Ընդդիմադիր բևեռի բեռը մնացել է մեր ուսերին․ Գորգիսյան

Ընդդիմադիր բևեռի բեռը մնացել է մեր ուսերին․ Գորգիսյան

Ուրբաթ Փարիզում անցկացված ԵԽԽՎ մոնիթորինգի նիստին որոշվեց, որ Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը չի դադարեցվելու, ինչի առաջարկն արել է «Լուսավոր» Հայաստանը ներկայացնող Էդմոն Մարուքյանը։

Ոմանք դա կապում են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, դեռևս՝ ղեկավարի Արփինե Հովհաննիսյանի լոբբինգի հետ։ Ոմանք, սակայն, մոնիտորինգի պահպանումն, այնուամենայնիվ, պայմանավորում են հետընտրական Հայաստանում 70 տոկոս հավաքած քաղաքակական ուժին՝ «Իմ քայլին» լուրջ այլընտրանքներ և ընդդիմություն չլինելու,և, այլակարծության բացակայության վտանգով։

«Հրապարակը» դրա և իրական ընդդիմություն դառնալու անհրաժեշտության մասին զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորընտիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ։ Պատասխանելով հարցին, թե փորձելո՞ւ են ավելի ընդդիմադիր կեցվածք ունենալ՝ պետության իմունիտետը բարձրացնելու համար, Գորգիսյանն ասաց․ «Մենք ավելի ընդդիմադիր լինելու որևէ խնդիր չունենք, որովետև մենք եղել ենք և մնալու ենք փաստացի միակ ընդդիմությունը։ Ցավոք, բայց այդպես է, որովհետև ԲՀԿ-ն՝ նույն Ծառուկյանի դեմքով հայտարարեց, որ իրենք չեն պատկերացնում իրենց ընդդիմանալը Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրան պետք է օգնել»։

Սա Գևորգ Գորգիսյանը համարում է ապաքաղաքական մոտեցում և արձանագրում, որ նրանք ընդդիմություն լինելու համար են ստացել մեկ երրորդի չափով ընդդիմության համար նախատեսված մանդատների մի մասը։ «Բայց սրանով հանդերձ, չեն պատրաստվում ընդդիմանալ, ինչպես անում էին Հանրապետականի ժամանակ։ Այսինքն՝ այդ ընդդիմադիր բևեռի բեռը մնացել է մեր ուսերին, բայց մենք պատվով դա կկրենք, որովհետև որևէ իշխանություն մեր վրա երբեք չի ունեցել և չունի լծակներ»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը։

Նա հավաստիացնում է, որ ինչպես 1-5-2 տարի գործել են, այնպես էլ շարունակելու են։ Հիշեցնենք, որ վերջին 1․5 օրվա մեջ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև բնավ ոչ ֆեյքային պատերազմ է, որ ժամանակ կողմերը միմյանց անվանում են՝ էլ մանրադրամ, (լուսավորյալ մանրադրամ), էլ հանցագործ, էլ «քրեաօլիգարխ», «նստածներ» ունեցող խմբակցություն, էլ նորագույն պատմությունից փաստեր են բերվում, թե ով իրականում ալերգիա ունի հեղափոխության շնչից։

Անուշ Դաշտենց