Ճշմարտության փնտրտուք
Դատարանների դռներն արգելափակելու եւ դատավորներին իրենց աշխատատեղեր չթողնելու ակցիան, անշուշտ, անիմաստ էր եւ անօրինական։ Բայց այն մի կարեւոր դեր խաղաց՝ բարձրացրեց մի թեմա, հրահրեց մի բանավեճ, որը, մեծ հաշվով, օգտակար է մեր երկրին, պահանջված է, ակտուալ է, անգամ՝ օրախնդիր։ Դա դատական համակարգի կայացման, անկախության, առհասարակ՝ լիարժեք եւ անառարկելի արդարադատության իրականացման գաղափարն է։ Այսպես ասած՝ դիսկուրսը, որի նպատակը նորմալ, քաղաքակիրթ եւ արդար դատարաններ ունենալն է։
Այդ ակցիայի արդյունքում մեր հանրությունը դեմքով շրջվեց դեպի դատական համակարգ եւ սկսեց հետաքրքրվել՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, ինչպե՞ս անել, որ իրավիճակը շտկվի, ի՞նչ ճանապարհով է քաղաքակիրթ հանրությունը հասել իրական դատական անկախության եւ գրագետ ու արդար դատական ակտերի կայացման հանգրվանին։ Իհարկե, դիսկուրսի մասնակիցների գիտելիքները թերի են, պատկերացումները՝ խեղաթյուրված, ակնկալիքները՝ տարբեր։
Բայց վեճի, խոսակցության, քննարկումների արդյունքում է ծնվելու ճշմարտությունը։ Եվ սա հանրորեն օգտակար վեճ է։ Մարդիկ նոր տերմիններ են յուրացնում, համացանցում տեղեկություններ փնտրում վեթթինգի եւ անցումային արդարադատության մասին։ Դատավորները սկսել են խոսել եւ անգամ հայտարարություններ տարածել։ Թող որ՝ թույլ ու անորոշ, սեփական շահը եւ համակարգային հետաքրքրությունները չգիտակցող, բայց սա ճանապարհի սկիզբն է։ Այս դիսկուրսի ընթացքում կհայտնվեն նաեւ գիտակ մարդիկ, կհնչեն խելացի խոսքեր, կնշմարվեն իրական ուղիներ՝ արդար ու անկախ դատական համակարգ ձեւավորելու ճանապարհին։ Սրանից պետք չէ խուսափել։ Եվ ամեն դեպքում պետք է շնորհակալ լինել Նիկոլ Փաշինյանին, որը՝ հախուռն ու անմտածված, բայց հանրությանը մղում է մտածելու, փնտրելու։
Կարծիքներ