Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի նախկին եւ ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեցին: Այս որոշման դեմ տասնյակ քաղաքացիներ ընդվզեցին եւ այժմ փակել են Գայի պողոտան՝ երթով շարժվելով Ազատության հրապարակ:

Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանից դուրս է եկել Քոչարյանը: ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել է, որ դատախազությունն այս որոշումը չի կարող բողոքարկել: Ալումյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ փոխանցեց․ «Ակտը կստանանք, վերջնական կորոշվի, սակայն ելնելով նախնական կալանքի անհրաժեշտության վերաբերյալ մեր արդեն իսկ արտահայտված դիրքորոշումից, ըստ ամենայնի կբողոքարկվի»:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: