Թորոսյանն՝ իր աթեիստ լինելու մասին, և ոչ միայն

Թորոսյանն՝ իր աթեիստ լինելու մասին, և ոչ միայն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2017-ին Mediamax-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել իր՝ ֆեյսբուքյան հերթական քննարկման առարկա դարձած գրառման  («Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պիեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում») վերաբերյալ։ Արսեն Թորոսյանն ասում է, որ աթեիստ լինելը մարդու անձնական որոշումն  է։

«Աթեիստ լինելը մարդու անձնական որոշումն է: Ոմանք իրենց համարում են աթեիստ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել. դա եւս անձի իրավունքն է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում այս առումով լուրջ խնդիրներ չկան՝ կարող եմ իմ սեփական փորձով ասել: Բոլոր հնարավոր առիթներով հայտարարել եմ աթեիստ լինելուս մասին, սակայն մինչ օրս բացահայտ վատ, թշնամական կամ նսեմացնող վերաբերմունքի չեմ արժանացել»,- իր տեսակետը ներկայացրել է Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ սեփական համոզմունքների մասին հարմար պահերի բարձրաձայնելն օգտակար է եւ նույնիսկ անհրաժեշտ մեր հասարակության համար՝ խուսափելու հարեւան երկրներում ծագած բացասական միտումներից: Արսեն Թորոսյանը կարծում է, որ պետք է իր և այլ աթեիստների «լավ օրինակով ցույց տանք, որ Հայաստանում գոյություն ունեն մեզ նման մարդիկ, որոնք այդքան էլ քիչ չեն եւ հասարակության ողջամիտ մասն են: Աթեիստներն ուրիշ ոչնչով չեն տարբերվում մյուս համոզմունքներին հարող մարդկանցից, թերեւս միայն նրանով, որ կասկածում են, տալիս են շատ հարցեր եւ փորձում գտնել պատասխաններ, իսկ դրանք չգտնելու դեպքում կուրորեն չեն հավատում չապացուցված բաների»։ Նա նաև պարզաբանում է, երևի թե հատուկ բթամիտների  համար՝ ոչ թե ուրիշ կրոն, այլ դրա բացակայություն,նույնն է, թե ճաղատ գլուխը սանրվածք համարես:
 
«Աթեիստներն այն մարդիկ են, որոնք չեն հավատում աստվածների եւ գերբնական ուժերի գոյությանը: Նրանք սովորական մարդիկ են, ապրում են իրենց կյանքով, ընտանիքով, աշխատանքով, հատուկ ծեսերի չեն մասնակցում, բարոյական հատկանիշներով ոչ մի կերպ չեն զիջում հավատացյալներին, իսկ «շատ դեպքերում էլ անգամ գերազանցում են նրանց»,-ասում է  առողջապահության նախարարը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 
 Հ․Գ․
Միանգամայն համաձայն եմ Արսեն Թորոսյանի հետ․ աթեիստ լինելը ևս մարդու իրավունք է․ ինչպես հավատալը, այնպես էլ չհավատալը։ Ավելին՝ համոզված եմ, որ աթեիստ լինելու համար հատուկ քաջություն է պահանջվում։ Բայց մի բան է, երբ աթեիստ է շարքային քաղաքացին,մեկ այլ բան՝ պետական պաշտոնյան, որն իր հայացքները կարող է և պրոեկտում է պետական ծրագրերում։ Լավ է, որ գոնե պետական պաշտոնյայի կարգավիճակում Արսեն Թորոսյանը   իր հայացքները չի  պրոեկտում «հարևան»՝իր գործընկեր Արայիկ Հարությունյանի ոլորտ՝ ասելով, որ Հայաստանում աթեիստների կողմից ամենահաճախ բարձրացվող խնդիրը կրթական եւ նախակրթական հաստատություններում եկեղեցու միջամտության հարցն է՝ հատուկ առարկաների, աղոթելու պարտադրանքի, հոգեւորականների այցերի կազմակերպման ձեւով: Նույնը՝ եկեղեցու նկատմամբ, երբ ասում է․«Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, միանշանակ դեմ եմ: Այն, ինչպես ցանկացած այլ կազմակերպված կառույց, առաջ է տանում սեփական շահերը, որոնք շատ ժամանակ չեն համընկնում պետության եւ անհատի շահերին: Եկեղեցին բոլոր ժամանակներում արգելակել է գիտության եւ մշակույթի զարգացումը: Այն, թերևս, ամենահին կուսակցությունն է»,- համոզված է Արսեն Թորոսյանը: Նա բացահայտ բացասական վերաբերմունք ունի նոր կառուցվող եկեղեցիների հանդեպ, մինչդեռ հին եկեղեցիները համարում է մշակութային ժառանգություն եւ անհրաժեշտ համարում պահպանել դրանք:
 

Ի վերջո, չմոռանանք, որ «որպես ինստիտուտ» եկեղեցին ամրագրված է Սահմանդրության 18-րդ հոդվածով։ Այն է՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Անկախ  նրանից, թե դե՞մ է դրան Արսեն Թորոսյանը, թե ոչ։
 

2018-ին Արսեն Թորոսյանը իմունիզացիայի ծրագրի իր ընդդիմախոսներին Ֆեյսբուքում տապալելու համար գրել․ էր «Մի լավ բիզնես-պրոյեկտ էլ ես հուշեմ՝ փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»։ Ինչի համար հետո ստիպված ներողություն խնդրեց։ Ինչպես նաև նրա, որ կապույտ հազից մահացած երկու ամսական երեխայի մասին գրել էր. «Աստված է (աթեիստ Թորոսյանը) պատժել ընտանիքին»։ Իսկ այժմ հեքիաթների մասին։ Մի տեսակ օրինաչափ է, որ Արսեն Թորոսյանը սիրում է ոչ թե Հովհաննես Թումանյանի, հայ ժողովրդական և շատ այլ հեքիաթներ, այլ Շառլ Պիեռոյի հեքիաթները։ Դրանցում քողարկված ու չքողարկված դաժանությունն է, թերևս պատճառը, որ Շառլ Պիեռոյի հայրենիքում՝ Ֆրանսիայում ժամանակ առ ժամանակ մասնագիտական շրջանակները քննարկում են Պիեռոյի հեքիաթները երեխաների համար նախատեսված գրականությունից հանելու հարցը։ Ավելին՝ Պիեռոյի մշակած ժողովրդական հեքիաթների օրիգինալ տարբերակներում արդեն անթաքույց դաժանություն է, սեքս ու անգամ՝ կանիբալիզմ։ «Կարմիր գլխարկի» ՝ ժողովրդական տարբերակում փայտահատ փրկիչներ չկան, և  իր իր թեթևամտության համար պատժվում է ոչ միայն Կարմիր գլխարկը, այլև տատիկը, «Կապույտ մորուքը», որի նախատիպը գրականագետների մի մասի կարծիքով  ֆրանսիացի արիստոկրատ Ժիլ դե Ռեն է, մյուս մասի՝անգլիական թագավոր Հենրիխ 8-րդն է սպանում ու իր դղյակի սենյակներից մեկում է պահում իր կանանց, «Էշի կաշին»՝ արքայադուստրը հայրական պալատից հեռանում է սեփական հոր՝ թագավորի սեռական ոտնձգությունների պատճառով, իսկ «Քնած գեղեցկուհուն» ոչ թե համբուրում են, այլ բռնաբարում։ Իսկ հետո նրա մարդակերների ցեղից սերված սկեսուրը որդուց պահանջում է իր թոռներին։