Արագածոտնի մարզպետը տեղակալին հորդորել է՝ «գնացեք ընդդիմություն խաղացեք»

Արագածոտնի մարզպետը տեղակալին հորդորել է՝ «գնացեք ընդդիմություն խաղացեք»

Երկուշաբթի օրը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ հենց սկզբում հայտարարել, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ԲՀԿ-ական փոխմարզպետ Արծվիկ Նիկողոսյանն ազատված է աշխատանքից: Լուրն անակնկալ է եղել նաեւ ԲՀԿ-ական փոխմարզպետի համար։ Մարզպետը միայն խորհրդակցությունից հետո է հարկ համարել իր մոտ կանչել եւ հորդորել, որ ազատման դիմում գրի, սակայն Նիկողոսյանն անդրդվելի է մնացել ու հրաժարվել է կատարել վերադասի հրահանգը։ Նա շարունակում է սովորականի պես աշխատանքի գնալ։ Բայց նրա ու մարզպետի հարաբերությունները գրեթե սառեցված են։

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական փոխմարզպետը նման իրավիճակում է հայտնվել նաեւ ամիսներ առաջ։ Երբ Նիկոլ Փաշինյանն «ԱԺ կանոնակարգ» օրենքի հայտնի նախաձեռնության պատճառով որոշեց հրապարակային դատաստան տեսնել ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նկատմամբ՝ հրապարակում գուժելով այս ուժերի նախարարների եւ մարզպետների  ազատման բոթը, քանի որ կարծում էր, որ նրանք հակահեղափոխություն են ծրագրում։ Այդ ժամանակ էլ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետներից մեկն է որոշել  ինքնագործունեություն ծավալել եւ ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ «տուն ուղարկել» նաեւ ԲՀԿ-ական փոխմարզպետին։

«Ինձ ամիսներ առաջ էլ կանչեցին, ասացին, որ քաղաքական որոշում կա, եւ պետք է հեռանաս, ես էլ ազատման դիմում գրեցի, բայց հետո պարզվեց, որ մեր վարչապետը չընդունեց իմ դիմումը, եւ ես շարունակեցի աշխատանքս»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը ու հիմնավորեց նաեւ, որ հենց ոչ վաղ անցյալի պատմությունը հաշվի առնելով է, որ հրաժարվում է ազատման դիմում գրել․ «Այո, ես հրաժարվում եմ գրել ու այդ մասին ասել եմ նաեւ մարզպետին։ Երբ մեր վարչապետը հրաման կստորագրի, որ ես ազատված եմ, ես սիրով կգրեմ ազատման դիմում, բայց հիմա ես չգիտեմ՝ մարզպետը վարչապետի տեղն իրավունք ունի՞ խոսելու, որ հանձնարարել է։ Ինչո՞ւ պիտի ես գրեմ»։

Փոխմարզպետի խոսքով՝ Դավիթ Գեւորգյանը նշանակման օրից մարզպետարանում վախի մթնոլորտ է տարածում եւ սպառնում է ազատել ենթականերին․ «Ով դուրը չի գալիս, ասում է՝ հրաժեշտ կտանք»։ Թե ինչու է հայտնվել իր վերադասի թիրախում, նա վարկածներ ունի։ Դրանից մեկն այն է, որ միգուցե մարզպետին դուր չի եկել, որ ինքը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին, որի ժամանակ «Իմ քայլից» թեկնածություն էր առաջադրել նաեւ մարզպետը։ 

- Ինձ ասաց, որ ԲՀԿ-ի մանդատով բոլոր փոխմարզպետներն ազատվելու են, գնացեք ընդդիմություն խաղացեք։

- Խաղացե՞ք։

- Դե, եղեք, էլի։

- Դուք շարունակում եք աշխատանքի գնալ, իսկ հանձնարարականներ ստանո՞ւմ եք։

- Ինձ առաջին օրվանից էլ հանձնարարական չի տվել, առաջին օրը նշանակվեց, երկրորդ օրվանից իմ ոլորտների կեսը վերցրեց ինձնից, բայց մի հատ չհարցրեց էլ, ես հաջորդ օրն իմացա, որ հրամանը ստորագրել է, այդ բոլոր ոլորտները դրել ուրիշ փոխմարզպետների վրա, իմ վրայից հանել է։ Խոսքը քաղաքաշինության ոլորտի մասին էր, որի մեջ ներառված է ճանապարհաշինություն, տրանսպորտ։ Ես հիմա սպասարկում եմ գյուղատնտեսությունը, արտակարգ իրավիճակները եւ այլն։

- Ձեր հարաբերություններն ի սկզբանե՞ հարթ չեն եղել։

- Ես չգիտեմ, մի անգամ, երբ ինքը տարածքային կառավարման նախարարի տեղակալ էր, ես փոխմարզպետի պաշտոնում մասնակցել եմ քննարկման, հրատապ հարց կար տանիքների բյուջեի հետ կապված, աղետալի վիճակներ, կարկուտ եւ այլն։ Այդ քննարկման ընթացքում ես ի պաշտոնե պնդում էի, որ ժողովուրդն ինձ է սպասում, որ օգնություն տանեմ՝ էդ աղետալի վիճակից ելնելու համար։ Այնտեղ աշխատանքային բանավեճ տեղի ունեցավ, հետո հնգօրյա դասընթացներ կազմակերպվեցին ՊՆ-ում՝ «Շանթ-2018»-ի շրջանակներում, այնտեղ էլ մի քիչ բանավիճեցինք ու հետո եկավ մարզպետ ու այդպես։

- Բայց մյուս կողմից՝ ԲՀԿ-ն այլեւս նոր կառավարության մաս չի կազմում, խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, ձեր կուսակցության հետ չե՞ք քննարկել, միգուցե իրենք այլեւս նպատակահարմար չե՞ն գտնում, որ շարունակեք։

- Ես չեմ խոսել, էլի եմ կրկնում՝ եթե կա նման պայմանավորվածություն, վարչապետը հրամանագիր կստորագրի, ես պաշտոնից կառչած չեմ, ամբողջ ամառ արտակարգ իրավիճակներով եմ այստեղ աշխատել, կարողացանք բոլոր համայնքներին ջուր հասցնել։