Անարդարությունից, անօրինականությունից եւ... Արցախից ազատվածը

Անարդարությունից, անօրինականությունից եւ... Արցախից ազատվածը

Ադրբեջանի նախագահը նկարագրել է Արցախում հայերի կարգավիճակի իր տեսլականը: Այն ադրբեջանցիների հետ կողք-կողքի, «երջանիկ» ապրելու տեսլական է` հարուստ եւ ազգային ու կրոնական «հանդուրժողականության տիպար» հասարակությունում: Զարմանալի է, որ դրան չի արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Կարելի է ենթադրել, որ կորցրել է խոսելու ու գրելու ունակությունը, այլապես կասեր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները պետք է ապահովվեն ռուս խաղաղապահների կողմից, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես ասել է միշտ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի խոսում: Կարծում եմ, պատասխանն ավելի քան ակնհայտ է: Իլհամի նկարագրածը հենց այն է, ինչ ինքը մտմտացել է 2-3 տասնամյակ: Այն ժամանակվանից, երբ Տեր-Պետրոսյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր լինելը փոխարինվել է նրա համախոհի վերածվելով:  

Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի գաղափարները պարտվողականության դրսեւորումներ են, որոնց վերջնարդյունքը հենց այն է, ինչ ունենք այսօր, դա իրեն չի հուզում: Կարեւորը «սերգոջանների լավ ապրելու» վերաբերյալ տերպետրոսյանական «մտահոգությունն» է, ինչը որդեգրել է նաեւ ինքը: Իսկ որպեսզի «սերգոջանները» լավ ապրեն, անհրաժեշտ է ազատվել ԼՂ բեռից: Իլհամն էլ հենց բարձրաձայնում է այդ գաղափարը՝  Նիկոլի երազանքը դարձնելով իրականություն եւ նրան ազատելով արցախյան բեռից: Էլ ինչո՞ւ պետք է ձայն հանի: Ճիշտ է, մի քիչ այնպես չի ստացվել, ինչպես ինքն է ենթադրել: Իլհամը Լեռնային Ղարաբաղի հետ միասին ոչ արդարացիորեն (իր կարծիքով) պատառիկներ է պոկել ու շարունակում է պոկել նաեւ ՀՀ-ից: Այն էլ՝ լուրջ պատառիկներ. ասենք` միջպետական մայրուղուց 21 կմ հանրապետության հարավում: Եվ դեռ հայտնի չէ, թե որքան տարածք է պոկելու մեկ այլ մասում: Բայց դե՝ դրանք մանրուքներ են, կարեւորը Լեռնային Ղարաբաղի հոգսից ազատվելն էր:

ԼՂ բեռից ազատվելու առաջին արարը մի քանի հազար զոհի գնով պարտությամբ պատերազմն էր: Վերջնականն Իլհամ Ալիեւի ներկայացրածն էր: Արանքի արարն այդ զոհերի ու նրանց պատճառած ցավի արագ մոռացման նպատակով պետականորեն կազմակերպված միջոցառումներն էին: Ճիշտ այնպիսին, ինչպիսին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունների եւ հրդեհի պատճառած զոհերի ու վիրավորների առկայության ֆոնին «Երազ» այգու համերգն էր: Ի դեպ, ռուս աղջկան ամոթանք տալու արձագանքը եւս նույն կինոյից է. եթե հասարակության կողմից շատ արագ մոռացվեց մի քանի հազար զոհ տալու հանգամանքը, ապա մի քանի զոհն ինչ է, որ համերգը չեղյալ հայտարարվեր: Ուրիշ հարց, որ եթե իշխանության գլխին լիներ ոչ թե Փաշինյան Նիկոլը, այլ հայրենասեր ու ադեկվատ մեկ ուրիշը, ապա հասարակությունն էլ դանդաղորեն կվերափոխվեր ու իրեն կպահեր այլ ձեւով: Հատկապես այն հասարակությունը, որը 2018-ի ապրիլին դուրս եկավ փողոց, որպեսզի ազատվեր երկիրը պատած անարդարության, անօրինականության ճիրաններից:

Բայց բախտը չբերեց, քանի որ, ինչպես թղթախաղում է ասվում, խաղադրույքը դրվել էր սխալ մարդու վրա, որը համարձակության նշույլ անգամ չուներ՝ ծանր ու բարդ բարեփոխումներ անցկացնելու: Չնայած ապրիլյան իրադարձությունները գեներացրել էր գլխին դրած «դուխով» գլխարկով: Իսկ հասարակությունն էլ արդյունքում ոչ թե ազատվեց անարդարությունից, անօրինականությունից, այլ շատ ավելի խորն ընկղմվեց դրանց մեջ՝ կորցնելով Արցախն ու տալով մի քանի հազար զոհ: