Ես կարծում եմ, որ այդ հանդիպումներին միանալու է նաև վարչապետ Փաշինյանը

Ես կարծում եմ, որ այդ հանդիպումներին միանալու է նաև վարչապետ Փաշինյանը

Սեպտեմբերի 22-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԼՂ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշվել է շարունակել հանդիպումները, ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ: Այս հանդիպման մասին զրուցել ենք նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, երեկ տեղի ունեցած հանդիպման պատճառը Հայաստանում տիրող օրհասական իրավիճակն է: Հասարակության մի ստվար զանգված մեծ հույսեր էր կապում նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպման հետ, սակայն նրանք դեռևս որևէ հստակ հայտարարություն կամ կոչ անգամ չեն արել: Այս հանդիպումը Ձեր կարծիքով` ինչի՞ մասին էր:

- Եկեք արձանագրենք, որ այդ հանդիպումն ինքնին մեծ իրադարձություն էր Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այդ իրադարձության հիմքում իմ պատկերացմամբ ընկած է մի շատ պարզ թեզ, այն է, որ Հայաստանի և Արցախի պետականությունները հայտնվել են կործանարար սպառնալիքի տակ: Հայաստանի գործող իշխանությունների գործողությունների, կամ անգործության արդյունքում երկիրը ծանրագույն իրավիճակի է հասել: Մարդիկ, որոնք մեծ ավանդ ունեն պետականության ձևավորման հարցում, հանդիպել են և քննարկել օրախնդիր հարցեր: Հայ Առաքելական եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի պահպանման հենասյունը, պահպանել մեր ինքնությունը, այսօր պետք է ասեր իր խոսքը: Սա պատմական հանդիպում էր, լուրջ առաքելություն ունեցող սուբյեկտները նստել են մի սեղանի շուրջ: Տարօրինակ կլիներ, որ նման բարդ պայմաններում այսպիսի հանդիպում տեղի չունենար: Նման պատմական դեմքերը չպետք է անհաղորդ մնան Հայաստանից: Կարելի՞ էր արդյոք ենթադրել, որ մեկ հանդիպմամբ բոլոր տեսակ կնճիռները հարթվելու են, կլինեն դրանք օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Ինչպե՞ս կարող է մեկ հանդիպումը լուծել նման տեսակ լուրջ խնդիրները: Հանրության մոտ պետք չէ անիրականանալի սպասելիքներ ձևավորել, դա սխալ է, տանում է փակուղի, ավելին` կարող է արժեզրկել այդ ամենը: Պետք է ընդամենը երևույթը կարևորել և սպասել զարգացումներին, առավել ևս, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կրկին հանդիպել: Ես համոզված եմ, որ այդ ֆորմատը ժամանակի ընթացքում կարող է ինստիտուցիոնալ միտք ձևավորել: Նման հանդիպումներից անհաղորդ մնալ չի կարող գործող իշխանությունը: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ հարգանքով կվերաբերվի այս հանդիպմանը: Դա կարող է լինել և իր համար օգտակար և հանրային կյանքի:

- Նախկին նախագահների քաղաքական տարաձայնությունները, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չեն: Ի վերջո, նման իրավիճակում նրանք ի՞նչ կարող են անել Հայաստանի Հանրապետության համար: Նույն արցախյան հարցի հետ կապված առաջին նախագահի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար անընդունելի է:

- Եկեք ֆիքսենք, որ Հայաստանում և Արցախում այսօր որակապես լրիվ այլ իրավիճակ է: Սեղանին դրված է երկու հայկական պետությունների գոյաբանության խնդիրը: Այս պայմաններում ես չեմ կարծում, թե նախկին նախագահների մոտեցումները կարող են արմատապես տարբերվել: Խոսքն արտաքին սպառնալիքներին դիմագրավելու մասին է: Ես գոնե այդպես եմ հասկանում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, վաղուց բոլոր տեսակի խնդիրները լուծված կլինեին:

- Ինչպե՞ս եք պատկերացնում նախկին նախագահների գործողությունները: Ի՞նչ պետք է անեն նրանք այսօր, որ չեն անում: Օրինակ, 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, որ նախկին նախագահները պետք է միավորվեն և բացառեն, որ նրանցից որևէ մեկը կարող է ղեկավարել Հայաստանը, այդ կերպ կտապալվեր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

- Դա էլ լուծում էր: Արդյո՞ք այդ լուծումն այսօր սպառել է իրեն, ես այդ կարծիքին չեմ: Դուք բերեցիք մի օրինակ, որը կարող լուծում դառնալ: Եթե վերցնենք նախագահ Քոչարյանի հանդիպումն իր համակիրների հետ և որոշ դրվագներ դիտարկենք, ապա կփաստենք, որ հանրային կյանքում կա ընկալում, որ հավակնոտ քայլերի գնալու անհրաժեշտություն չկա: Տարբեր լուծումներ կարող են լինել: Ես այն կարծիքին եմ, որ այդ հանդիպումներին միանալու է նաև վարչապետ Փաշինյանը: Դա շատ ճիշտ քայլ կլինի թերևս:

- Կարծում եք նա կգնա՞ այդ քայլին:

- Իհարկե, խոսքը պետության մասին է, ոչ թե իր անձի: Եկեք հասկացնենք նրան ինչն ինչոց է: Ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս կարող է Փաշինյանն անտարբեր լինել: