Պարոն Բալասանյան, ինչո՞ւ ստեցիք ինձ. Սևյանի պալատը՝ կռվախնձոր

Պարոն Բալասանյան, ինչո՞ւ ստեցիք ինձ. Սևյանի պալատը՝ կռվախնձոր

Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրու Սեւյանի մշակույթի պալատի վերականգնման ծրագրի մասով: Ծրագրի իրականացման համար  համայնքը պատրաստակամություն է հայտնում հիմնադրամին նվիրաբերությամբ կամ 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ղանդիլյան փողոցի 46/6 հասցեում գտնվող ակումբի՝ 0.21381 հա ընդհանուր մակերեսով տարածքը, որը նախկինում ծառայել է որպես Սևյանի անվան մշակութային պալատ: «Սևյան» մշակույթի  տունը, որ տարիներ շարունակ կիսավեր, փլուզված վիճակում էր, եւ համարվում է քաղաքի ճարտարապետական հուշակոթողներից մեկը, վերակառուցելու ցանկություն են հայտնել շատերը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ  ռուսաստանցի հայազգի վիրտուոզ երաժիշտ Միխայիլ Սիմոնյանը խոստացավ  ֆինանսավորել  Գյումրու Սևյանի անվան մշակույթի պալատը  վերանորոգելու համար: Աշխարհահռչակ վիրտուոզը «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակում գալով Գյումրի ու տեսնելով, որ նման մասշտաբի փառատոնը համերգասրահ չունենալու պատճառով տեղի է ունենում դահլիճներում, վստահ որոշել էր գնալ մինչև վերջ:  ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համանախագահն էր, 2018թ-ի փետրվարին վիրտուոզի  հետ   համաձայնագիր ստորագրեց՝ Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Վերանորոգման արդյունքում հանրապետության երկրորդ քաղաքը կունենար եզակի համերգասրահ: Հայտնի պատճառներով համաձայնագիրը մնաց թղթի վրա: «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նելա  Մովսիսյանն էլ վստահեցնում է, որ Սեւյանի մշակույթի պալատը քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել էր տրամադրել իրենց: Կենտրոնի նախագահը անգամ հաշվեհամար էր բացել՝ խնդրելով քաղաքացիներին իրենց հանգանակությունն անել Գյումրիում համերգային դահլիճի կառուցման ֆոնդին: «Պարոն Բալասանյան, ասացեք խնդրեմ, ինչու ստեցիք ինձ, 2015թ. Ձեզ մոտ հանդիպմանը ասացիք, որ Սևյանի մշակույթի պալատը տալիս եք մեր կազմակերպությանը և պահանջեցիք նախագծանախահաշվային աշխատանքներ և ծրագիր, որոնք ես ներկայացրեցի:

ԻՆՉՈՒ ՍՏԵՑԻՔ:
Ոչ, Դուք անկեղծ էիք այն ժամանակ: Պարզապես Գյումրիի գլխավոր ասիչը՝ ի դեմս Հասմիկ Կիրակոսյանի, Ձեզ չէր հրահանգել, թե ում տայիք շենքը: Ես կուզենայի, որ Դուք լինեիք գյումրեցիների քաղաքապետը, այլ ոչ թե Սուսաննա Մկրտչյանների, Հասմիկ Կիրակոսյանի կլանի: 
Միայն պատասխանեք, ինչո՞ւ ստեցիք, ինչո՞ւ դա արեցիք»,-  երեկվա հուշագրի հետ կապված քաղաքապետին հասցրել է հիշեցնել Նելա Մինասյանը ՝ գրառում կատարելով ֆեյսբուքում:
Գյումրու քաղաքապետարանից  hraparak.am- ի այն հարցին , թե «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նելա  Մովսիսյանի հայտարարությունը, որ շենքն իրենց  պետք է տրամադրվեր, որքանով է ճիշտ,  եւ ինչ սկզբունքով է այն հանձնվել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամին, պատասխանեցին. «Սույն թվականի հունվարի 29-ին «Գյումրու Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնման մասին» հանրային բաց լսում և քննարկում կայացավ Գյումրու քաղաքապետարանում: Քննարկման էր ներկայացվել երկու ծրագիր և հավանության արժանացավ «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացրած ծրագիրը»:

«Հերթական ստերից է: Գյումրիի սեփականաշնորհված մշակույթը երբեք չի զարգանալու: Սոված ժողովրդին բալետն էր պակաս»,-կարծիք է հայտնում Նելա Մինասյանը:
Հավելենք, որ ըստ նոր հուշագրի՝ նախատեսվում է աշխատանքները սկսել 2019 թվականին և ավարտին հասցնել 2022 թվականին:

Սևյանի պալատը  վերածվելու է   բազմաֆունկցիոնալ կենտրոնի: Իրականացվելու է տարածքի ընդհանուր բարեկարգում և ակումբի շենքի հիմնական վերանորոգում, որը հիմնված կլինի տարածքի ճարտարապետական նախագծի վրա: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ակումբի շենքում ապահովել համերգային դահլիճ, փոքր միջոցառումների դահլիճ, երեք փորձասենյակ, ինը հանդերձարան, բազմաֆունկցիոնալ հանդիպումների սրահ, գրադարան, ցուցասրահներ, սրճարան-խանութ:

Տարածքի վերականգնման նախագծի մշակումը և շինարարական աշխատանքների կատարումն իրականացվելու է մի քանի փուլերով. նախնական ուսումնասիրությունների կատարում, նախագծում, շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում և այլն: