Երեւանի դպրոցներում առցանց հերթագրվել է 9700 երեխա․ շատ են բողոքները

Երեւանի դպրոցներում առցանց հերթագրվել է 9700 երեխա․ շատ են բողոքները

Մայիսի 15-ից, առավոտյան ժամը 9-ից,  գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։ Այդ համակարգը բաց է լինելու անընդհատ։ 
«Հրապարակ»-ն արդեն տեղեկացրել է, որ համակարգը ներդրած Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը եւ կրթության եւ գիտության նախարարությունը հայտնվել են ծնողների «ռմբակոծության» տակ, որովհետեւ համակարգը հարթ չի գործել, եղել են խափանումներ եւ մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է եղել։ 

Առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմի մասին հավելյալ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի հետ։ 
Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն Երեւանի տարբեր դպրոցներում առցանց հերթագրվել է 9700 երեխա։ Մոտ 22 դպրոց էլ ծանրաբեռնված է, հերթագրման տեղ չունեն։ Ըստ Արտակ Պողոսյանի՝ այդ դպրոցներից են Երեւանի թիվ 71, 192, 135, Պուշկինի անվան, Խ․ Աբովյանի անվան թիվ 2 դպրոցները։

«Կան բողոքներ, սակայն դրանց թիվն ամփոփված չէ։ Դիմումները հղում են կրթության եւ գիտության նախարարություն։ Ծնողները բողոքում են այն բանից, որ չեն հասցրել իրենց երեխային հայտագրել ցանկացած դպրոցում։ Բողոքում են նաեւ այն բանից, որ իրենց երեխաներից մեկը սովորում է տվյալ դպրոցում, եւ իրենք չեն հասցրել իրենց մյուս երեխային էլ հայտագրել նույն դպրոցում»,- նշեց Արտակ Պողոսյանը։ Երեւանում այս համակարգի փորձարկումը եթե հաջողվի, ապա այն կիրառվելու է նաեւ մարզերում։ 
Հարցին, թե եթե այդ համակարգը չարդարացնի, ապա վերադառնալո՞ւ են նախկինին, Արտակ Պողոսյանը արձագանքեց․ «Մենք համարում ենք, որ համակարգը կայացած է եւ շարունակելու է գործել»։  

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտարարել էր, որ Երեւանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի փորձարկումը մեկ հիմնական նպատակ ունի՝ բոլոր երեխաների համար ապահովել դպրոցի ընտրության հավասար պայմաններ։ Նաեւ նշել էր, որ համակարգը բացառելու է կոռուպցիոն ռիսկերը։ 
Արտակ Պողոսյանը հաստատում է, որ որեւիցե տնօրեն չի կարողացել միջամտել դպրոցի հայտագրման պրոցեսում, ինչն էլ կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքարի մեխանիզմներից  մեկն է։

«Նախորդ տարիներին կային դպրոցներ, որտեղ ծնողը նույնիսկ սեպտեմբերին մոտենում էր դպրոցի տնօրենին՝ մյուս սեպտեմբերի համար հերթագրելու երեխային, իրեն ասում էին՝ տեղ չկա, բայց հետո, ինչ-ինչ պատճառներով պարզվում էր, որ տեղեր, այնուամենայնիվ, գոյություն ունեն։ Երկրորդը՝ հնարավոր չէ, որ այս համակարգով հինգ տարեկան երեխան ընդունվի առաջին դասարան։ Երրորդը՝ դասարանների խտությունը կկանոնակարգվի»,- համակարգի առավելությունները թվարկեց ԿՏԱԿ-ի տնօրենը։
Իսկ առցանց հերթագրման մեխանիզմից դուրս մնացած երեխաները կհաճախեն հարակից դպրոց։ 
«Երեւանում կա 150 դպրոց, եւ ծնողը կարող է կատարել ընտրություն»,- ասաց Արտակ Պողոսյանը։ 
Իսկ առայժմ ուսումնասիրում են բողոքները, որպեսզի ԿԳՆ-ն որոշի, թե ինչ քաղաքականություն է իրականացնելու։ 

Արտակ Պողոսյանը բերում է հետխորհրդային երկրներից Ղազախստանի օրինակը, որտեղ նույնիսկ ընդունելությունը դպրոց տեղի է ունենում էլեկտրոնային համակարգով, նաեւ փաստաթղթերն են այդ կերպ ներկայացնում։ Իսկ դա, ըստ նրա, սահմանափակում է տնօրենի միջամտությունը, կոռուպցիոն ռիսկերը։