մշակութային գործիչներ, տեքստում մասնավորապես ասված է․
«Մենք՝ որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, կրում ենք պատասխանատվություն նախ և առաջ մշակույթի կառավարման սկզբունքների, մշակութային առաջնահերթությունների ձևակերպման համար և, բնականաբար, որոշակիորեն մտահոգ ենք առաջիկայում սպասվող հնարավոր փոփոխությունների արդյունքներով։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ է ունենալու մշակույթի համար պատասխանատու կառույցն ապագայում, կարիք ունենք խելամիտ, հաշվարկված, մասնագիտորեն քննարկված և ընդունված ծրագրի, որով կողմնորոշվելու են մշակույթի պատասխանատվությունը կրող անձն ու կառույցն ապագայում։ Հորդորում ենք, որ առաջիկայում ոլորտի կառավարման պատասխանատուներին ընտրելիս իբրև կողմնորոշիչ ու չափանիշ ընդունվեն ներկայացված մշակութային հայեցակարգերն ու սկզբունքները, մասնագիտական փորձառությունը, իրազեկությունն ու հանրային ճանաչելիությունը։ Համարում ենք, որ կադրային ձախողման հնարավորություն այլևս չունենք»։
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը նույնպես ստորագրել է խնդրագիրը, ասում է՝ տեքստում խոսքը գնում է ոչ թե մշակույթի նախարարության, այլ ավելի շատ՝ մշակութային քաղաքականության ու դրա բացակայության մասին․ «Ունենալ առանձին բաժին, վարչություն, նախարարություն, թե միացված այլ նախարարությունների հետ դա երկրորդական հարց է, առաջին հերթին պետք է որոշել, թե որն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը եւ հետո մտածել, թե ինչպես ենք այն իրագործում։ Բոլոր դեպքերում գերատեսչությունը ինչպես էլ որ այն կոչվի՝ գործիք է, որպեսզի հնարավորություն լինի իրագործել այդ մշակութային քաղաքականությունը։ Ցավոք, վերջին 30 տարվա ընթացքում պարզ տրամաբանական բացատրություն, թե որն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը, որն է նրա խնդիրները՝ չեմ լսել»։
Բաբայանը կարծում է, որ առանց բովանդակության մտածել ձեւի մասին, այդքան էլ ճիշտ չէ․ «Այնպես որ ինձ առաջին հերթին դա է հետաքրքրում, ես չգիտեմ թե ինչ թեկնածուներ են քննարկվում նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, որը պետք է ոլորտը համակարգի, ինձ հետաքրքիր է տեսլականը՝ ինչ ենք մենք պատկերացնում ասելով մշակութային քաղաքականություն։ Ինձ համար բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ ձեւ կընդունի այն, հատկապես որ տարբեր երկրներում տարբեր ձեւով է դա լուծվում եւ մենք չենք կարող ասել այն երկիրը, որ ունի մշակույթի նախարարություն ունի նաեւ մշակույթ, եւ հակառակը։ Այստեղ ցանկացած դոգմատիկ մոտեցում ինձ համար անընդունելի է, նախ որոշենք որն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը եւ հետո թե ինչ մեխանիզմներով, ինչ արդյունավետ ձեւով կարող ենք դա իրագործել։ Եթե նույնիսկ չկա մշակութային քաղաքականություն էլի ուշ չէ, ուրեմն այն պետք է կազմվի, լայն քննարկման դրվի, որովհետեւ սա էլ է գործընթաց։ Ես կողմնակից եմ, որ մենք դա սկսենք անել եւ որոշակի ժամանակ անց կարողանանք ձեւակերպել բովանդակությունը, քան առանց բովանդակության սկսենք ման գալ ձեւերը։ Դա ճիշտ չէ, նախ որոշենք բովանդակությունը, ձեւը հետո կընտրենք։ Հերթականությունը այսպես պետք է լինի, ոչ թե հակառակը»։
Կարծիքներ