Կհանդիպեն ԱՄՆ-ու՞մ

Կհանդիպեն ԱՄՆ-ու՞մ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություններ՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ԱՄՆ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»- թվիթերյան գրառում է արել Ջոն Բոլթոնը:

 Ուշագրավ է, որ Դավոսում Հայաստանի վարչապետի եւ Սդրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումից հետո Բոլթոնը հեռախոսազրույց էր ունցել Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո Հայաստանի վարչապետն ասել էր, թե Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, սակայն, ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է: Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ կարգավորման Լավրովի պլանին փոխարինելու է գալիս Բոլթոնի պլանը: Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան կարգավորման յուրօրինակ մոտեցում ունի, որը խարխսվում է կողմերի միջեւ տնտեսական նախագծերի իրականացման միջոցով վստահության մթնոլորտի ձեւավորման եւ այնուհետեւ քաղաքական հարցերի քննարման հայեցակարգի վրա:

Դատելով արձագանքներից՝ ադրբեջանական կողմը պատրաստ չէ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության՝ քաղաքական համաձայնություններից առաջ եւ պնդում է, որ առաջնային է «օկուպացված տարածքների» խնդիրը:

Ադրբեջանական կողմը չի բացառել, որ փետրվարին կարող է տեղի ունենալ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում: Տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների օրակարգով: Փորձագիտական շրջանակները հակված են ենթադրելու, որ ամեն ինչ արվում է Փաշինյան-Ալիեւ արդեն պաշտոնական բանակցություններ կազմակերպելու համար:

Եւ եթե կողմերի հետ շփումներ առավել ակտիվ է Միացյալ Նահանգները, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ պաշտոնական բանակցությունների մեկնարկը կարող է տրվել ԱՄՆ-ում: