Երվանդ Վարոսյանը նույնպես հրաժարվեց իր ներկայացրած հայցից

Երվանդ Վարոսյանը նույնպես հրաժարվեց իր ներկայացրած հայցից

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հայտարարությանը, որում նշված էր, որ ինքն իր հայցն ընդդեմ Վարոսյանի ետ է վերցնում։ Փաստաբանը, մասնավորապես, գրել է. «Կարդացի Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը իմ դեմ ներկայացված հայցից հրաժարվելու, առկա իրավական խնդիրները քննարկելու ու լուծումներ գտնելու մասին։

Չնայած այս հայտարարությանը նախորդել էր հայցային «փոխհրաձգություն», կարող եմ փաստել, որ եթե հայտարարված դիրքորոշումը հանգեցնի իմ կամ շահագրգիռ այլ անձանց կողմից բարձրացված հարցերի արդյունավետ քննարկմանն ու լուծմանը, ապա բոլորս հաջողած կլինենք։ Հետայսու ևս շարունակելու եմ բարձրաձայնել իմ կողմից նկատված յուրաքանչյուր խնդիր և դա անելու եմ, ինչպես միշտ, մեկ նպատակով` քննարկման առարկա դարձնելու, ապա լուծելու այդ խնդիրը։ Հայկ Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է իր կողմից նախկինում ինձ ուղղված որոշ սուր գնահատականներին և նշել, որ ցավում է, եթե դա վիրավորական երանգ է պարունակել։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում նրա դեմ դատարան ներկայացված հայցս արդեն ինքնանպատակ է դառնում, ուստի ինքս էլ կխնդրեմ ներկայացուցչիս հրաժարվել ներկայացված հայցից»։

Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։

Ի պատասխան նրան՝ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերությունում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման 2018թ. մարտի 28-ից: Դրանից հետո Հայկ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ զրպարտության համար։ Ավելի ուշ Վարոսյանը եւս քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ ԲԴԽ անդամի։ Նա այդ որոշման մասին գրել էր. «Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված»։