Չես կարող բոլորի կողմից ընդունված լինել․ Արսեն Ջուլֆալակյան

Չես կարող բոլորի կողմից ընդունված լինել․ Արսեն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսկ երեկվանից արդեն դե յուրե ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին հարցրինք, թե մոտակա 5 տարիների համար ի՞նչ ծրագրեր ունի, ինչպե՞ս է աշխատելու խորհրդարանում․

«Պատկերացնում եմ շատ հագեցած, շատ ծանրաբեռնված։ Գիտեք՝ նշել եմ, որ պետք է սպորտի հետ 2-ն էլ միասին բարձր որակով առաջ տանեմ, և դա ենթադրում է շատ ծանրաբեռնված աշխատանք։ 2 հանձնաժողովում եմ հայտ ներկայացրել, որովհետև այդպես էլ առաջարկվել էր ըստ մասնագիտությունների․ մեկը արտաքին հարաբերություններ, մյուսը՝ սպորտ , մշակույթ, կրթություն, գիտություն, սփյուռք։ Ամենայն հավանականությամբ հենց 2-րդում եմ կլինեմ։ Օրենսդրական մակարդակով բազմաթիվ բացեր կան հենց սպորտին վերաբերող, որոնք փորձելու եմ հնարավորինս արագ, սեղմ ժամկետում կյանքի կոչել։ Հուսով եմ, որ թիմս ևս կաջակցի, որ այն ամենը, ինչի մասին այսքան տարի խոսել ենք, իրականություն դարձնենք օրենքի մակարդակով։ Դա վերաբերում է և՛ Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացմանը, որը հիմա ժամանակավոր փակված է, դա վերաբերում և՛ մարզիկների առողջական ապահովագրությանը, օլիմպիական չեմպիոնների, աշխարհի չեմպիոնների թոշակներին․․․ մի խոսքով շատ են, խնդիրները շատ են թե՛ սպորտում, թե՛ մնացած բնագավառներում։ Նախագծերը կան սաղմնային վիճակում, պետք է արդեն կյանքի կոչենք»,- «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ ասաց Ջուլֆալակյանը։

- Երբ Դուք առաջադրվեցիք, շատերը թերահավատորեն մոտեցան, որ Դուք կարող եք խորհրդարանական գործունեություն ծավալել, քանի որ Ձեզ մշտապես տեսել էինք սպորտի բնագավառում։ Ի՞նչ եք անելու այդ կասկածները ցրելու համար։

-Չեմ համաձայնի, որ շատերը։ Կար մի խումբ հասարակության մեջ, որ բոլորի թեկնածության համար էլ չէր ընդունում, բայց, իհարկե, չես կարող բոլորի կողմից ընդունված լինել։ Ամենակարևորն այն է, որ թե՛ շրջապատը, թե՛ մասնագետները, ովքեր ինձ անմիջական ճանաչում են և շփվել են ինձ հետ, գիտեն իմ գիտելիքները, գիտեն իմ կարողությունները՝ թե՛ որպես միջազգայնագետ, թե՛ սպորտի բնագավառում։ Այդ առումով գրեթե լիահույս եմ, որ հաջողելու ենք։

- Ձեզ կարո՞ղ ենք տեսնել ներքաղաքական որևէ պրոցեսի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս կամ ելույթ ունենալիս։

-Ինչ վերաբերում է ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, ապա, բնականաբար, եթե թիմի մաս ես, դու պետք է այդ թիմի պատասխանատվությունը կիսես։ Իսկ արտաքին քաղաքականությունը իմ մյուս մասնագիտությունն է, և, ելնելով մասնագիտությունից, պետք է կարծիքներ հայտնես։ Այնպես որ 2 ուղղությամբ էլ լինելու է աշխատանքը, միայն սպորտով չեմ սահմանափակվելու։