Հանրությունը մանրադիտակի տակ է պահում Հանրայինին

Հանրությունը մանրադիտակի տակ է պահում Հանրայինին

Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 15-ին, ժամը 22։00-ին խախտել է եթերային ցանցը, այսինքն՝ հաղորդումների նախապես որոշված ժամանակացույցը։ Նախօրոք հայտարարված մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Ֆրանսիա-Չեխիա խաղը, որի ցուցադրությունը, ըստ ծրագրի, պետք է սկսվեր 22։00-ին, ուշացել է։

Դրա փոխարեն այդ ժամին եթերում դեռ լուրերն էին, որոնց մասն են կազմում Պետրոս Ղազարյանի հարցազրույցները։ Այդ օրը Պետրոսի հյուրն Աննա Հակոբյանն էր, որը, տարբեր գնահատականներով, 10-20 րոպե ուշացումով է ավարտել իր խոսքը։ Արդյունքում ֆուտբոլի անհամբեր երկրպագուները մի քանի րոպե ավելի են սպասել՝ հընթացս իրենց զայրույթից ազատվելով ֆեյսբուքյան էջերում։ Միջադեպի մասին գրեցին ԶԼՄ-ները՝ նկատելով, որ ֆուտբոլասերներն իրենց խաբված են զգացել եւ այլն։

Մեզ ավելի շատ հետաքրքրեց միջազգային առաջնության հեռարձակման ժամանակ խախտումներ թույլ տալու համար սահմանված պատասխանատվության հարցը։ Արդյոք Հանրային հեռուստաընկերությունը տուգանք չի՞ վճարել խաղն ուշ սկսելու համար, ինչն ավելի մեծ վնաս կհասցներ հարկատուներին, քան ֆուտբոլասերների մի քանի րոպե ավելի սպասելն է։ Հ1-ի տեխանձնակազմից հեղինակավոր աշխատակիցներից մեզ անանուն բացատրեցին, որ այս խաղն ուղիղ եթերում չէր հեռարձակվում, եւ այս դեպքում հեռարձակման ուշացման համար տուգանք սահմանված չէ։

«Մենք ունենք խաղեր, որոնք ուղիղ պետք է ցույց տանք, կան խաղեր, որոնք կարող ենք ցուցադրել «զապիսով»։ Եթե ուղիղի ժամանակ նման չեպե լիներ, հաստատ տուգանք կվճարեինք, մի րոպե էլ անգամ չէինք խախտի, լուրերը եթերից կհանեինք, բայց չէինք խախտի։ Բայց այս դեպքում ուշացման համար տուգանք սահմանված չէ»,- ասաց աղբյուրը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանեց․ «Ժամի խախտումը տուգանք չի նախատեսում»։ Այս ամբողջ աղմուկի մեջ կա ուրախացնող հանգամանք՝ հանրությունը մանրադիտակի տակ է պահում Հանրայինին։