Հեղափոխությունը չի փոխել մարդկանց էլեկտորալ վարքը․ Սուրեն Սահակյան

Հեղափոխությունը չի փոխել մարդկանց էլեկտորալ վարքը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը վերջնական կարծիք ԱԺ արտահերթ ընտրության վերաբերյալ կձևավորի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։ Իսկ այսօր նշում է, որ խորհրդարան չանցնելը իրեն ժամանակ է տալիս կուսակցությունն ավելի լավը դարձնելու։

-Ձեր կուսակցության ստացած մոտ մեկ տոկոս ձայները ձեզ համար անակնկա՞լ եղան։

-Բանավեճից հետո իմ հեռախոսը չի լռել, և այդքան մարդ միայն ինձ է զանգել, ասել, որ անձամբ ինձ է  ընտրելու։ Կամ բոլոր մեզ ընտրածներն ինձ զանգել են, կամ էլ որոշներ ասել են, բայց չեն ընտրել։ Չնայած, ինձ զգուշացրել էին, որ այդպես է լինելու, քանի որ ես նորեկ եմ այս դաշտում։ Փորձառուներն ինձ ասում էին՝ ձեզ շատ կասեն, որ Ձեզ ընտրելու են, բայց չեն ընտրի։ Հավանաբար, սա օրինաչափություն է։ Ես ի գիտություն ընդունեցի, որ կա այդպիսի պրակտիկա։ Բայց ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ամեն ձայն ինձ համար անգին է։

- Ի՞նչ համեմատություն կանեք Ազգային ժողովի վերջին ընտրությունների հետ։

- Դրական ու բացասական կողմերը նշեմ։ Դրականն այն է, որ ընտրակաշառքի համատարած բաժանում չկար։ Ընտրակաշառք բաժանվել է, բայց դա համակարգված չի եղել և առանձնապես մեծ ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Կուզեի, որ այն բացառվեր ոչ միայն ոստիկանության, իրավապահների ջանքերով, այլ հանրության կողմից էլ մերժվեր այդ երևույթը։ Ողղակի չվերցնեին առաջարկված կաշառքները։ Բայց սա մշակույթի հարց է։ Իսկ բացասական պահերից կարող եմ ասել, որ հեղափոխությունը չի փոխել մարդկանց էլեկտորալ վարքը, այն չափորոշիչները, ինչով իրենք որոշում են կայացնում՝ իմ բարեկամին ընտրեմ, եղբորս ընտրեմ, առանց ծրագրերին նայելու։ Սակայն դա օրինաչափ է։ Չէր կարող հեղափոխական 7 օրյա, կամ մի ամսվա պրոցեսն այդ աստիճանի մշակութային երևույթներ փոխել։ Ես հանձնառություն եմ վերցրել, որ հաջորդ ընտրություններին գոնե մենք մոտենալու ենք այն կետին, որ գաղափարական լինեն ընտրությունները, դրանց հիմքում գաղափարական չափորոշիչները լինեն առաջնահերթ։

-Կուսակցությունը ի՞նչ է անելու ընտրությունից հետո։ Որքան հասկացա, էլի մասնակցելու եք քաղաքական գործընթացներին։

-Պարտադիր։ Նախօրոք, մինչև ընտրությունները հայտնել եմ, որ կուսակցությունը մեկօրյա չի, մի ընտրական գործընթացի համար չի։ Մեր մասնակցությունն էլ մազից էր կախված, որովհետև անդամներից շատերին՝ գործադիր մարմնում և որոշում ընդունողներից, չէր հետաքրքրում ԱԺ-ում ներկայությունը, այլ հետաքրքրում էր կուսակցությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու աշխատանքը։