Չենք պահում «լեւի» դատապարտյալներ

Չենք պահում «լեւի» դատապարտյալներ

Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին լրագրողները մեջբերեցին իրավապաշտպանների հայտարարությունը, որ ՔԿՀ-ներում չեն վերացել «զոն նայողները», անհավասար պայմանները։ Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հարց ուղղեց, թե ինչու լրագրողները չեն ճշտում այդ տեղեկությունների աղբյուրները, պրոֆեսիոնալ լրագրողը պետք է ճշտի աղբյուրը։ «Մենք «լեւի» դատապարտյալներ չենք պահում, մենք ունենք թվակազմ։ «Կարմիր խաչ»-ի, ՄԻՊ-ի ներկայացուցիչները մտնում են խցեր, տեսնում, որ չկա խուց, որտեղ մեկ ավելի անձ է քնում մեկ մահճակալին։ Վերացրել ենք դատապարտյալների հաշվին խցերի վերանորոգումը, նպատակ ունենք վերացնել անհավասարությունը ՔԿՀ-ներում»,-տեղեկացրեց Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի, վարչապետի եւ ԱԱԾ պետի հեռախոսազրույցների հայտնի ձայնագրություններին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա շանտաժ է, դրանք արվել են կոնկրետ նպատակներով, եւ քանի դեռ չեն բացահայտվել այն անձինք, ովքեր արել են ձայնագրությունները , մենք բոլորս պոտենցիալ զոհեր ենք։ Լրագրողները քանիցս հարցեր ուղղեցին նախարարի պաշտոնակատարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ազատ արձակման, նորից կալանավորման մասին, այն մասին, թե որքանով են անկախ դատավորները։ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ պետական մարմինները պարտվում են դատարաններին, ինչը նորմալ երեւույթ է ժողովրդավարական երկրներում։

Նա տեղեկացրեց նաեւ, որ մեր երկրում 100 հազար բնակչի հաշվով դատավորների քանակը երեք անգամ պակաս է։ Նա ձեռնպահ մնաց անդրադառնալ նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների մասին հարցին․ նշեց միայն, որ նրա, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործերը նախաքննության փուլում են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է նախնական կալանքը, իսկ արդարադատության նախարարը միայն դատապարտված անձանց գործով կարող է կարծիք հայտնել։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Գյումրիում վերջերս սպանված Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով, նրանով, թե որտեղ է պահվում նրան սպանած ռուս զինծառայողը։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ որեւէ տեղեկատվության չի տիրապետում, եւ այդ հարցի հասցեատերը գլխավոր դատախազությունն է։ Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրների է բախվել Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարար նշանակվելուց հետո, որոնք մինչ այդ, որպես իրավապաշտպան, իրեն տեսանելի չէին։ «Կան խնդիրներ, որոնք տեսանելի չեն նույնիսկ համակարգի ներսում աշխատած անձանց համար, քանի որ այդ խնդիրները նորացվում են։ Իսկ պաշտոնատար անձը հասու է լինում ինֆորմացիաների, որոնք հասու չեն իրավապաշտպաններին»,- ասաց Արտակ Զեյնալյանը։