Դավիթ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնները․ Արամ Սիմոնյանը հաղթեց

Դավիթ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնները․ Արամ Սիմոնյանը հաղթեց

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ Արմեն Խադավերդյան, Էդգար Շաթիրյան, Արտակ Սարգսյան կազմով, ուսումնասիրելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտման հարցը, եզրակացրել է, որ նա թույլ է տվել նշված հոդվածի նշված կետերով սահմանված էթիկայի խախտում։ Այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ 

Հունվարի 17-ին հանձնաժողով էր մուտքագրվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ հանձնաժողովին հասցեագրված դիմումը, ըստ որի՝ Սանասարյանի հրապարակային հայտարարությունները նշված հոդվածի ու կետերի կոպտագույն խախտումներ են։

Դիմողը, մասնավորապես, գտել է, որ Սանասարյանի՝ հուլիսին ԵՊՀ-ում անցկացված ուսումնասիրության վերաբերյալ հայտարարությունները ժամանակավրեպ են, քանի որ դրանից հետո  ևս 2 ամիս ուսումնասիրությունները շարունակվել են, այսինքն՝ ընթացքում ՊՎԾ պետն արել է հայտարարություններ, որոնք, ըստ Սիմոնյանի, հավասարակշռված չեն, պատշաճ մասնագիտական օբյեկտիվություն չեն ունեցել, կանխակալ են եղել ու խտրական մոտեցումներով։ Իսկ ֆեյսբուքյան այս թեմայով վերաբերելի գրառումներն ուղղված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն։

Մինչև ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պետհամալսարանի կարծիք ստանալը, նյութերը դատախազություն ուղարկելը, ըստ դիմողի, չհիմնավորված շտապողականություն է և խոսում է պաշտոնատար անձի կողմից տվյալ գործի ելքով անձնական շահագրգռության մասին։

Նախքան եզրափակիչ մասը, հանձնաժողովը գրել է, որ Դավիթ Սանասարյանը համալսարանում իրականացվող ուսումնասիրության առնչությամբ հանրային իրազեկվածության և հաշվետվողական ապահովման գործընթացում պետք է դրսևորեր որոշակի զսպվածություն և շրջահայացություն։ Այս առնչությամբ հանձնաժողովն ընդգծում է հանրային պաշտոնատար անձանց կողմից արվող հրապարակային հայտարարություններում համապատասխան ձևակերպումների ընտրության կարևորությունը՝ հանրային ծառայության շահերին չվնասելու նպատակով։

2019-ի հունվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում Դավիթ Սանասարյանի՝ «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ, որ այս գործը դատարան է գնալու» հայտարարության առնչությամբ հանձնաժողովը գտնում է, որ այն պարունակում է հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր։ Ավելին՝ Պետական վերահսկողական ծառայության պետը չի կարող երաշխավորել, որ որևէ  առերևույթ իրավախախտման վերաբերյալ գործ կգնա դատարան։
Դավիթ Սանասարյանը՝ ինքը, հայտնել է, որ գործը ենթակա է կարճման։
Եզրակացությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ մեկամսյա ժամկետում։