Խաղադրույքները դրված են, պարոնայք

Խաղադրույքները դրված են, պարոնայք

Դեռ նախորդ իշխանությունների ժամանակ բազմաթիվ անգամներ է նշվել Հայաստանի առողջապահության ոլորտում կոռուպցիայի տարածվածության, բնույթի, դրա հաղթահարման ճանապարհների մասին։ Ստանձնելով մի շարք պարտավորություններ միջազգային զանազան կազմակերպությունների առջեւ, որքան էլ որ նախկին իշխանությունները ճպճպում էին կոռուպցիայի մեջ, այնուամենայնիվ, ցուցաբերեցին այնքան քաղաքական կամք եւ պատասխանատվություն, որ հայտարարեցին եւ ստանձնեցին առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրման եւ դրանց չեզոքացման ծրագրերի մասին:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը առողջապահության ոլորտը հայտարարեց առավել կարեւոր թիրախային ոլորտներից մեկը: Հսկայածավալ հետազոտություններ ու աշխատանք կատարվեցին՝ իրականացվեց կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրություն: Դրանց որոշակի մասը, հասարակական կազմակերպությունների եւ անկախ փորձագետների համառ պնդումներից հետո, կառավարության 2018 թ․ հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման հավելված 3-ով  հաստատվեց, միաժամանակ հաստատվեցին նաեւ դրանց չեզոքացման ծրագրերն ու կատարման ժամկետները: Ծրագրերի կատարմանը հանրության ավելի գործուն մասնակցությունն ապահովելու նպատակով, նույնիսկ ստեղծվեց կառավարության հատուկ պաշտոնական կայքէջ։


Տեղի ունեցավ հեղափոխությունը: Թվում էր, թե ամեն ինչ կարվի այդ կոռուպցիոն ռիսկերի վերացման, դրան ուղղված չեզոքացման ծրագրերի կատարումն օր առաջ իրականություն դարձնելու ուղղությամբ: Սակայն տեղի ունեցավ ամենաանկանխատեսելին ու ամենասարսափելին: Կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի կատարման մոնիթորինգի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն առողջապահական ծրագրերի միայն 2-3 %-ն է կատարվել:

Այսինքն՝ լիակատար անպատժելիություն է տիրել նոր չինովնիկների մոտ: Կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնայնություններից մեկը հայտարարած իշխանությունը որեւէ լուրջ փոփոխություն, ծրագրեր կյանքի չի կոչել: Որեւէ բարձրաստիճան չինովնիկ այս վիճակի համար պատասխանատվության չի ենթարկվել: Ինչ կա, մնացել է նույնը, այսինքն՝ եթե նախկինում այդ կոռուպցիոն մեխանիզմները ծառայում էին նախկին իշխանություններին, դրանք նույն ձեւով մնացել ու ծառայում են ներկաներին:


Այս ամենից հետո ճառեր արտասանել կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ առնվազն ձեռառնոցի է: Ուղղակի «օգտատերերի» փոփոխություն է տեղի ունեցել:
Եվ, ահա, դրա տրամաբանական շարունակությունը․ առողջապահության նախարարի հուլիսի 2-ին տրված հարցազրույցը, որը տեղադրված է Ֆեյսբուքում:

Հաղորդման 22 րոպե 50 վայրկյանից սկսած՝ նախարարը հստակ հայերենով պնդում եւ հաստատում է,  որ իրենց կողմից ստուգվել են խոշոր բժշկական կենտրոնները, եւ համակարգված կոռուպցիա չի եղել, այսինքն՝ նախորդ իշխանությունների ժամանակ առողջապահության ոլորտում համակարգված կոռուպցիա չի եղել: Առողջապահության նախարարը միանգամից հերքեց թե՛ ռիսկերի առկայությունը եւ թե՛ կոռուպցիայի առկայությունն առհասարակ, թեեւ ՀՀ կառավարության ծրագրում առաջնահերթություններից մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ուղղակի եւ աներկբա նշված է կոռուպցիայի դեմ պայքարը՝ ընդունելով, որ նախկին իշխանությունների ժամանակ եղել է համակարգված կոռուպցիա տնտեսության բոլոր ոլորտներում։ Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ արդեն առողջապահության ոլորտում իշխանությունների պայմանավորվածությունները նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ կայացել են: Ի՜նչ կոռուպցիա… ի՜նչ բան…

Ставки сделаны, господа…