Մնացականյան-Մամեդյարով եւս մեկ հանդիպում է հնարավոր տեղի ունենա՝ ԱՄՆ-ում

Մնացականյան-Մամեդյարով եւս մեկ հանդիպում է հնարավոր տեղի ունենա՝ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգները առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման թեմատիկայով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, նախարար Մամեդյարովը մասնավորապես ասել է․ «Վերջին հանդիպումը իմ եւ Հայաստանի ԱԳ նախարարի միջեւ տեղի է ունեցել ռուսաստանցի գործընկերոջս՝ Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ՝ Մոսկվայում։ Գործադրված ջանքերի կրկնապատկումով եւ եռապատկումով հնարավոր է դարձել հուսալ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում կարող է լինել դրական տեղաշարժ։ Երեկ հրավեր ստացվեց Միացյալ Նահանգներից, այցելել Վաշինգտոն, որտեղ Պետքարտուղարն էլ իր ջանքերը կգործադրի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց ունենալու ուղղությամբ»,- Վարշավայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է Մամեդյարովը։ Հիշեցնենք, որ Մնացականյան-Լավրով Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Մոսկվայում, մասնակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության եւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի։