Գյումրին խո՞րթ է, թե՞…,ի՞նչ կպատասխանի կառավարությունը ավագանուն

Գյումրին խո՞րթ է, թե՞…,ի՞նչ կպատասխանի կառավարությունը  ավագանուն

Գյումրու ավագանին վերջին նիստին կարևոր որոշում կայացրեց:Ընդունվեց 4 ծրագիր իրականացնելու նախագիծը, որի   իրագործման համար ՀՀ կառավարությունից ակնկալվում է  մոտ կես մլրդ դրամի սուբվենցիա : Ծրագրերի ընդհանուր ծախսը 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ է:Համայնքապետարանը ծախսի կեսից ավելին իր վրա է վերցնում: Ինչպիսի՞ն կլինի կառավարության արձագանքը, կհատկացնե՞ն այդքան գումար Հանրապետության երկրորդ քաղաքին, թե՞ ոչ, կիմանանք, երբ ավագանու որոշումը հայտնվի կառավարության սեղանին: Գյումրեցիների խոսքերով՝ Գյումրին խորթ է, խորթ երեխայի կարգավիճակում է այսօր: 

 Ներկայացնենք այն 4 ծրագրերը, որոնց իրականացումը  քաղաքի համար անհրաժեշտություն են: 
Առաջինը վերաբերում է քաղաքի ասֆալտապատմանը, փողոցների վերանորոգմանը: Գյումրիում այդպես էլ փողոցների վերանորոգումն ավարտին չի հասցվում: Չնայած համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ վերանորոգման փուլում են, այնուամենայնիվ  ներթաղամասային փողոցներ կան, որոնք չափազանց անմխիթար վիճակում են: Գյումրու համայնքապետարանի և «Լոջիստիք ԷՖ ԹԻ ԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2018 թվականի փետրվարի 21-ին կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ համայնքապետարանը պետք է իր ջանքերը գործադրի «Շիրակ» օդանավակայանից դեպի լոգիստիկ ԱՏԳ տանող ավտոճանապարհի կառուցումն ապահովելու համար:Հիմնանորոգվելու է նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող տարածքը՝ 5800 քառ. մ ընդհանուր մակերեսով, որը ավելի բարեկարգ կդարձնի հուշահամալիրի ընդհանուր տեսքը:Այս ծրագրի համար անհրաժեշտ է 515.550.000 դրամ, որից  231.997.500 –ը  համաֆինանսավորման տեսքով ներդնելու է համայնքը: 

Երկրորդ ծրագիրը քաղաքի  փոխադրամիջոցների լուծման հարցն է, այն կաթվածահար վիճակում է, եւ առաջնային ու  անհապաղ լուծում պահանջող խնդիրներից մեկն է:Խնդրի միակ լուծումը տրանսպորտային ցանցի արդիականացումն է: Ծրագրի իրականացման արդյունքում հնամաշ միկրոավտոբուսները կփոխարինվեն նոր ավտոբուսներով: Համայնքը պատրաստ է 2018թ.  խնայած միջոցներից մոտ 250 մլն դրամ ներդնել ծրագրի իրականացման համար, որի  արդյունքում համայնքը կունենա 37 նոր ավտոբուսներ,  75 հատ «Սմարթ կանգառ», որոնք համաձայն նախնական պայմանավորվածության կտրամադրեն ներդրողները՝ տրանսպորտային ցանցի շարժակազմերի արդիականացման դեպքում: Ծրագրի արժեքը 499 միլիոն 715 հազար 200 դրամ է:
 
Երրորդ՝ 45 միլիոն   արժողության ծրագրով   համայնքը ձեռք է բերելու   1 նոր էքսկավատոր-ամբարձիչ, որը կօգտագործվի խոշոր եզրաչափի շինարարական աղբի մաքրման և բարեկարգման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այս ծրագրի իրագործման համար համայնքը ներդնելու է 22.500.000 դրամ: 

Վերջին ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքի պատմության թանգարանի,  կենտրոնական գրադարանի և պատկերասրահի նոր տարածքի վերանորոգմանը: Ծրագրի արժեքը  կազմում է 100.000.000 դրամ, որից  60.000.000-ը   ներդնում է համայնքը:  Գյումրի քաղաքի պատմության թանգարանի հավաքածուները 19-20դդ. են, որոնց  քանակը անցնում է 6000-ը: Ներկայումս  այս ժառանգությունը պահվում է 2 տարբեր  տարածքներում, որտեղ չկան համապատասխան պայմաններ ցուցադրության համար:

Նշենք, որ անմխիթար վիճակում է գտնվում նաև  Գյումրու «Կենտրոնական գրադարանը»:  Այն տեղակայված է վթարային շենքում, որտեղ քայքայված կտուրի պատճառով փայտե առաստաղը արդեն իսկ գոգավորվել է, իսկ պատուհանները՝ քայքայվել: Գրքային ֆոնդի պահպանման համար չկա համապատասխան պայմաններ: Գյումրիում չկա գյումրեցի նկարիչների նկարների ցուցադրման սրահ: Սա ևս խիստ կարևոր և անհրաժեշտ պայման է քաղաքն ավելի ներկայանալի դարձնելու գործում:Ծրագրով նախատեսվում է վերանորոգել ավելի քան 1600 քառ. մետր տարածք, որտեղ կգործի Գյումրու պատմության թանգարանը, կենտրոնական գրադարանը և գյումրեցի նկարիչների գործերի ցուցասրահը: