Շարմազանովյան զեփյուռներ

Շարմազանովյան զեփյուռներ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը կարդալուց հետո որոշեցի մի անսովոր հոդված գրել, այնքան անսովոր, որ Շարմազանովի գրառումից բթացած մարդիկ միտք աշխատեցնեն: Եվ եթե այս հոդվածից զարմանան նաեւ հանրապետականները, ես ինձ միանգամայն բավարարված կզգամ:

Սկսեմ այնտեղից, որ իշխանափոխված, բայց տակավին երիտասարդ հանրապետականները գլխներին եկածից հետո էլ չեն փորձում ճիշտ գնահատել իրավիճակը եւ հանգիստ նստել տեղները: Դրա ամենավառ վկայություններից մեկն էլ այն է, որ, օրինակ, պարոն Շարմազանովը պարոն Փաշինյանի մասին խոսելիս ասում է` «Նիկոլը»: Ես չեմ ասում, թե դա տգեղ է: Ավելին ասեմ` ՀՀ հպարտ քաղաքացիները Նիկոլին շատ սիրելուց են այդպես դիմում: Բայց Շարմազանո՞վը…
Գնանք առաջ․ Փաշինյանի հասցեին քննադատությունները շատացել են վերջերս: Կարելի է ասել` ով չի ալարում, օրական մի քննադատական ստատուս է ձոնում վարչապետին ու իր թիմին: Նույնիսկ Էդմոն Մարուքյանն է զորաշարժի մեջ եւ հասցրել է կարգին քամիներ անել: Փաշինյանին բավականին բուռն քննադատում են նաեւ երիտհհկականները, թեեւ կուսակցության ավագները խոհեմաբար լռում են: Լսած կա՞ք, որ Գալուստ Սահակյանը քննադատի Փաշինյանին, հետն էլ` Նիկոլ ասի: Ես չեմ լսել: Իմ կարծիքով` քաղաքականության մեջ տարիքը, առհասարակ, խիստ վճռորոշ գործոն է: Տարիքը շնորհքով քաղաքական գործչին շնորհք է ավելացնում: Բացառություններ էլ են լինում, իհարկե, բայց այսօր դրանց մասին չենք խոսի: Փաշինյանին հիմնական քննադատողների շարքում են, ինչպես արդեն ասացի, երիտհանրապետականները, որոնք, սակայն, դրա նույնիսկ տեխնիկական իրավունքը չունեն:

Զարմանալի մարդիկ են երիտհանրապետականները: Եղբայր, Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցել է Փաշինյանին, դուք եկել, Փաշինյանի՞ն եք քննադատում: Ձեր բացականչությունները, թե՝ «այ Նիկոլ ջան, հանգստացիր, դու արդեն իշխանություն ես», միանգամայն հասկանալի են, բայց հենց սկսում եք քննադատել Փաշինյանի քաղաքական գիծը, ամեն ինչ խառնվում է իրար: Առաջին հարցը, որ ծագում է այդ պահին, սա է` Սերժ Սարգսյանը երբ ասում էր` «Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի», չգիտե՞ր ով է Նիկոլը, ում «ձիանոցից» է փախել, ինչ քաղաքական գիծ է վարելու, որքանով է ընդունակ տնտեսություն ու երկիր զարգացնելու, ժողովուրդ պահելու, ինչու ոչ՝ նաեւ ոչխար պահելու: Սերժ Սարգսյանը, բնականաբար, գիտեր այդ ամենը, իսկ դուք չգիտեի՞ք: Բա ԱԺ-ում ինչո՞ւ դեմ չքվեարկեցիք: Մարդ չունեի՞ք, թե՞ մտածում էիք` որ Սերժ Սարգսյանն ասել է` Նիկոլը ճիշտ է, ուրեմն` «վսյո»:
Եվ ուրեմն` «վսյո», պարոն Շարմազանով, չի կարելի Սերժ Սարգսյանի նկարը կախել պատից ու քննադատել Նիկոլ Փաշինյանին:

Ձեր վերջին գրառման հետգրությունը, օրինակ, ես այսպես կխմբագրեի. «Պարոն Սարգսյան, Դուք այս պոպուլիստին ինչո՞ւ բերեցիք եւ վարչապետ կարգեցիք մեր գլխին, մի՞թե չգիտեիք, որ…», եւ մնացածը՝ ինչպես բնագրում․ «պոպուլիզմը պետք է տեղ չունենա իշխանության մեջ»: Ես սա կհասկանայի, պարոն Շարմազանով, եւ այս ոչ սովորական հոդվածը չէի գրի: Այսկերպ Դուք կնպաստեիք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ պատկերացներ իրավիճակը եւ, այո, հեռանար, որովհետեւ «կա՛մ ինքն է մոլորության մեջ, կա՛մ ժողովրդին է մոլորեցնում: Այլապես հիմա Փաշինյանը մտածում է` արա, էս երիտհանրապետականները «կայֆի» կտոր են եւ դեռ չեն «ջոկել», որ ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա, որ մինչեւ քայլ չանեն եւ Սերժ Սարգսյանի «բարդույթը» չհաղթահարեն, այլեւս չեն կարողանալու իրենց զգալ «կապույտ եզրաշերտով» ափսեի մոտ:

Շարմազանովը գրել է. «Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։ ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ եւ բաց տեքստով խոսում է տարածքներ՝ խաղաղության դիմաց ձեւակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երեւանում ուղերձ է հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիեւը շարունակաբար սպառնում է Արցախին եւ Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ եւ նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը»:

Այ պարոն Շարմազանով ջա՛ա՛ա՛ն, այ քո ցավը տանե՛ե՛ե՛մ, մենք այս ամենը շատ լավ գիտենք, այս մասին ինչ էլ դատել ենք, դատել-վերջացրել ենք, դու այս ամենը գնա, Սերժ Սարգսյանին ասա,  թե չէ օրնիբուն հոլովում ես` Նիկոլը, Նիկոլի, Նիկոլին, Նիկոլից, Նիկոլով, Նիկոլի մեջ… Հոգնեցինք: Մեռանք ասելով` ժողովուրդն իր համար, «միամիտ տանը նստած` հաց ու սոխ կուդեր, մեգ էլ շըրը՛ը՛ը՛խկ, շուշեն ջարդին, թե հեղափոխություն է, դուս էգեք»: Պատահաբար այդ հեղափոխության տպավորությունների տակ չե՞ք, պարոն Շարմազանով: Եվ քանի որ դա հենց այդպես է, այդ Դուք եք Ձեր «ստատուսներով» մոլորեցնում ժողովրդին, որպեսզի այս «թավշյա» տրագիկոմեդիան ապահովագրեք վերջնականապես բացահայտվելուց:

ՀԳ. Պարոնայք Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլոր ՀՀԿ-ականներին եւ մի քիչ էլ Նիկոլ Փաշինյանին` հիշեցման կարգով: Բանն այսպես է եղել` Լեւոնը ծնեց Ռոբերտին, Ռոբերտը ծնեց Սերժին, Սերժն էլ, վախ, վախ, վախ, ՀՀԿ-ում ծնելու մարդ չկար, ծնեց Նիկոլին: «Վսյո»: Թե չէ հեղափոխությո՛ւն, իշխանափոխությո՛ւն… Այ հիմա, ինչպես Շարմազանովը կասեր, դատեք ինքներդ: