Հանրայինը սկսել է «սերժացնել» Նիկոլին

 Հանրայինը սկսել է «սերժացնել» Նիկոլին

«Հ1-ն իշխանությունը փչացնելու անգերազանցելի տաղանդ ունի: Ամենաճիշտ կառավարությունը տուր ձեռները, տես մի քանի օրում ոնց են ոչնչացնում»,- ասաց ծանոթներիցս մեկը՝ վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը, որը, նրա տպավորությամբ՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշը գցելու կուրս է վերցրել:

«Չէի ասի՝ դիտավորյալ են անում, անում են այնպես ու այնքան, ինչպես ու որքան կարողանում են: Տպավորությունն այնպիսին է, ասես ոչ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում: Ես նորմալ եմ վերաբերվում, որ Հանրային ալիքը «Լուրերի» թողարկումներում առանցքային տեղ է հատկացնում կառավարության ու վարչապետի գործունեությանը: Բայց նորմալ չէ, երբ փորձում են «ֆետիշացնել» Նիկոլ Փաշինյանի անձը. ուր գնաց, ում հետ գնաց, որտեղ ճաշեց, որ թատրոնում ինչ ներկայացում դիտեց, ընտանիքը հե՞տն էր, թե՞ հետը չէր…»։

Զրուցակցիս կարծիքով՝ «Նիկոլին սկսել են սերժացնել»: Այնքան են տարվել վարչապետին հաճոյանալու մտքով, որ Քաղաքացու օրը եթերը «նվիրել» էին նրան: «Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում մի տոն էլ ավելացավ: Ինքս էլ եմ մասնակցել դրան, որովհետեւ քաղաքացի լինելու իրավունքը վաստակել եմ մեկ տարի առաջ՝ ճանապարհ ու փողոց փակելով, ծեծվելով, ոստիկանական բաժանմունքներում ժամեր մաշելով: Քաղաքացու օրն ընկերներով խորոված էլ ենք արել, բայց մինչ ուտել-խմելը, հոտնկայս շնորհավորել ենք Քյարամ Սլոյանի ծնունդը: Իսկ երեկոյան, երբ «Լուրերի» գլխավոր թողարկումն էի նայում, ոչ մի բառ այդ հերոս տղայի մասին չլսեցի: Բա անհարմար չէ՞: Հ1-ի համար տոնն այնքան գերակա էր, որ ստվերե՞ց Քյարամին, եթերաժամն այնքան սուղ էր, որ հերոսին շնորհավորելու մի քանի վայրկյանը շռայլությո՞ւն համարեցին… Բայց չէ՞ որ Սլոյանն ու մնացած տղաները մի վայրկյան չերկմտեցին, երբ իրենց կյանքն էին շռայլում, որ խաղաղ ապրենք, որ Քաղաքացու օր ունենանք»: